
Լուսանկարը՝ cambridge news կայքից
Մեծ Բրիտանիայի ֆինանսական հաստատություններից մեկը՝ Nationwide Building Society-ն, սկսում է նոր նախաձեռնություն՝ նախատեսված կրտսեր դպրոցի ուսուցիչների համար։ Նախատեսվում է ուսուցիչների համար հավատարմագրում, որի նպատակն է բարձրացնել վստահությունը ֆինանսական կրթություն դասավանդելիս և ապահովել երեխաների՝ վաղ տարիքից ֆինանսական հմտությունների տիրապետումը։
Նախաձեռնությունը մշակվել է միջազգային վճարային տեխնոլոգիական ընկերության՝ Visa-ի հետ համագործակցությամբ։ Վերապատրաստումը հասանելի կլինի 2026 թվականի ապրիլից, իսկ միջին և ավագ դպրոցի ուսուցիչների համար ծրագիրը նախատեսվում է գործարկել մինչև 2026 թվականի վերջը։
Նոր ծրագիրը զարգացնում է արդեն գործող «Փողի դասեր» նախաձեռնությունը և նպատակ ունի ուսուցիչներին տրամադրել պատրաստի ուսումնական նյութեր ու դասապլաններ. նրանք ստիպված չen լինի ֆինանսական կրթության համար բովանդակություն ստեղծել։ Դասերը ներառում են գործնական թեմաներ՝ փողի կառավարում, պաշտպանություն՝ ֆինանսական խարդախություններից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարածվող մոլորեցնող ֆինանսական բովանդակության ճանաչում։
Ուսուցիչները պետք է անցնեն շուրջ 2 ժամ տևողությամբ առցանց դասընթաց և կատարեն կարճ կարողությունների գնահատման թեստ։
Խնդիրներ
Հետազոտությունները փաստում են, որ դպրոցները կարիք են տեսնում ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆինանսական կրթությանը, սակայն բախվում են մի շարք խնդիրների՝ ժամանակի սահմանափակում, ուսուցիչների վստահության պակաս և համապատասխան նյութերի բացակայություն։ Այդ մասին զգուշացնում է նաև Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարողությունների զարգացման ոլորտում գործող Փողի և կենսաթոշակային ծառայությունը, ըստ որի՝ ֆինանսական ցածր գրագիտությունը երիտասարդներին ավելի խոցելի է դարձնում խարդախությունների, պարտքերի և վտանգավոր ֆինանսական ծառայությունների նկատմամբ։
Ֆինանսական շուկայի կարգավորող մարմինը վերջին տարիներին մտահոգություն է հայտնել, որ երիտասարդները սոցիալական ցանցերում ավելի հաճախ են բախվում մոլորեցնող ֆինանսական գովազդների։ Նման բովանդակության մեծ մասը տարածում են այսպես կոչված «փողի ազդեցության գործակալները, որոնք հաճախ առաջնահերթություն են տալիս դիտումների և ներգրավվածության աճին, ոչ թե տեղեկատվության ճշգրտությանը։
Վերջերս կառավարության պատվերով անցկացված հարցումը, որին մասնակցել են 5-15 տարեկան երեխաներ ունեցող 2000 ծնողներ, ցույց է տվել, որ ծնողների զգալի մասը մտահոգված է երեխաների ֆինանսական կրթությամբ։ Հարցվածների մոտ 89 % – ը կարծում է, որ դպրոցում անձնական ֆինանսների ուսուցումը երբևէ այսքան կարևոր չի եղել, իսկ շուրջ 81 %-ը մտահոգված է սոցիալական ցանցերում տարածվող ֆինանսական բովանդակության որակով։
Հարցման համաձայն՝ յուրաքանչյուր 4 ծնողից 1–ը նշել է, որ իրենց երեխաները գումարի մասին գիտելիքներ ստանում են սոցիալական ցանցերից։ Ամենատարածված հարթակներն են YouTube, TikTok, Facebook և Instagram։ Բացի այդ, տվյալների համաձայն, միայն TikTok-ում ֆինանսական թեմայով տեսանյութերի դիտումները 2024 թվականին աճել են մոտ 275 %-ով՝ նախորդ տարվա համեմատ։
Ծնողները նաև նշել են, որ անձնական ֆինանսները դպրոցում դասավանդվող կարևորագույն առարկաների թվում են։ Նրանց գնահատմամբ՝ այն զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով միայն մաթեմատիկային, անգլերենին և բնագիտական առարկաներին, բայց առաջ անցնելով անգլիական գրականությունից, ֆիզիկական դաստիարակությունից, տնային տնտեսությունից և պատմությունից, թեև անձնական ֆինանսները դեռևս ընդգրկված չեն երկրի ազգային ուսումնական ծրագրում։
Ծնողների մեծ մասը նաև նշել է, որ իրենք մանկության տարիներին բավարար ֆինանսական կրթություն չեն ստացել։ Հարցվածների շուրջ 72 %-ը նշել է, որ ամբողջ կյանքում դժվարացել է հասկանալ անձնական ֆինանսները, իսկ 70%-ը կարծում է, որ դա հետագայում բացասաբար է ազդել իրենց կյանքի վրա։



























































