
Լուսանկարը՝ pasisahlberg.com կայքից
«Ֆինլանդիան արեց մի քայլ, որը կրթության ոլորտի համաշխարհային առաջնորդներին պետք է որ ստիպի կանգ առնել և մտածել»։ Այսպես է բնորոշել Մելբորնի և Հարվարդի համալսարանների պրոֆեսոր, «Ֆիննական դասեր» աշխատության հեղինակ Պասի Սալբերգը փետրվարին իրավական ուժ ստացած և երկրի կրթության նախարարության կայքում հրապարակված «Հիմնական կրթություն – 2045․ Ֆինլանդիայի դպրոցների տեսլականը՝ կյանքի համար» ռազմավարական փաստաթուղթը։
Փաստաթղթի նախաբանում նշված է, որ ֆիննական դպրոցը երկրի ապագայի ամենակարևոր հաստատությունն է։ Նպատակը՝ ոչ միայն փոքրերին պատրաստել կյանքի առաջիկա փոփոխություններին, այլև տալ աշխարհը փոփոխելու և հասարակություն ձևավորելու կարողություն։
«Աշխարհն անցնում է խոր վերափոխումների միջով։ Մարտահրավերներն ու ճգնաժամերը չեն կարող լուծվել միայն տեխնոլոգիական նորարարությամբ, այլ պահանջում են կազմակերպված մարդկային զարգացում։ Մենք պետք է գտնենք ուղիներ՝ թեթևացնելու սոցիալական բևեռացումը, ամրապնդելու ժողովրդավարությունը, խելամտորեն օգտագործելու արագ զարգացող տեխնոլոգիաները և ապրելու մոլորակի վրա»։
«Մեր պատկերացումների մեջ հանրակրթությունն արձագանքում է մարտահրավերին՝ հասկանալով, որ ուսուցումն է այն հնարավորությունը, որի միջոցով մարդը զարգանում է։ Դպրոցը գոյություն ունի կյանքի համար, որ ապահովի իմաստալից կյանք, միասին ապրելու կյանք և կյանք՝ մոլորակի վրա»։
Ֆինլանդիան ռազմավարական փաստաթղթով շեշտում է կրթության ոլորտի պատասխանատուների համար կարևոր սկզբունքներ՝ իմաստ, հույս, գործունակություն և ընդհանուր բարօրություն։
«Ամենախոր վերափոխումը, որը նախատեսվում է հանրակրթության ապագայի համար, նպատակ ունի շարունակել ուսուցման ուղին՝ անհատական գիտելիքներից և հմտություններից հասնելով համատեղ գործունակության և միասին իմաստալից կյանք ստեղծելու հնարավորության»,– նշված է հանրակրթության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթում։
Ֆինլանդիան այս ծավալուն փաստաթղթով համաշխարհային խաթարումներին չի արձագանքում՝ խստացնելով մշտադիտարկումը կամ սահմանելով ավելի նեղ թիրախներ։ Այն արձագանքում է մարդու զարգացման՝ սերունդների նկատառմամբ ձևակերպված երկարաժամկետ պատկերացումներով։
Ֆինլանդիայի կառավարությունը այս ռազմավարական փաստաթղթով իր ապագան նախագծում է հազարավոր աշակերտների, ծնողների, ուսուցիչների և կրթության մասնագետների հետազոտությունների ու խորհրդակցությունների հիման վրա։ Այս լայն մասնակցությունն ապահովում է, որ կրթությունը ձևավորվի ոչ միայն որպես գիտելիքի փոխանցման համակարգ, այլև՝ որպես ամբողջ հասարակության համար ուշագրավ և ազդեցիկ տարածք։
Մարդու զարգացումը
Դպրոցը դիտարկվում է նաև որպես հասարակական կապերի և համայնքի միջավայր, որտեղ երեխաները սովորում են մասնակցել, համատեղ որոշումներ կայացնել և զարգացնել սոցիալական հմտություններ։
Ֆիննական ռազմավարությունը կարևորում է նաև բնության հետ կապը և շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությունը, որպեսզի զարգացնեն աշակերտների մտածողությունը։ Լեզուների բազմազանության և մշակութային ինքնության պահպանությունը դպրոցում դիտարկվում է որպես կենսական գործիք ամեն աշակերտի ինքնությունը հարգելու և ինքնավստահության զարգացման համար։
Ընդհանուր առմամբ, այս փաստաթղթով Ֆինլանդիան կրթությանը մոտենում է լայն, համապարփակ տեսլականով, որտեղ ուսուցումը, սոցիալական կապերը, բնությունը, տեխնոլոգիան ու քաղաքացիական գործունակությունը միմյանց լրացնում են՝ ապահովելով իմաստալից կյանք, համագործակցություն և ընդհանուր բարօրություն յուրաքանչյուր սերնդի համար։
Ֆիննական հրաշքի նոր փուլի առավել ուշագրավ մոտեցումները՝ mediaforedu.am-ի հաջորդ հրապարակումներում։



























































