
Լուսանկարը՝ UNICEF – ի
Ավստրալիայում 2024 նոյեմբերին հաստատված և 2025 թվականի դեկտեմբերի 10 – ից ուժի մեջ մտած օրենքը ԵՄ –ում դրական օրինակ է երեխանրին սոցմեդիայից հեռու պահելու իրավական հիմքի ապահովման առումով։
Մի շարք երկրներ՝ այդ թվում Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը և Գերմանիան, քննարկում կամ իրականացնում են երեխաների սոցիալական մեդիա հասանելիության սահմանափակումներ։
Մակրոնն ու երեխաների ուղեղը
Ֆրանսիայի խորհրդարանը հունվարի 26-ին հաստատել է օրինագիծ, որն արգելում է սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար։ Օրինագիծը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջով, արագացված ընթացակարգով Սենատում կքննարկվի առաջիկա շաբաթներին։
«Մինչև 15 տարեկանների համար սոցիալական մեդիայի արգելքը գիտնականների առաջարկն է և ֆրանսիական հասարակության պահանջը», – հայտարարել է Մակրոնը՝ շեշտելով, որ երեխաների ուղեղը չպետք է դառնա ալգորիթմների կամ օտար հարթակների ազդեցության զոհ։
Օրինագիծը նախատեսում է նաև սմարթֆոնների ամբողջական արգելք Ֆրանսիայի անգամ ավագ դպրոցներում։ Չնայած նրան, որ 2023-ին արդեն ընդունվել էր օրենք, որը պահանջում էր ծնողական համաձայնություն մինչև 15 տարեկանների համար, այն գործնականում չէր կիրառվել՝ ԵՄ Թվային ծառայությունների ակտի հետ հակասությունների պատճառով։
ՄԹ․ խստություն՝ մինչև 16 տարեկանների համար
Մեծ Բրիտանիայում սոցիալական մեդիայի սահմանափակումների հարցն ակտիվորեն քննարկվում է քաղաքական և հասարակական շրջանակներում։ Հունվարի 21-ին Լորդերի պալատը հավանություն է տվել փոփոխությանը, որը նախատեսում է սոցիալական մեդիա հարթակների համար պարտադիր «բարձր արդյունավետության» տարիքային ստուգումներ։
Եթե փոփոխությունը հաստատվի Համայնքների պալատում, սոցիալական հարթակները պարտավոր կլինեն 12 ամսում ապահովել, որ մինչև 16 տարեկան երեխաները չկարողանան մուտք գործել այդ հարթակներ։ Կառավարությունը սկսել է 3–ամսյա հանրային քննարկում՝ ծնողների, երիտասարդների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։
Դանիա․ կոնսենսուս
Դանիայի կառավարությունը նոյեմբերին հայտարարել է, որ բոլոր քաղաքական ուժերը համաձայնության են եկել որոշ սոցիալական մեդիա հարթակների հասանելիությունը արգելելու մինչև 15 տարեկան երեխաների համար։
Ըստ կառավարության՝ նպատակը երեխաներին վնասակար բովանդակությունից պաշտպանելն է։ Դանիան նախատեսում է կիրառել տարիքային ստուգման հատուկ հավելված՝ հիմնված ազգային էլեկտրոնային նույնականացման համակարգի վրա։
Իսպանիա․ ծնողները համամիտ են
Իսպանիայում քննարկվող օրինագծով, առաջարկվում է արգելել սոցիալական ցանցերի, ֆորումների և գեներատիվ արհեստական բանականություն պարունակող հարթակների օգտագործումը մինչև 16 տարեկանների դեպքում՝ առանց ծնողական հստակ համաձայնության։
Որոշ դեպքերում նվազագույն տարիքը կարող է սահմանվել 14, սակայն օրինագիծը չի հստակեցնում այդ բացառությունները։ 16-ից 18 տարեկանները կարող են օգտվել սոցիալական մեդիայից։
Հարցումը ցույց է տվել, որ իսպանացի ծնողների 79 տոկոսը աջակցում է Ավստրալիայի նման տարիքային սահմանափակմանը։
Իտալիա․ թվային վերահսկողություն
Իտալիայի խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, որը սահմանափակում է սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 15 տարեկանների համար և կարգավորում է նաև երեխաների վրա ազդեցություն ունեցող հարթակների գործունեությունը։
Օրինագիծը նախատեսում է պարտադիր տարիքային ստուգում՝ թվային ինքնության գործիքով, որը համատեղելի է ԵՄ ապագա տարիքային ստուգման համակարգի հետ։
Իտալիայում հարուցվել են դատական գործեր՝ ընտանիքներն ընդդեմ TikTok-ի և Meta-ի հարթակների։
Հունաստան․ դպրոցում սմարթֆոնի արգելք
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՄԱԿ-ում հայտարարել է, որ երկիրը քննարկում է Ավստրալիայի նման սոցիալական մեդիայի արգելք երեխաների համար։
Հունաստանում արդեն արգելված են սմարթֆոնները դասարաններում։ Բացի այդ, գործարկվել է «Kids Wallet» գործիքը, որը թույլ է տալիս ծնողներին սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել երեխաների մուտքը թվային հարթակներ։
Գերմանիա․ ուսումնասիրություն
Գերմանիայում դեռևս չկա սոցիալական մեդիայի արգելք մինչև 16 տարեկանների համար, սակայն կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ հանձնարարելով ուսումնասիրել դրա կարիքը։
Վերջնական զեկույցը սպասվում է 2026 թվականի աշնանը։ Քննարկվում է համընդհանուր արգելքի տարբերակը՝ առանց ծնողական համաձայնությամբ բացառությունների։
ԵՄ․ թվային տարիքային շեմ
Եվրոպական խորհրդարանը նոյեմբերին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԵՄ ողջ տարածքում սահմանել սոցիալական մեդիայի նվազագույն տարիքը՝ 16։
Առաջարկվում է, որ 13-ից 16 տարեկան երեխաները կարողանան սոցիալական հարթակներից օգտվել միայն ծնողական համաձայնությամբ։ Բանաձևի նպատակն է՝ ստեղծել միասնական եվրոպական մոտեցում թվային միջավայրում երեխաների պաշտպանության համար։
Անուշ Մարտիրոսյան
























































