
Լուսանկարը՝ Reuters լրատվական գործակալության
«Դպրոցական կրթությունը զարգանում է, երբ քաղաքական առաջնորդները, կուսակցությունները, աշխատանքային միությունները և հասարակական շարժումները կրթությունը ներառում են երկրի պատկերացումների մեջ»,– ընդգծված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ մոնիտորինգի զեկույցում։
Առանձին անդրադարձ կա ներառականության խնդիրներին։ Հայաստանը և Մոլդովան համեմատվում են մի շարք այլ երկրների հետ։ Հայաստանի հատուկ դպրոցներում, ըստ զեկույցի, հատուկ կարիք ունեցող երեխաների թիվը 75% –ով նվազել է 2015–2023 թվականների կտրվածքով, իսկ հիմնական դպրոցներում նրանց թիվը կրկնապատկվել է։ Մոլդովայում նույն ժամանակահատվածում հատուկ դպրոցներում հաշմանդամություն ունեցող սովորողների թիվը կրճատվել է կիսով չափ, հիմնական դպրոցներում նրանց թիվը նույնպես կրճատվել է՝ կապված բնակչության թվի ցուցանիշների հետ։
Ըստ զեկույցի, Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների գնահատման գործընթացը բարեփոխվել է: 2017 թվականին հիմնվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ ավելի քան 20 տարածքային ստորաբաժանումներով: Կենտրոնի մանդատն է բարձրացնել կրթության հասանելիությունն ու արդյունավետությունը՝ մասնակցելով իրավունքների պաշտպանությանը, մասնագիտական վերապատրաստումներին և մոնիթորինգային գործունեությանը։
Հայաստանի վերաբերյալ առանձին հատվածում զեկույցում նաև նշվում է․ «Չնայած նշանակալի ջանքերին և 2025 թ․ ներառական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակին մոտենալուն, որոշ երեխաներ, ըստ հաղորդումների, արդեն իսկ գրանցված լինելով դպրոցներում, դեռ մնում են տանը: Որոշ ուսուցիչներ զանգում կամ այցելում են նրանց՝ ապահովելու գրագիտության և հանրահաշվի հիմունքների ուսուցում, իսկ երբեմն նաև անցկացնում են քննություններ: Տնային ուսուցումը օրինական է՝ առողջական պատճառներով: Սակայն շատ աշակերտներ կրթության միայն սահմանափակ ձև են ստանում երկարաժամկետ, և նրանք չեն կարող օգտվել հիմնական կրթական ու սոցիալական փոխազդեցությունից իրենց հասակակիցների հետ», – Human Rights Watch –ի՝ 2017 թվականի գնահատականն են հիշեցնում զեկույցի հեղինակները:
ՅՈՒՆԵՍԿՕ–ի այս զեկույցի հիմքում կրթության վիճակի համադրությունն է՝ նախորդ տասնամյակների խնդիրների համադրությամբ։ Ուստի, լայնորեն անդրադարձ կա ներառականությանը։ Ըստ զեկույցի, ներառականության հետ կապված խնդիրները բազմազան են: «Նախ, հիմնական հոսքի դպրոցները լիովին պատրաստ չեն եղել այս անցմանը»,– ընդգծում են զեկույցի հեղինակները և մեջբերում վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ 2024 թվականին հաշվարկվել է՝ առնվազն յուրաքանչյուր չորրորդ հանրակրթական դպրոցի շենք վերանորոգնման կարիք ունի:
Զեկույցում շեշտադրվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2018–2021 թվականներին՝ ներառական կրթության որակը բարձրացնելու նպատակով ֆինանսավորել է նախագիծ, մասնավորապես՝ առնվազն 100 կրթական հաստատություն հասանելի դարձնել և ապահովել ուսումնական նյութերով։ Մինչդեռ, ըստ զեկույցի, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ կարող են լինել դասասենյակում, սակայն նրանց լիարժեք հասանելի չի դառնում ուսումնական ծրագրի արդյունավետությունը: Զեկույցում կրկին հիշատակվում է Human Rights Watch–ի՝ 2017 թվականի գնահատականը, որ նրանց կրթությունը հաճախ սահմանափակված է՝ մասնագետների պակասի պատճառով։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի զեկույցում մեջբերված է երեխաներին հիմնական դպրոցից հանելու և անհատական ուսուցման ճանապարհը նախընտրելու՝ 2020 թվականի վկայակոչումը: Նշվում է դասավանդման նյութերի՝ հասանելի կամ բավարար չլինելու հանգամանքների, բրայլյան դասագրքերի պակասի մասին Human Rights Watch–ի 2021 թվականի գնահատականը: Բացի այդ՝ 2023 թվականի Միջազգային մաթեմատիկայի և գիտության 4-րդ դասարանների ուսումնասիրության (TIMSS) տվյալները, ըստ որոնց՝ բնագիտական առարկաների դասավանդումը որոշ չափով տուժել է նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների համար ռեսուրսների պակասից:
Զեկույցում Հայաստանում ներառականության խնդիրների թվարկումը հասնում է նաև մասնագետների պակասին:
Թեև 2020 թվականին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է մասնագիտական զարգացման ծրագրեր ավելի քան 4 000 մասնագետի համար 250-ից ավելի հաստատություններից և իրականացրել խորհրդատվություն, այնուամենայնիվ, զեկույցում շեշտվում է 2024 թվականի տվյալը, որ ոչ բոլոր ուսուցիչներն են զարգացրել անհրաժեշտ իրազեկվածություն և մոտեցում:
Ներառականության հայաստանյան խնդիրների չորրորդ կետը զեկույցում ուսուցիչների օգնականների անբավարար լինելն է։ Սա դեռ 2017–ի Human Rights Watch–ի գնահատականն է։ «Ուսուցիչներն ասել են, որ ավելի շատ օգնականներ են անհրաժեշտ, որպեսզի դասավանդումն ու ուսուցումը ավելի ներառական դառնան»,– 2024 թվականի գնահատականն է մեջբերում ՅՈՒՆԵՍԿՕ – ի զեկույցը։
Եվ այս խնդիրների պայմաններում որոշ ընտանիքներ շարունակում են լինել սկեպտիկ ներառման նկատմամբ: «Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, հատկապես ծանր դեպքում, հակադրվում են իրենց երեխաների կրթությանը հիմնական դպրոցներում՝ պատճառաբանելով, որ նրանց ոչ բավարար աջակցություն է տրամադրվում»,– UNICEF–ի՝ 2022 թվականի գնահատականի վկայակոչմամբ է նշված զեկույցում:
Ամփոփելով Հայաստանի վերաբերյալ հատվածը, զեկույցի հեղինակները նշում են, որ 2025–ի տվյալներով, կառավարությունը հաստատել է մոտ 9 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում կրթական հաստատությունների վերանորոգման և արդիականացման համար ամբողջ երկրում: Զեկույցում ներառված է նաև նախարարության մտադրությունը՝ ավելացնել ուսուցիչների օգնականների հաստիքները, որպեսզի սովորողների 10%-ը ևս կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցությունը:



























































