Լուսանկարը՝ The Straits Times-ի
Սինգապուրի աշակերտները առաջին տեղում են մաթեմատիկայի և բնագիտության միջազգային գնահատման չափանիշներով։ Աշխարհի 64 կրթական համակարգերում մաթեմատիկա ու գիտություն առարկաներից աշակերտների 2023 թ. գիտելիքներն օրերս ամփոփած TIMSS-ը (Trends in International Mathematics and Science Study) պարզել է, որ Սինգապուրը առաջին տեղում է, գերազանցում է ոչ միայն Թայվանին, Հարավային Կորեային, Հոնկոնգին, այլև Ճապոնիային:
181 հիմնական դպրոցներից 6,530 և 145 միջնակարգ դպրոցներից 4,772 աշակերտ է մասնակցել այս հետազոտությանը:
Արդյունքները ցույց են տալիս, որ Սինգապուրի աշակերտներն ունեն ամուր հիմքեր և գերազանց հմտություններ մաթեմատիկայից և բնագիտությունից:
Սինգապուրի աշակերտների մոտ 40 տոկոսը հասել է «առաջադեմ» մակարդակի, մինչդեռ միջազգային միջինը մոտ 7 տոկոս է:
Սինգապուրի կրթության նախարարությունը նշում է, որ աշակերտները նաև ուժեղ հմտություններ են ցուցադրել շրջակա միջավայրի թեմաներով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը:
Մաթեմատիկայի և բնագիտության առարկաները խրախուսում են քննադատական մտածողությունը, որը նպաստում է տեխնոլոգիական նորարարություններին և գլոբալ մարտահրավերների լուծմանը:
Չնայած, որ Սինգապուրն առաջին տեղում է երկու առարկաներից էլ, նախարարությունը անհանգստացած է. որպես հետազոտության մի մաս, աշակերտներին առաջարկվել է նշել, թե որքանով են սիրում սովորել կամ գնահատում որևէ առարկա՝ ընտրելով չորս տարբեր պատասխաններից՝ «շատ եմ համաձայն», «քիչ եմ համաձայն», «քիչ եմ անհամաձայն» և «շատ եմ անհամաձայն»: 4-րդ դասարանի աշակերտների 42 տոկոսը և 2-րդ դասարանի աշակերտների 35 տոկոսը նշել են, որ «շատ են սիրում» սովորել մաթեմատիկա: Այս ցուցանիշները նվազել են 2019 թվականի համապատասխանաբար 48 և 37 տոկոսից:
Սինգապուրի կառավարությունը հայտարարել է , որ կրթական համակարգը շարունակելու է աշխատել ծնողների և համայնքների հետ՝ զարգացնելու սովորողների հմտություններն ու հետաքրքրասիրությունը:
Նոր մեկնաբանություն