
Լուսանկարը՝ Աբհեջիթ Կումարի
Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը կիրակի՝ փետրվարի 1-ին, «Բյուջե 2026»-ի իր ելույթում կրթության կարևորությունը ներկայացրեց հմտությունների և ստեղծարար տնտեսության զարգացման շղթայի համատեքստում։
Նախարարի գնահատմամբ, երկրի համար առաջնային է աշխատուժի պահանջարկի բավարարումը, բարձրագույն կրթության կարողությունների ընդլայնումը և կանանց համար կրթության հասանելիության աստիճանի բարձրացումը։
Անիմացիայի, վիզուալ էֆեկտների, խաղերի և կոմիքսների ոլորտի արագ աճին արձագանքելով՝ կառավարությունը մտադիր է մինչև 2030 թվականը հատկացնել շուրջ 2 միլիոն մասնագետ։ Կենտրոնական կառավարությունը հայտարարել է Մումբայի Ստեղծարար տեխնոլոգիաների հնդկական ինստիտուտին աջակցելու ծրագրի մասին՝ երկրի 15,000 միջնակարգ դպրոցներում և 500 քոլեջներում թվային բովանդակություն ստեղծողների լաբորատորիաներ հիմնելու համար։
Հանրակացարաններ
Հայտարարելով ուսանողների բարեկեցությանը միտված խոշոր նախաձեռնության մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ յուրաքանչյուր շրջանում կկառուցվի մեկ աղջիկների հանրակացարան։
Նախատեսվում է նաև 5 համալսարանական ավան ստեղծել՝ նույն տարածքում կառուցելով նաև քոլեջներ, հետազոտական հաստատություններ, հմտությունների կենտրոններ և բնակելի ենթակառուցվածքներ։ Սիթհարամանի խոսքով՝ դրանք կձևավորեն ինտեգրված կրթական էկոհամակարգեր՝ կապված տեղական արդյունաբերության պահանջարկի հետ։
Դիզայնի ինստիտուտ
Դիզայնի ոլորտի աճող պահանջարկին ի պատասխան, Սիթհարամանը հայտնել է, որ արևելյան Հնդկաստանում «մրցութային ուղիով» կստեղծվի Դիզայնի ազգային նոր ինստիտուտ։
Առաջարկվող ինստիտուտը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանի դիզայնի կրթությունն ու կարողությունները, ինչպես նաև լրացնել դիզայնի պաշտոնական կրթության հասանելիության բացերը՝ գործող կենտրոններից դուրս։
Կրթության և աշխատաշուկայի կապի հանձնաժողով
Ֆինանսների նախարարը նաև առաջարկել է ստեղծել բարձր մակարդակի մշտական հանձնաժողով՝ կրթության, զբաղվածության և ձեռնարկատիրության միջև կապը ամրապնդելու համար՝ հատուկ շեշտադրելով ծառայությունների վրա հիմնված աճը։
«Սա մեզ կդարձնի ծառայությունների ոլորտում գլոբալ առաջատար՝ մինչև 2047 թվականը ապահովելով համաշխարհային շուկայի 10 տոկոս բաժին», – ասել է Սիթհարամանը։
Հանձնաժողովը, ըստ նախարարի, պետք է սահմանի աճի, զբաղվածության և արտահանման օպտիմալացման առաջնահերթ ոլորտները, կգնահատի նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, ազդեցությունը աշխատատեղերի և հմտությունների պահանջների վրա և համապատասխան առաջարկություններ կներկայացնի։
























































