
Լուսանկարը՝ Խավիեր Լեջեյունի /Եվրանյուզ/
Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվական հարթակները ուսուցիչներին տեղեկացնում են, որ հրապարակել է 4 նոր ուղեցույց՝ դասարանում թվային տեխնոլոգիաների կիրառման գործընթացում վստահ կողմնորոշվելու համար։
Ուղեցույցներում ներառված են հուշումներ կրթության մեջ արհեստական բանականության և տվյալների էթիկական օգտագործման, թվային գրագիտության զարգացման, ապատեղեկատվության դեմ պայքարի և ինֆորմատիկայի որակյալ դասավանդման վերաբերյալ։
Ուղեցույցները մշակվել են Թվային կրթության գործողությունների ծրագրի (2021–2027) շրջանակում և ներառում են գործնական առաջարկներ, դասարանային օրինակներ և հստակ որակի չափանիշներ։ Դրանք, ըստ Եվրոպական հանձնաժողովի, օգնում են ուսուցիչներին տեղեկացված որոշումներ կայացնել թվային կրթության բովանդակության ընտրության և կիրառման հարցում։
Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ թվային կրթության ապագա կարիքների վերաբերյալ անցկացված Eurobarometer արագ հարցման արդյունքներով, քաղաքացիների 81%-ը կարծում է՝ ուսուցիչները պետք է ունենան արհեստական բանականությունը հասկանալու և կիրառելու հմտություններ, իսկ գրեթե 90%-ը նշում է, որ բոլոր ուսուցիչները պետք է կարողանան օգնել աշակերտներին ճանաչել առցանց ապատեղեկատվությունը։
Ուղեցույցները ներկայացնելու նպատակով Եվրոպական թվային կրթության հաբը մարտի 23-ին կանցկացնի առցանց վեբինար, որին կարող են մասնակցել ինչպես հաբի անդամները, այնպես էլ հետաքրքրված այլ մասնակիցներ՝ նախապես գրանցվելով։



























































