
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Չնայած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրված ֆինանսական միջոցներին, պաշտոնական փաստաթղթերով արձանագրվել են խնդիրներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին անդրադարձել է եղել դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։
Արձանագրված խնդիրներ
Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների իրացման ապահովման հարցերին։ Բռնի տեղահանվածների իրավունքների երաշխավորման հարցերը դիտարկվել են ՀՀ-ում երեխաների ընդունելության, արագ արձագանքման հումանիտար կենտրոններում ծառայությունների կազմակերպման, տրամադրված կացարանների շենքային ևփ բնակության պայմանների և դրանց՝ երեխայի առանձնահատկություններին և կարիքներին համապատասխանության տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքները մի շարք դեպքերում խախտվել են․ հումանիտար կայաններում և հաշվառման կենտրոններում չեն կիրառվել երեխայակենտրոն մոտեցումներ, երեխաները երբեմն տեղավորվել են անբավարար սոցիալ-կենցաղային պայմաններով կացարաններում՝ զրկվելով անձնական տարածք ունենալու հնարավորությունից, որոշ ընտանիքներ չեն ապահովվել մանկահասակ երեխաների համար անհրաժեշտ մահճակալներով, հագուստով, դեղորայքով և հոգեբանական աջակցությամբ։ Արձանագրվել են դեպքեր, երբ մի շարք երեխաներ երկար ժամանակ չեն ընդգրկվել հանրակրթական կամ նախադպրոցական կրթության մեջ՝ տեղերի սղության կամ բնակության վայրի պարբերական փոփոխության պատճառով, ինչի հետևանքով խախտվել են նրանց կրթության, առողջության և արժանապատիվ կյանքի իրավունքները։ Պետությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնել և իրականացրել է հասցեական ծրագրեր նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ ուղղված երեխաների սոցիալական պայմանների բարելավմանը, խնամքի ապահովմանը, կրթության իրավունքի լիաժեք իրացմանը, առողջության պահպանմանը և այլն։
Ձեռնարկված քայլեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ 2023թ. դեկտեմբերի 1-ից իրականացրել են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների սահուն ինտեգրումը կրթական գործընթացին նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով, նպաստել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանը և նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը՝ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում հոգեբանների և ուսուցիչների գիտելիքների հարստացման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և արդիականացման միջոցով՝ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելով նաև երեխաների, մանկավարժների ու ծնողների հետ։ Աջակցություն են ստացել ՀՀ բոլոր մարզերի 6-18 տարեկան սովորողները և ԼՂ-ից բռնի տեղահանվածները։ Ծրագրի շրջանակներում գնահատվել են սովորողների հոգեսոցիալական տոկունությունը։ Մշակվել է «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկը՝ հոգեբանների և ուսուցիչների համար։
Ծախսված փող
Ըստ 2024 թվականի պետական բյուջեի արդյունքային ցուցանիշների, հոգեսոցիալական կարիքի բացահայտման համար գնահատվել են 690 ուսումնական հաստատությունների 37920 աշակերտներ, որից 8118-ը ԼՂ-ից բռնի տեղահանվածներ աշակերտներ։ Վերապատրաստվել է 623 հոգեբան և 6834 ուսուցիչ։
Դրամաշնորհային ծրագրի բյուջետային ֆինանսավորումը կազմել է 18․3 մլն դրամ։
2024 թվականից իրականացվել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որի նպատակն է ՀՀ մարզերի դպրոցներում մասնագիտական աշխատանքի հնարավորությունների ստեղծում և լրավճարի տրամադրում տեղահանված ուսուցիչներին։ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում դասավանդող և ծրագրից օգտվող ուսուցիչների թիվը 2024 թվականին հասել է 452-ի։
Ծախսը կազմել է 162․7 մլն դրամ։
Ծրագիրը շարունակվում է 2025 թվականին և ըստ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալների, ծրագրի շահառու է 401 ուսուցիչ, իսկ կատարվող ծախսը՝ 84․3 մլն դրամ։
Տնտեսագետ


























































