«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ – ի
Հասարակագիտության 8-րդ դասարանի դասագրքի մրցույթի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի ներկայացրած հայցով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 2-ին մեկնարկեց դատաքննությունը։ Դատավոր Վահագն Թորոսյանը հայտարարեց նախապատրաստական փուլի ավարտը և դատաքննության սկիզբը։
Դատավոր Թորոսյանը հայտարարեց, որ հունվարի 14–ին որոշում էր կայացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջել դատաքննության համար անհրաժեշտ նյութերը, որոնք հուլիսի 2–ին դատարանին և հայցվոր կողմին հանձնեց նախարարության իրավաբանական վարչության ավագ իրավաբան Էդուարդ Մուրադյանը։
Դատաքննությունը նշանակվեց սեպտեմբերի 10 – ին, ժամը 16։30–ին։
Այս գործը ավելի վաղ վարչական դատարանում էր, սակայն վարչական դատարանը որոշել էր, որ գործն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին։
Հայցվոր կողմը պահանջում է չեղյալ համարել 8–րդ դասարանի հասարակագիտության դասագրքի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 01.07.2024 թվականի թիվ 1169-Ա/2 հրամանը։
Նախապատմությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 24.08.2023 թ.-ին ի շարս այլ դասագրքերի, հայտարարել էր նաև «Հասարակագիտություն 8» դասագրքի մրցույթ: Մրցույթին մասնակցել են նաև դասախոս Սերոբ Խաչատրյանը և փաստաբան Արսեն Թավադյանը, որոնց հեղինակած դասագիրքը ներկայացրել էր «Տիգրան Մեծ» հրատարակչությունը։
Դրամաշնորհային հանձնաժողովը 28.06.2024 թ. 8/2024 արձանագրության մեջ նշել է, որ մրցույթը գնահատման սանդղակին ոչ համապատասխան իրականացնելու պատճառով դասագրքերն ուղարկվել էին կրկնակի փորձաքննության:
Անցողիկ շեմը հաղթահարել են «Զանգակ-97» ՍՊԸ-ն և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը, իսկ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի ներկայացրած դասագիրքը չի հաղթել:
«Զանգակ-97» ՍՊԸ-ի և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ներկայացրած դասագրքերը, ըստ հայցադիմումի, սահմանված կարգով ուղարկվել են լրամշակման: Նախարարություն են ներկայացվել վերոնշյալ դասագրքերի լրամշակված տարբերակները: Որոշվել է պայմանագիր կնքել «Զանգակ 97» ՍՊԸ-ի և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հետ:
Բողոք
03.07.2024 թ – ին «Տիգրան Մեծ» հրատարակչությունը ԿԳՄՍ նախարարությանը ներկայացրել է բողոք` խնդրելով նշանակել «Հասարակագիտություն 8» դասագրքի նոր (կրկնակի) փորձաքննություն` ներգրավելով այլ մասնագիտացված կազմակերպություններ։ Բացի այդ, խնդրել էր տրամադրել մասնագիտական հանձնաժողովի գնահատումը, հիմնավորումները:
Նախարարությունը, ըստ հայցադիմումի, չի պատասխանել բողոքին։
09.07.2024 թ.-ին «Տիգրան Մեծ» հրատարակչությունը ներկայացրել է երկրորդ բողոքը` խնդրելով փոխել հանձնաժողովի 28.06.2024թ.-ի թիվ 8/2024 արձանագրությունը` հստակ արձանագրելով, որ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի դասագիրքը հաղթահարել է անցողիկ շեմը։ Հայցվորը նաև խնդրել է նշանակել «Հասարակագիտություն 8» առարկայի նոր փորձաքննություն դասագրքերի և մեթոդական ուղեցույցների գիտականության, չափորոշչի համապատասխանության և բովանդակության ստուգման նպատակով, բացի այդ՝ լրացուցիչ կարծիք ստանալու համար ներգրավել այլ մասնագետներ, մասնագիտացված կառույցներ:
Պաշտոնական առաջարկ
4.07.2024թ. – ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրավոր պատասխանել է․ «Քանի որ Ձեր դասագիրքը հաղթահարել է դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, հայտահրավերի պահանջի համաձայն` կարող եք ներկայացնել նախարարի երաշխավորմանը որպես ուսումնաօժանդակ նյութ` ուսումնական հաստատություններում կիրառելու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արդեն իսկ սկսվել է «Հասարակագիտություն 8» առարկայի դասագրքի տպագրման գործընթացը, ուստի նպատակահարմար չէ Ձեր կողմից ներկայացված դասագիրքը ուղարկել լրացուցիչ փորձաքննության»:
Նախարարը 01.07. 2024 թ.-ին կայացրել է շուրջ 2 տարի դատարաններում վիճարկվող 1169_Ա/2 հրամանը, որով հաստատել է դրամաշնորհային հանձնաժողովի 28.06.2024 թ. թիվ 8 որոշումը:
Հայցվորները պնդում են, որ գործող օրենսդրությամբ առաջին առարկայական հանձնաժողովի եզրակացությունն անվավեր ճանաչելու ընթացակարգ նախատեսված չէ։ Նախարարությունը պարզաբանել է, որ անվավերության հիմքը գնահատման սանդղակին անհամապատասխան իրականացումն է: Սակայն, ըստ հայցվորի, դա չի կարող հանգեցնել հանձնաժողովի փոփոխությանը:
Հայցվոր կողմը երկրորդ հանձնաժողովի գնահատականները որակում է «կամայական»։
ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն ու փաստարկները դատարանը կքննարկի դատաքննության ընթացքում։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026





















































