
Լուսանկարը՝ BBC – ի
Հյուսիսային Իռլանդիայում վերջին առնվազն տասը տարում առաջին անգամ, տվյալ դեպքում՝ տարրական դպրոցի ուսուցիչ Ջեյվդ Լավը հրաժարվել է կրոնի դասավանդումից։ Նա օգտվել է 40 տարվա վաղեմության օրենքով նախատեսված խղճի դրույթից։
Ուսուցիչը BBC–ին ասել է, որ ամենևին էլ «հակաքրիստոնյա չէ» և «խնդիր չունի երեխաներին քրիստոնեության մասին սովորեցնելու» հարցում։ Նրա խոսքով՝ դպրոցում ներդրվող աշխարհայացքը «ծանր բեռ է դնում 6 – 7 տարեկան երեխայի վրա, որը չի կարող պատկերացնել ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ մյուս կրոնների հետ համեմատությունը»։
2025 թ․ նոյեմբերին Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանը վճռեց, որ Հյուսիսային Իռլանդիայի դպրոցներում դասավանդվող քրիստոնեական կրոնական կրթությունը անօրինական է։
Իրավական հիմք
1986 թվականի «Կրթության և գրադարանների (Հյուսիսային Իռլանդիա) հրամանագիրը» պարտադրում է, որ դպրոցներում ամեն օր անցկացվի «համատեղ աղոթք՝ մեկ կամ մեկից ավելի հավաքների ընթացքում»։
Օրենքը նաև պահանջում է, որ կրոնական կրթությունը հիմնված լինի «սուրբ գրությունների վրա», թեև որոշ դպրոցներում կառավարման խորհուրդներն ավելի մեծ դեր ունեն որոշելու, թե ինչ բովանդակությամբ է պետք դասավանդել կրոն։ Ուսուցիչը կարող է դպրոցի կառավարման խորհրդին դիմել՝ հրաժարվելով «միայն խղճի նկատառումներից ելնելով»։
Ուսուցիչն ասել է, որ որոշել է օգտվել այդ դրույթից, քանի որ իրեն անհրաժեշտ է «կարողանալ լիարժեք պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ ասում է իր աշակերտներին»։ «Չեմ կարծում, որ դա հնարավորություն է տալիս աշակերտներին քննադատաբար մտածել այս հարցերի շուրջ և գիտակցված որոշումներ կայացնել այն մասին, թե ինչին են հավատում կամ չեն հավատում»,– բացատրել է ուսուցիչը։
Իրավական ակտով, ծնողները նույնպես իրավունք ունեն իրենց երեխաներին զերծ պահել կրոնական կրթությունից և համատեղ աղոթքներից։
























































