
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Փետրվարի 13-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Կարեն Անտաշյանի «Լավ պրծա» գրքի շնորհանդեսը։
Գիրքը բանաստեղծ Կարեն Անտաշյանի առաջին արձակ ժողովածուն է՝ վավերագրական հուշագրությամբ։ Հեղինակը ներկայացրել է իր սերնդի կենսագրության գրավիչ ու հետաքրքիր մանրամասները՝ ամեն քայլափոխի ցավը ծիծաղով հաղթահարելու և պարզ կենցաղային թվացող իրավիճակին անհատական, հասարակական, հոգևոր շերտերով նայելու փիլիսոփայությամբ։
Գրողը կարճապատումների միջոցով արտահայտում է վերաբերմունք կյանքի բարդությանը, միևնույն ժամանակ երբեմն անտրամաբանական, բայց զվարճալի արկած թվալուն, որից, փաստորեն, կարելի է նաև «լավ պրծնել»։

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Գրքի շնորհանդեսը վարող Քրիստինե Արմենակյանը փոխանցեց իր տպավորությունը․ «Եթե մինչև հիմա Կարենը գրական դաշտում հայտնի էր իր 5 բանաստեղծական գրքերով, այսօր Կարենը ներկայանում է որպես արձակագիր։ Զանազան կյանքային իրավիճակներ, են, որոնք պատահում են դրանց անպատրաստ մարդուն։ Եվ այս տեքստերի մեջ, որոնք շատ հակիրճ են, կարող եք տեսնել այդ անպատրաստ մարդու շփոթվածությունը, անհարմարությունը, ճիշտ կողմնորոշվելու ինստրուկցիայի բացակայությունը»։
Քրիստինե Արմենակյանի գնահատմամբ, յուրաքանչյուր հաջորդ կարճապատումը շատ ավելի զավեշտալի և հետաքրքիր է։
Ինչո՞ւ «Լավ պրծա»
Կարեն Անտաշյանը պատասխանեց ընթերցողների հարցին, թե ինչպես է ընտրել ժողովածուի վերնագիրը։
«Գրքի շապիկի մոդելը հուշում է, որ «լավ պրծնելը» իրոնիկ է»,– ասաց Կարեն Անտաշյանը և ավելացրեց․ «Նախ, բոլոր պատմվածքների դրամատուրգիայի մոդելն է և վերջաբանն է՝ միշտ լավ է պրծնում»։
Գրքի հերոսների շարքում են Կարեն Անտաշյանի շրջապատի մարդիկ, որոնք գրքի ընթերցմամբ կարող են բացահայտել նաև իրենց համար (որոշ դեպքերում) դեռ անհայտ ներգրավվածությունը՝ բովանդակության մեջ։
Զվարճացնել պատմելով
Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
Հարց հնչեց շարադրանքի ընտրության վերաբերյալ։ Կարեն Անտաշյանի բացատրությամբ, անմիջական խոսքը, առանց ավելորդ գրողական հնարանքերի, ամենահետաքրքիրն ու զվարճալին է։ Գրողը հիշեցրեց, որ իր սերնդի մարդիկ ինչ ասես, որ չեն տեսել՝ սովետ, սովետի փլուզում, կյանքը ինտերնետից առաջ և հետո, արհեստական բանականություն և այլն․ «Ի վերջո, բոլորս նույն ռիլերն ենք թերթում»,– ծիծաղելով ասաց գրողը։
«Լավ պրծա»՝ հյուր գնալիս
Տեսանյութը՝ ՄՀԿ-ի
Գիրքը կարդացած և շնորհանդեսին մասնակցածները որոշել են հյուր գնալիս տարաբնույթ կոնֆետների փոխարեն հենց «Լավ պրծա» կարճապատումների ժողովածուն տանել։ «Բոմբոներկայի» փոխարեն։


























































