
Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության կայքից
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 18-ին պատասխանել է mediaforedu.am կայքի՝ օգոստոսի 15-ի գրավոր հարցերին՝ կապված Տավուշի մարզի 9-րդ դասարանի ինտեգրված քննական 95 էսսեների (5 ամբողջական դասարանների աշխատանքների) ուսումնասիրությամբ ի հայտ եկած խնդիրների հետ։ ԿԳՄՍ նախարարությունը 30-օրյա լրացուցիչ ժամանակ էր խնդրել ԿԶՆԱԿ-ից պարզաբանումներ ստանալու համար և փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ստորագրությամբ ներկայացրել գրավոր պատասխան: Ստորև՝ հարցերն ու պատասխաններն՝ առանց մեկնաբանության:
mediaforedu.am – Քննական պահանջը սահմանում է «Ինտեգրված քննական աշխատանք գրականություն եւ հայոց պատմություն» ձեւաչափը։ Հուշումների առաջին կետում նշվում է. «Վերլուծություն սկսելուց առաջ գրիր առարկայի անունը, ավարտելուց հետո մեկ-երկու տող բաց թող, գրիր մյուս առարկայի անունը, ապա շարադրիր մտքերդ»։ Հուշումն ակնհայտորեն համապատասխանում է երկու առանձին աշխատանք կատարելու ձեւաչափին, ոչ թե մեկ միասնական ինտեգրված էսսեին։ Ինչո՞վ է բացատրվում հուշումների այս կետի անհամապատասխանությունը քննական պահանջին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – 2024–2025 ուսումնական տարում Տավուշի մարզի 9-րդ դասարանում քննական էսսեն անցկացվել է ինտեգրված ձևաչափով։ Քննական պահանջներում սահմանված ինտեգրված աշխատանքների ձևաչափի և հուշումներում ներկայացված ցուցումների միջև առկա անհամապատասխանությունը կշտկվի 2025–2026 ուսումնական տարում։ Հարցին առնչվող համապատասխան կառույցները լիարժեք տեղեկացված են: 2024–2025 ուսումնական տարում աշխատանքներն արդեն իրականացվել են այդ ձևաչափով։ Քննաթերթերում առաջադրանքի պահանջը կհստակեցվի և վերանայված տեսքով կներկայացվի հաջորդ ուսումնական տարում։
mediaforedu.am – Գնահատման ռուբրիկը սահմանված է 10 միավորի շրջանակում, սակայն քննական էսսեն գնահատվել է 20 միավորով։ Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Քանի որ դպրոցներում կիրառվում է 10 միավորանոց գնահատման համակարգ, և տարվա ընթացքում սովորողները գնահատվել են նաև ընթացիկ էսսեների համար, քննության համար ներկայացվել է նույն՝ 10 միավորանոց սանդղակը։ Միաժամանակ, քննության արդյունքների համարժեք ներկայացման նպատակով այն համապատասխանեցվել է 20 միավորանոց գնահատման համակարգին։
mediaforedu.am – Ինչո՞ւ էսսեն չունի վերնագիր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Էսսեն կարող է ունենալ վերնագիր, սակայն վերլուծական էսսեների դեպքում վերնագիրը պարտադիր չէ։ ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է հենց այս մոտեցումը։ Սովորողին տրվող հարցը ծառայում է որպես ուղղորդող գործիք և ներառում է հստակ ձևակերպված առաջադրանք, ինչը բավարար հիմք է թեմայի բացահայտման համար։
mediaforedu.am – Գնահատման ռուբրիկում բացակայում է «գրագիտություն» բաղադրիչը։ Ո՞րն է հիմնավորումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Սովորողների գրագիտության մակարդակն արդեն իսկ գնահատվում է Հայոց լեզվի քննության ընթացքում։ Հետևաբար, նպատակահարմար չի համարվել նույն բաղադրիչի կրկնակի գնահատումը։ Նշվածը վերաբերում է բացառապես քննությանը․ դպրոցական գործընթացում, մասնավորապես ձևավորող և ամփոփիչ գրավոր աշխատանքների ժամանակ, սովորողների գրագիտությունը շարունակում է գնահատվել։
mediaforedu.am – Ինտեգրված ձեւաչափի պահանջը ենթադրում է, որ գրականության որոշ ստեղծագործություններ (օր.՝ Հրանտ Մաթեւոսյանի «Կանաչ դաշտը» կամ չափածո ստեղծագործություններ, ինչպես Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը) չունենալով պատմական զուգահեռներ, կարող են դուրս մնալ քննության շրջանակից։ Ինչպե՞ս են նախատեսվում նման ստեղծագործությունները ինտեգրել պատմություն առարկայի որեւէ թեմայի հետ։ Դարձե՞լ է արդյոք այս հարցը նախարարության կամ ենթակա մարմինների քննարկման առարկա։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Հարցադրումն առավել նպատակահարմար կլիներ, եթե տեքստերից բխող հարցերը վերաբերեին ժամանակաշրջանների միջև առկա կապերին։ Սակայն նման մոտեցման դեպքում 5-6 թեմայից հետո զուգահեռներ անցկացնելու հնարավորությունը կսահմանափակվեր։ Նոր չափորոշչով ներմուծված խաչվող հասկացությունները հնարավորություն են տալիս բոլոր թեմաները համախմբել դրանց շուրջ։ Սա լայն հնարավորություններ է ստեղծում նույն հատվածը դիտարկելու տարբեր խաչվող հասկացությունների ներքո, ինչը դառնում է ստեղծագործականության, վերլուծական և քննողական մտածողությունների բացահայտման արդյունավետ հիմք։ Օրինակ, այս ուսումնական տարում դպրոցներին առաջարկվել է էսսե գրել «Կանաչ դաշտը» և «Սարդարապատի ճակատամարտը» հատվածների զուգադրմամբ, և արդյունքները լիովին արդարացրել են ակնկալիքները։ Կարևորագույն գործոնը ճիշտ և թիրախային հարցադրումների ձևակերպումն է։
mediaforedu.am – Վերլուծվե՞լ են արդյոք 2024 եւ 2025 թթ. Տավուշի մարզի 9-րդ դասարանցիների քննական էսսեները։ Եթե այո, քանի՞ աշխատանք է վերլուծվել, եւ ի՞նչ եզրակացություններ են արվել։ Առկայության դեպքում խնդրում եմ տրամադրել վերլուծության նյութերը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ուսումնական տարում իրականացվել է էսսեների վերլուծություն, որը հիմք է ծառայել գործընթացի բարելավման և անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար։
mediaforedu.am – Ինչպե՞ս է ապահովվում եւ վերահսկվում էսսեի գնահատման օբյեկտիվությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Գնահատման չափանիշները հնարավորինս չափելի դարձնելու նպատակով՝ մշակվել են սանդղակաշարեր։ Միևնույն ժամանակ, պատմության գնահատման չափանիշները տարբերվում են գրականության չափանիշներից, որը հնարավորություն է տալիս ապահովել օբյեկտիվություն։ Օբյեկտիվության առավելագույն ապահովման նպատակով քննության օրը ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչները ներկա են եղել և՛ քննության անցկացման, և՛ աշխատանքների ստուգման գործընթացին՝ հնարավորինս նվազեցնելով սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը։
mediaforedu.am – Ի՞նչ հիմնավորմամբ է երկու առարկայի քննությունը փոխարինվել մեկ ինտեգրված էսսեով։ Ուսումնասիրվե՞լ է արդյոք այլ երկրների փորձը, եւ եթե այո, ո՞ր երկրների։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Մինչ դրա ներդրումը ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձ (ԱՄՆ, Կանադա, Սինգապուր, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա), որտեղ քննության գործընթացում ինտեգրվում են ոչ միայն հասարակագիտական, այլև բնագիտական ու մշակութային թեմաները։ Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև «PISA» միջազգային ստուգատեսին, որի ներդրումը տարբեր երկրներում և կիրառվող ձևաչափերը մանրամասն ուսումնասիրվել են։ Բացի դրանից, վերլուծվել է հայաստանյան այն դպրոցների փորձը, որոնք իրենց ուսուցման գործընթացում արդեն կիրառում էին էսսեի մեթոդը։ Այս մոտեցումը լիովին համահունչ է հանրակրթության նոր չափորոշչի տրամաբանությանը և նպաստում է սովորողների քննողական մտածողության զարգացմանը։
mediaforedu.am – Ինտեգրված էսսեն՝ որպես քննական ձեւաչափ, վերջնականապես կիրառելու դեպքում ի՞նչ խնդիրներ եք կանխատեսում։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրները հաջորդ տարի։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն – Տավուշի մարզում իրականացված փորձնական կիրառման արդյունքները հնարավորություն են տվել վերջնականացնել ներկայացվող մոտեցումներն ու պահանջները։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ կրթությունը հանդիսանում է մշտապես փոփոխվող գործընթաց, և կրթական համակարգի նկատմամբ ներկայացվող պահանջները շարունակաբար վերանայվում են, ապա լայնածավալ քննության կազմակերպման դեպքում կարող է առաջանալ լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն։ Նման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ որոշումները կընդունվեն միայն քննության արդյունքների համակողմանի վերլուծությունից հետո։ Տավուշի փորձի ընթացքում արձանագրված խնդիրներն արդեն հստակեցված են, և ձեռնարկվելու են համապատասխան քայլեր, որոնք հաշվի կառնվեն մյուս դպրոցներում դրանց կիրառման գործընթացում։
Հ.Գ. Պաշտոնական մարմնի պատասխանների վերաբերյալ փորձագիտական դիտարկումներն ու առաջարկները՝ առաջիկայում:
Հ.Գ. ԿԳՄՍ նախարարության պատասխանից մեկ օր անց՝ այսօր, ԿԶՆԱԿ-ը հրապարեկել է էսսեագրության ուղեցույց:

























































