
Լուսանկարը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ հարցերին՝ կապված Տավուշի դպրոցներում սովորող 9-րդ դասարանցիների՝ որպես ավարտական քննություն գրած էսսեների հետ:
Քանի որ նախորդ գրությամբ նախարարությունը միայն նշել էր, որ առկա է 2023-2024 ուսումնական տարվա էսսեի ձևաչափով գրված քննությունների արդյունքների վերաբերյալ վերլուծություն, կրկին խնդրել էինք տրամադրել նյութերը: Ըստ ԿԳՄՍ նախարարության պատասխանի, «ՀՀ Տավուշի մարզի 58 դպրոցների «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների ինտեգրված ավարտական քննությունների արդյունքների համառոտ ամփոփմամբ՝ (343 սովորողների տվյալներով) երկու առարկաներում էլ գերակշռում է միջին գնահատականների միջակայքը՝ 17-18 միավոր: Սա նշանակում է, որ ընդհանուր գիտելիքների մակարդակը բավականին բարձր է, և սովորողների զգալի մասը կարողանում է բավարար կամ գերազանց կերպով կիրառել իրենց իմացությունները»:
Նախարարությունը գրավոր պատասխանի մեջ նշել է. «Ցածր գնահատականները (1-4 միավոր) քիչ են, բայց նկատելի են: Այս արդյունքները ցույց են տալիս, որ որոշ սովորողներ դժվարություններ ունեն հիմնական գիտելիքների յուրացման մեջ։ Հենց այս խմբին է անհրաժեշտ առավել նպատակային աջակցություն տրամադրել»։
ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնական գրությամբ հայտնել է, թե «պատմությունից մոտ 18%, իսկ գրականությունից մոտ 18.5% սովորող ստացել է 19-20 միավոր։ «Սա վկայում է այն մասին, որ երկու առարկաներում էլ ձևավորվել է կայուն գերազանցողների խումբ, ինչը կարևոր է ընդհանուր կրթական որակի գնահատման և առաջադեմ սովորողների պոտենցիալի բացահայտման համար»,- գնահատումէ նախարարությունը և մեկնաբանում. «Արդյունքները ցույց են տալիս, որ Տավուշի մարզի սովորողների մեծ մասը ցուցաբերում է բավարարից բարձր իմացության մակարդակ և ունակ է արդյունք ապահովել ավարտական քննություններում։ Միևնույն ժամանակ առկա է նաև աշակերտների մի խումբ (մոտ 13-15%), որոնք ունեն լուրջ ուսումնական բացեր։ Սա հուշում է, որ անհրաժեշտ է շարունակական աշխատանք իրականացնել այդ խմբի հետ՝ լրացուցիչ դասընթացների, անհատական խորհրդատվությունների և նպաստավոր կրթական միջավայրի միջոցով»։
mediaforedu.am-ը վկայակոչելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության N 02/09.1/16073-2025 գրությունը, հիշեցրել էր, որ, ըստ պաշտոնական պնդման, 2023-2024 ուսումնական տարվա էսսեների վերլուծության արդյունքներով՝ Տավուշի մարզում անցկացված էսսեի ձևաչափով ավարտական քննություն հանձնող մասնակիցների միջին միավորը եղել է 11,96, իսկ ստանդարտ շեղումը՝ 4,5։ Խնդրել էինք հստակեցնել՝ այս շեղումը ի՞նչ է նշանակում:
Նախարարության պատասխանը հետևյալն է. «Ստանդարտից շեղում ասվածը նշանակում է, որ եթե սովորողների միջին գնահատականը եղել է 11․96 և ստանդարտ շեղումը եղել է 4․5, ապա սովորողների գնահատականները միջինում +- 4․5 միավորով տատանվում են 11․96 միջակայքում։
Այսպես՝
11․96 – 4․5 = 7.46
11․96 + 4.5 =16.46
Այսինքն՝ սովորողների մեծ մասը ստացել է գնահատականներ 7․5 – 16․5 միջակայքում։
Ինչ վերաբերում է միջին գնահատականների շեղմանը, նշում ենք, որ այս փուլում հստակ սպասելիքներ դեռ չկային, քանի որ էսսե գրելու հետ կապված գործընթացը հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր էր և առաջին անգամ էր իրականացվում։ Այդ պատճառով գնահատականների տատանումները բնորոշ են փորձնական փուլին և դրանք վերլուծվում են հետագա անելիքների և գործընթացի բարելավման նպատակով»:
Հաջորդ հարցը վերաբերում էր 2 տարի անընդմեջ Տավուշում գրված էսսեների վերլուծությամբ ի հայտ եկած պատկերների համեմատությանը: Նախարարությունը գրել է, որ 2023-2024 ուսումնական տարվա արդյունքների բովանդակային վերլուծության հետ համեմատությամբ 2024-2025 ուսումնական տարվա արդյունքների հետ էական տարբերություն չի նկատվել:
ԿԳՄՍ նախարարությունը նաև պարզաբանել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) կարգավորումների համաձայն՝ մինչև Հանրակրթության պետական նոր չափորոշչի (այսուհետ՝ ՀՊՉ) ներդրումը 1–3 գնահատականը համարվում է «անբավարար» գնահատական: Սակայն ՀՊՉ-ի ներդրմանը զուգահեռ՝ ներկայում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-11-րդ դասարաններում «անբավարար» գնահատական գոյություն չունի։ Այսինքն, ավարտական էսսեում աշակերտները ստանում են միայն բավարար կամ ավելի բարձր գնահատական:
Ըստ նախարարության, «ՀՀ Տավուշի մարզի 58 դպրոցների «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների ինտեգրված ավարտական քննությունների արդյունքների հիման վրա 343 սովորողի համար կատարված վերլուծության արդյունքներով՝ 1–4 գնահատական ստացած սովորողների տոկոսը փոքր է (≈13–15%): Երկու առարկաներում էլ սովորողների մեծամասնությունը ցուցաբերել է միջին և բարձր մակարդակի գիտելիքներ և հմտություններ, ինչը փաստում է ուսուցման արդյունավետության մասին»:
Հ.Գ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարզաբանման առնչությամբ մասնագիտական գնահատականները՝ առաջիկայում:

























































