
Լուսանկարը՝ Guardian – ի
Սոցիալական ցանցերում օրական ավելի քան 3 ժամ անցկացնող դեռահասները ավելի մեծ հավանականությամբ են հակված դեպրեսիային և անհանգստությանը։ Բացասական ազդեցություններից զերծ են մնացել օրական 30 րոպե սոցցանցերում անցկացրած երեխաները։ Պարզվել է Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտությամբ, որն ընդգրկել է Լոնդոնի 31 դպրոցի 2350 երեխայի։
Մասնագետների կարծիքով առավել խնդրահարույց է ուշ երեկոյան ժամերով սոցիալական ցանցերում քնի հաշվին դեգերելը։ Դեպրեսիվ վիճակներն այս խնդրի հետ կապված առավել հատուկ է աղջիկների շրջանում։
Հետազոտողները վերլուծել են դեռ 2014 թվականին սկսված ուսումնասիրության տվյալները, որը վերաբերում էր ճանաչողական ունակություններին, դեռահասներին և բջջային հեռախոսներին։
Դպրոցականները երկու անգամ մասնակցել են ճանաչողական թեստի և լրացրել հարցաթերթիկներ՝ կապված թվային վարքագծի, հոգեկան առողջության և կենսակերպի հետ․ առաջին անգամ՝ 11 – 12 տարեկանում, և կրկին՝ 13 – 15 տարեկանում։
Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ավելի ակտիվ օգտվողները ուշ են քնում և ընդհանուր առմամբ ավելի քիչ են քնում, հատկապես դպրոցական օրերին։ Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Միրել Տոլեդանոն նշել է, որ արդյունքները հստակ ցույց են տալիս սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակի և հոգեկան առողջության կապը։
Ըստ Պրոֆեսորի՝ երկար և հատկապես ուշ ժամերին սոցիալական հարթակներից օգտվող երեխաները զրկվում են անհրաժեշտ քնից, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ նրանց հոգեկան առողջության վրա։
Տարբեր երկրներում քննարկվում են երեխաներին առցանց պաշտպանելու միջոցներ։ Բրիտանական կառավարությունը տարեսկզբիցնախաձեռնել է հանրային քննարկում՝ մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի մասնակի արգելքի վերաբերյալ։
Ավստրալիան առաջին երկիրն է, որ նման արգելք է կիրառել․ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին օրերին 4.7 միլիոն դեռահասների հաշիվներ փակվել, հեռացվել կամ սահմանափակվել են։



























































