
Լուսանկարը՝ Independent – ի
Իռլանդիայում իրականացված ուսուցիչների լայնածավալ հարցումը ցույց է տալիս, որ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը և համակարգային խնդիրներին, կրթության ոլորտում աշխատողները շարունակում են իրենց մասնագիտությամբ հպարտանալ և առաջնորդվել արժեքային մոտիվացիայով։
2026 թվականին անցկացված հետազոտությունը, որին մասնակցել է նախադպրոցականից մինչև հատուկ կրթության ոլորտները ներկայացնող 1 838 ուսուցիչ, բացահայտում է միաժամանակ թե՛ նվիրվածություն, թե՛ աճող մտահոգություններ կրթական համակարգի նկատմամբ։
Արժեք և խնդիրներ
Հետազոտության համաձայն՝ ուսուցիչների գրեթե 75 %-ը նշում է, որ «շատ հպարտ» կամ «չափազանց հպարտ» է իր մասնագիտությամբ՝ ընդգծելով, որ դասավանդումը շարունակում է մնալ արժեքային և իմաստային ընտրություն։ Միևնույն ժամանակ, հարցվածները բարձրացնում են լուրջ խնդիրներ՝ կապված ծանրաբեռնվածության, ռեսուրսների սղության և այն հարցի հետ, թե որքանով են իրենց ձայները հասնում քաղաքական որոշումներ կայացնողներին։
Հետազոտությունն իրականացրած Schooldays կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Մերֆիի խոսքով՝ հետազոտության նպատակը ուսուցիչներին հարթակ տրամադրելն է՝ իրենց փորձն ու տեսակետները ներկայացնելու համար։ Նրա գնահատմամբ՝ այս տվյալները ոչ միայն արձանագրում են ոլորտի իրական վիճակը, այլև կարող են հիմք ծառայել կրթական քաղաքականության հետագա քննարկումների և անհրաժեշտ աջակցության մեխանիզմների ձևավորման համար։
Հարցման արդյունքներով, ուսուցիչ դառնալու հիմնական շարժառիթները պայմանավորված են ոչ թե կենսակերպով, այլ արժեքներով։ Մասնավորապես, 41.1 %-ը նշել է, որ մասնագիտությունը ընտրել է ուսման և կրթության հանդեպ սիրուց ելնելով, 28.1 %-ը ՝ ցանկությունից փոփոխություն բերել մարդկանց կյանքում, իսկ 24.2 %-ը նշել է, որ ոգեշնչվել է սեփական դպրոցական տարիների ուսուցչից։
Միևնույն ժամանակ, հարցումը բացահայտում է մասնագիտությանը նվիրվածության բարձր մակարդակ։ Ուսուցիչների ավելի քան երեք քառորդը (75.8%) նշում է, որ ամեն օր աշխատում է պայմանագրով սահմանված ժամերից ավել, իսկ յուրաքանչյուր հինգերորդը (21.1%)՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։
Ոգեշնչման աղբյուր
Աշխատանքի ամենամեծ բավարարվածության աղբյուրն, ըստ ուսուցիչների 55.4 %–ի, աշակերտների առաջընթացն է։ Դրան հաջորդում են երեխաներին հուզական աջակցություն ցուցաբերելը և ընտանիքների հետ հարաբերությունների կառուցումը։ Ուսուցիչները նաև նշում են, որ իրենց մասնագիտությունը զարգացնում է մի շարք առանցքային հմտություններ՝ համբերություն, հաղորդակցման կարողություն, հուզական դիմադրողականություն և խնդիրների լուծման ունակություն։
Հարցվածների մոտ 40 %-ը նշել է, որ «չափազանց հպարտ» է ուսուցիչ լինելու համար, իսկ ևս 33.8 %-ը ՝ «շատ հպարտ»։
Հարցվածների 32.9%–ը հիմնական խնդիր է համարում տարբեր դպրոցներում գնահատման միասնականության և արդարության ապահովումը։ Ավելի քան մեկ քառորդը (25.9%) մտահոգված է ուսուցիչների ծանրաբեռնվածության աճով, 22.4 %-ը մատնանշում է ժամանակի և ռեսուրսների սահմանափակությունը, իսկ 14%-ը ՝ արտաքին գնահատման և գնահատման չափորոշիչների հստակության պակասը։
Չլսված ձայն
Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ ուսուցիչների զգալի մասը կարծում է՝ իրենց ձայնը բավարար չափով չի լսվում կրթական քաղաքականության ձևավորման գործընթացում։ Մասնավորապես, 26.3 %-ը նշել է, որ երբեմն հաշվի են առնում, բայց ոչ հետևողականորեն։ 37.4 %-ի կարծիքով՝ հազվադեպ են հաշվի առնում ուսուցիչների տեսակետը, իսկ 26.6%-ը նկատել է՝ կառավարության և քաղաքական որոշումներ կայացնողներն իրենց ընդհանրապես չեն լսում։



























































