
Լուսանկարը՝ UNESCO-ի կայքից
Եվրոպայի խորհուրդը կրթական քաղաքականություն մշակողներին, մանկավարժներին, հետազոտողներին, դպրոցների ղեկավարներին, ինչպես նաև «Բաց դպրոցի տվյալներ» նախաձեռնությամբ հետաքրքրված մյուս անձանց հրավիրում է փետրվարի 10-ին մասնակցելու առցանց քննարկման՝ նվիրված Եվրոպայում բաց դպրոցի տվյալների ապագային։
Ըստ ԵԽ կայքում հրապարակված տեղեկության, դպրոցների մակարդակով տվյալների հանրայնացումը կարող է նպաստել կրթական արդյունքների բարելավմանը, բարձրացնել հանրային վստահությունը կրթական հաստատությունների նկատմամբ և աջակցել ավելի արդար կրթական քաղաքականությունների մշակմանը։
Միևնույն ժամանակ, Եվրոպայում շարունակում են մնալ մի շարք լուրջ մարտահրավերներ, մասնավորապես՝ տվյալների էթիկական օգտագործման, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև տարբեր երկրների միջև նախաձեռնության կիրառման անհավասարության հետ կապված։
Հենց այս նկատառումներով է կազմակերպվում «Բաց դպրոցի տվյալների քաղաքականություններ. թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդումը կրթական համակարգերում» խորագրով առցանց միջոցառումը։ Նախատեսվում է քննարկել հարցը, թե ինչպես կարելի է բաց դպրոցի տվյալները զարգացնել պատասխանատու ձևով և արդյունավետորեն կիրառել կրթական համակարգերում։
Քննարկումը վարելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչ Մյուրիել Պուասոնը։ Նա և հրավիրված բանախոսները իրենց տեսակետները կներկայացնեն մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ ինչպես կարող են բաց դպրոցի տվյալները բարելավել որոշումների կայացումը, դպրոցների զարգացումն ու կրթական արդյունքները, ինչ էթիկական, գաղտնիության և անվտանգության խնդիրների են բախվում դպրոցներն ու կառավարությունները, ինչ դեր է խաղում տվյալների թափանցիկությունը կրթական հավասարության և հանրային հաշվետվողականության ամրապնդման գործում, և ինչպես է հանրային ընկալումը ազդում բաց տվյալների քաղաքականությունների հաջողության վրա։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախնական գրանցում:
























































