
Լուսանկարը՝ Կրթության և մարդաբանության քոլեջի կայքից
Ժամանակի և վարչական կառավարիչների իմպերատիվ պահանջները, ինչպես նաև գնահատման աճող պահանջները հաճախ դժվարացնում են մշակութային բաղադրիչների ներառումը դպրոցական ծրագրերում։ Այս եզրակացությունը ուսուցիչներ, կրթական ղեկավարներ և կրթության ոլորտի հետազոտողներ պատրաստող Նյու Մեխիկոյի համալսարանի կրթության և մարդաբանության գիտությունների քոլեջում ավելի քան երկու տասնամյակ իրականացված աշխատանքի արդյունքն է։
Հետազոտության հեղինակ Ռոզալիա Պաչեկոն, ըստ համալսարանի կայքում հրապարակված տեղեկության, ընդգծել է, որ գրագիտությունը միայն հմտությունների ձեռքբերում չէ։ Այն նաև հնարավորություն է երեխաների համար՝ հասկանալու մայրենի լեզուն, պատմությունն ու իրենց համայնքը։ Նրա աշխատանքի առանցքում մի հարց է՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ գրագիտության ուսուցումը մշակույթը չի անտեսում։
Պաչեկոն աշխատում է ուսուցիչների կրթության, կրթական առաջնորդության և քաղաքականության բաժնում և զբաղվում է այնպիսի մոտեցումների մշակմամբ, որոնք երեխաներին օգնում են ոչ միայն կարդալ սովորել, այլև իրենց տեսնել կարդացած պատմություններում ու ընթերցանությունը կապել ընտանիքի և համայնքի լեզվի հետ։
Անցած աշնանը նա այդ գաղափարները ներկայացրել է Լաս Վեգաս քաղաքում անցկացված «պատրաստել լավ ընթերցողներ» կրթական միջոցառման ընթացքում։ Երրորդից հինգերորդ դասարանների աշակերտների համար հնարավորություն էր ընձեռվել հանդիպել հեղինակների հետ, ծանոթանալ նրանց գրականությանը և մասնակցել տարբեր ուսումնական ձևաչափերի։
Նրա ընտրած պատմությունը եղել է «La Llorona» («Ողբացող կինը») լատինամերիկյան հայտնի ժողովրդական լեգենդը։ Սակայն այն ներկայացվել է ոչ թե որպես սարսափ պատմություն, այլ որպես ընթերցանության դաս՝ հիմնված բանահյուսության, տեղանքի և մասնակցային ուսուցման վրա։ Պաչեկոն պատմության միջոցով աշակերտներին սովորեցրել է ընթերցանության սահունություն, բովանդակության ընկալում, ինչպես նաև գրականության տարրեր՝ մասնավորապես կերպար և միջավայր։
Տպավորության գաղտնիքը
Դասը եղել է ինտերակտիվ։ Երեխաները պարզապես անշարժ չեն լսել պատմությունը․ նրանք շարժվել են, մարմնավորել կերպարներ և մասնակցել պատմության զարգացմանը։ Այդ մոտեցումը, ըստ Պաչեկոյի, միաժամանակ միավորում է բարձրաձայն ընթերցանությունը, «ընթերցողների բեմականացում» ձևաչափը, ձևավորող գնահատումը և գործնական ուսուցումը։ Մասնակիցները պատմության ընթացքում սովորում են նոր բառեր, նկարագրում կերպարներին և իրական ժամանակում զարգացնում ընթերցանության ըմբռնումը։
Այս մեթոդի հիմքերը ձևավորվել են դեռևս 2003 թվականին, երբ Պաչեկոն ստեղծեց մեկ դերասանի ներկայացում Նյու Մեքսիկոյի Հումանիտար խորհրդի կրթական ծրագրի համար։ Երբ նա նկատեց, որ երեխաները ինքնուրույն փորձում են ներգրավվել պատմության մեջ, սկսեց նրանց հրավիրել մասնակցելու՝ ստեղծելով ուսուցման մոդել, որտեղ երեխաները գրական կառուցվածքը հասկանում են ոչ թե տեսական բացատրությամբ, այլ իրենց ակտիվ մասնակցությամբ։
Այս մոտեցումը նաև մշակութային նշանակություն ունի։ Պաչեկոն իր դասերին միտումնավոր օգտագործում է իսպաներեն բառեր, տեղական արտահայտություններ և համայնքային սովորույթներ։ Նրա խոսքով՝ երեխաները մեծ ոգևորությամբ են արձագանքում, երբ լսում են իրենց ընտանիքներից ու պապերից ծանոթ լեզուն և պատմությունները։ Դա օգնում է, որ նրանք իրենց ինքնությունը զգան որպես ուսուցման գործընթացի մաս։
Պաչեկոն այս փորձը փոխանցում է նաև ապագա ուսուցիչներին։ Նա պատմասացության մեթոդը ներառում է համալսարանի մի շարք դասընթացներում և ծրագրում է այն զարգացնել հետազոտությունների, վերապատրաստումների ու ուսուցիչների համար նախատեսված կրթական նյութերի միջոցով։



























































