
Լուսանկարը՝ Bridgemichigan – ի
Միչիգանի նահանգապետ Գրեցեն Ուիթմերը ստորագրել է նոր օրենք, որով գալիք աշնանից պետական դպրոցների դասարաններում արգելվելու է սմարթֆոնների օգտագործումը։ Ավելի վաղ նահանգապետը խոստացել էր կիրառել սմարթֆոնների կիրառության սահմանափակում՝ ուսումնական ժամերին։
«Մենք գիտենք, որ հեռախոսները խոչընդոտում են աշակերտի սովորելու կարողությանը», – լրագրողների, ուսանողների և մանկավարժների ներկայությամբ՝ Ուեյվերլիի ավագ դպրոցում կազմակերպված օրենքի ստորագրման արարողությունից առաջ, հայտարարել է նահանգապետը։
«Դրանք մեր դասարաններում ամենախանգարող շեղող գործոններն են… ստեղծված են ձեզ անընդհատ թերթել ստիպելու համար, իսկ ուսուցիչները ստիպված են պայքարել դասարանի ուշադրությունը պահելու համար՝ մրցելով սոցիալական մեդիայի հետ»,– պնդել է նահանգապետը։
Նոր օրենքի համաձայն՝ չի արգելվելու հեռախոսները դպրոց բերել, սակայն ուսումնական ժամերին սմարթֆոնների օգտագործումը չի թույլատրվի։ Աշակերտները կարող են իրենց հետ ունենալ նաև պարզ (կոճակներով) հեռախոսներ, իսկ կանոնների կիրառման խստությունը որոշելու իրավունքը վերապահվում է դպրոցների ղեկավարությանը։
Արդյունքներին սպասելիս

Լուսանկարը՝ Bridgemichigan – ի
Օրինագծի համահեղինակ, հանրապետական նահանգային պատգամավոր Մարկ Թիսդելը (Ռոչեսթեր Հիլզ) նշել է, որ «անհամբեր սպասում է արդյունքները տեսնելուն»։
Նոր օրենքի ընդունումը երկար գործընթացի արդյունք է։ Թե՛ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Սենատը, թե՛ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը առաջ էին քաշել դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակող առաջարկներ։ Կողմերը այս տարվա սկզբին հասել էին փոխզիջման։
«Սա փորձ էր ունենալ օրենք, որը կսահմանի համապետական չափորոշիչ, իսկ հետո յուրաքանչյուր համայնք կարող է շարունակել իր ճանապարհով», – լրագրողներին ասել է Թիսդելը։

























































