
Լուսանկարը՝ UNICEF-ի
«Դպրոցի առաքելությունը մարդու բնավորության ձևավորումն է» – այս միտքն է արտահայտել կրթության ոլորտի փորձագետ, պրոֆեսոր Ֆիլ Քամինսը Մանչեսթերում կայացած համաժողովում։ Նրա խոսքերը համարձակ են հատկապես այն առումով, որ կրթական համակարգերն ավելի ու ավելի են կենտրոնանում քննությունների արդյունքների, վարկանիշային աղյուսակների և չափելի հմտությունների վրա։
Սակայն Քամինսի միտքը նորություն չէ. դարեր շարունակ կրթության խորքային նպատակը եղել է մարդու՝ որպես առաքինի և բարոյապես կայուն էակի ձևավորումը։ Դեռևս հին հունական փիլիսոփայությունը՝ ի դեմս Պլատոնի, Ցիցերոնի, Արիստոտելի, կրթությունը պատկերացնում էին որպես բնավորության ձևավորման գործընթաց։ Արիստոտելը մասնավորապես համոզված էր, որ մարդու կյանքի բարձրագույն նպատակը «մարդկային բարեկեցությունն» է, որին հնարավոր է հասնել ոչ թե հաճույքի փնտրտուքով, այլ առաքինությամբ և գործնական իմաստությամբ։
Այս մոտեցումը վերածնվեց նաև 19-րդ դարում, Բրիտանիայում՝ հատկապես արդյունաբերական բարեփոխումների շրջանակում, երբ դպրոցները ոչ միայն գիտելիք էին փոխանցում, այլ նաև ձգտում էին ձևավորել արժանապատիվ և կարգապահ անհատներ։
Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսից կրթությունը սկսեց ընկալվել առավելապես որպես տնտեսական գործիք․ ուսումնական համակարգերը դարձան հարթակներ՝ աշխատանքի շուկայում մրցունակ կադրեր պատրաստելու համար։ Այս անցումը արժեքային կրթությունը հետզհետե մղեց երկրորդ պլան։
Վերջին տասնամյակներին, հատկապես զարգացող «բնավորության կրթության» շարժման շրջանակում, փորձ է արվում կրթությունը վերադարձնել պատմական նպատակակետին։
Նորագույն կենտրոնները՝ օրինակ, Բիրմինգհեմի համալսարանը, զարգացնում են մոդելներ, որտեղ բնավորությունը ոչ միայն տեսական հասկացություն է, այլ ուսուցման, փորձառության և ինքնաճանաչման ակտիվ գործընթաց։
Քննությունները կարող են օգնել աշխատանք գտնել, սակայն բնավորությունն է, որ օգնում է ապրել իմաստավորված կյանք։
«Բնավորություն» բառը՝ հին հունարեն kharaktēr-ը, նշանակում է փորագրված նշան, կնիք, բնութագրող հատկանիշ։


























































