
Լուսանկարը՝ asahi.com – ի
Human Rights Watch – ը հրապարակել է զեկույց՝ անդրադառնալով Տիբեթում փոքր տարիքից երեխաներին չինարեն սովորեցնելու խնդրին։ Զեկույցը վերնագրված է՝ «Սկսիր փոքր երեխաներից»։
Ծավալուն զեկույցում հեղինակավոր միջազգային կազմակերպությունը նկատում է՝ 3–4 տարեկան երեխաները, որոնք հաճախում են չինարենով ուսուցանվող մանկապարտեզներ, մի քանի շաբաթ կամ ամիս անց՝ այն փուլում, երբ դեռ ձևավորում են իրենց առաջին լեզվական հմտությունները և հաղորդակցման հիմնական ձևերը, դադարեցնում են տիբեթերենի կիրառությունը, նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ մեծահասակները շարունակում են խոսել իրենց մայրենի լեզվով։
Ըստ զեկույցի, Տիբեթում մինչև 16 տարեկաններն ավելի հաճախ են շփվում չինարենով ինչպես ընկերների, այնպես էլ դպրոցական միջավայրում։ Լեզվական հմտությունների աճին զուգահեռ, նրանց տիբեթերենի իմացությունը թուլանում է։
Իրավիճակը առավել սուր է նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում, այդ թվում նաև գյուղական տարածքներում, որտեղ երեխաները երբեմն արդեն չեն զգում վստահություն տիբեթերեն խոսելու հարցում անգամ տանը։ Սա ունի ավելի լայն հետևանքներ՝ կապված մշակութային ինքնության, սոցիալական կարգավիճակի և ընտանեկան հարաբերությունների հետ։
Լեզուն ճնշելու նախապատմությունը
2021 թվականի հուլիսին Չինաստանի կրթության նախարարությունն ընդունեց «Երեխաների խոսքի ներդաշնակեցման ծրագիրը», որով առաջին անգամ պարտադիր դարձավ չինարենը բոլոր մանկապարտեզներում՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների բնակավայրերը։
Եվ ահա Չինաստանը փաստացի հրաժարվեց անգամ երկլեզու կրթության ձևական պարտավորություններից։ Թեև ծրագիրը բացահայտ չի արգելում փոքրամասնությունների լեզուների օգտագործումը, գործնականում չեղարկում է ազգային փոքրամասնություններին տրված իրավական լիազորությունները՝ ինքնուրույն որոշելու ուսուցման լեզուն։
Տիբեթական շրջաններում քաղաքականության ազդեցությունն ուժեղանում է նաև այլ գործոններով։ Դրանց թվում են նախադպրոցական կրթության ընդգրկման աճը, որը մանկապարտեզ հաճախելը փաստացի դարձնում է անխուսափելի, ինչպես նաև չինարենի պարտադիր թեստավորումը մանկապարտեզներում։ Որոշ դեպքերում ծնողներից պահանջվում է տանը երեխաների հետ խոսել չինարեն և նույնիսկ ներկայացնել դրա տեսագրությունները։
Այս միջոցառումները, ըստ զեկույցի, սահմանափակում են լեզուն և մշակույթը սերունդներին փոխանցելու ընտանիքների հնարավորությունը։
Միաժամանակ, մանկապարտեզներում ուսուցանվում է սերը՝ պետության և իշխող Չինաստանի կոմունիստական կուսակցության նկատմամբ։ Ծրագրերի միտումն է՝ նույնականանալ «չինական ազգի» հետ և արժևորել «չինական ավանդական մշակույթը»։ Կրթական ծրագրերից ամբողջությամբ բացառվում են կրոնական բաղադրիչները, այդ թվում՝ Տիբեթյան բուդդայականությունը, որը տիբեթական ինքնության առանցքն է։
Փորձագետների գնահատմամբ՝ լեզվական այս քաղաքականությունը կապված է ավելի լայն նպատակի հետ՝ ազգային փոքրամասնությունների «ինտեգրում» չինական միասնական ինքնության շրջանակում։
Չինաստանի Սահմանադրությունը 1954 թվականից է երաշխավորում լեզուների ազատ օգտագործումը և զարգացումը, 1984 – ից Ազգային տարածքային ինքնավարության մասին օրենքով պաշտպանված է մայրենի լեզվով կրթության իրավունքը։ 2008 – ին Տիբեթի ժողովրդի ընդվզումից հետո Չինաստանն ուժեղացրեց «ինտեգրման» մոտեցումը։
2011 – ից սահմանվեց «երկրորդ սերնդի ազգային քաղաքականությունը», 2014 – ից արդեն Չինաստանի իշխանությունը հաստատեց պետական քաղաքականություն, իսկ 10 տարի անց ընդունվեց «Երեխաների խոսքի ներդաշնակեցման ծրագիրը»՝ չինարենը պարտադիր դարձնելով նախադպրոցական կրթությունում։
Ի վերջո, Չինաստանի օրենսդիր մարմնի գլխադասային հանձնաժողովը հայտարարեց, որ տեղական իշխանությունների փոքրամասնության լեզվով ուսուցում պարտադրելն «անօրինական» և «հակասահմանադրական» է։ Արդյունքում անվավեր ճանաչվեցին այնպիսի նորմեր, որոնք պարտադրում էին դպրոցներում ուսուցումը կազմակերպել տվյալ փոքրամասնության լեզվով։
Արդեն 2023 թվականին որոշված էր, որ պետական ծառայողների քննություններում փոքրամասնության լեզվի իմացության առավելությունն անօրինական է։ 2025 – ին Տիբեթի ինքնավար տարածքում տիբեթերենը վերացվեց որպես ընդունելության միասնական քննության առարկա։
2024 – ին ընդունված նախադպրոցական կրթության օրենքն արդեն օրենսդրորեն ամրագրեց, որ մանկապարտեզներում հիմնական լեզուն պետք է լինի չինարենը՝ առանց փոքրամասնությունների լեզուների հիշատակման։
Միաժամանակ, կրթական համակարգում խորացվեց գաղափարական բաղադրիչը։ 2023 թվականի հայրենասիրական կրթության վերաբերյալ օրենքը պարտադրում է հայրենասիրության ուսուցում բոլոր մակարդակներում, իսկ հաջորդ օրենքներն արդեն պահանջում են, որ երեխաները սովորեն «չինական ավանդական» և «սոցիալիստական» մշակույթը և ձևավորեն «չինական ազգի միասնական ինքնագիտակցություն»։
2026 թվականի օրենքը նաև նախատեսում է պատասխանատվություն այն անձանց համար, որոնք «խոչընդոտում են» քաղաքացիների՝ չինարենի ուսուցումը կամ օգտագործումը։ Ըստ նույն քաղաքականության՝ դպրոցները պարտավոր են ապահովել, որ աշակերտները մինչև պարտադիր կրթության ավարտը լիարժեք տիրապետեն ստանդարտ չինարենին։
Արդեն 15 տարի է՝ Չինաստանի իշխանությունները հետևողականորեն պարտադրել են նախադպրոցական կրթության ընդգրկումը՝ ինչպես Տիբեթում, այնպես էլ երկրի այլ շրջաններում։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարևորում է երեխաներին «չինական ավանդական մշակույթի լավագույն արժեքներին» ծանոթացնելու անհրաժեշտությունը, ինչը ներառված է նաև հնգամյա ծրագրում։
Մանկապարտեզի միջավայրը
Մանկապարտեզներում լայնորեն նշվում են հին չինական մշակույթին բնորոշ տոները, որոնք նախկինում չեն եղել տիբեթական կրթական միջավայրում։ Օրինակ՝ Վիշապանավերի տոնը նշվում է տարբեր ակտիվություններով՝ բրնձով կոլոլակների պատրաստում, վիշապանավերի խաղարկում, կախազարդերի պատրաստում և գունավոր ժապավենների կապում։
Կրթական հաստատությունների պաշտոնական ձևակերպմամբ՝ այս միջոցառումների նպատակներն են երեխաներին «ծանոթացնել չինական ավանդական մշակույթի իմաստին, պահպանել նախնիների հիշատակը և փոխանցել ազգային ոգին»։ Միևնույն ժամանակ, այս տոները ներկայացվում են որպես տեղական մշակույթի մաս, թեև պատմականորեն չեն եղել տիբեթական կրթական կամ մշակութային ավանդույթների մեջ։
Մարդու իրավունքների միջազգային նորմերը սահմանում են, որ Չինաստանը պարտավոր է ապահովել տիբեթերեն կրթության հասանելիություն էթնիկ տիբեթցիների համար։ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիան, որը Չինաստանը վավերացրել է 1992 թվականին, ամրագրում է, որ ազգային փոքրամասնությանը պատկանող երեխան իրավունք ունի չզրկվելու իր լեզուն օգտագործելու հնարավորությունից։
Նմանատիպ դրույթներ պարունակվում են նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրում, որը Չինաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել։ Բացի այդ, Չինաստանը աջակցել է նաև ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրին, որը ճանաչում է բնիկ ժողովուրդների լեզվական կրթության և իրենց կրթական համակարգերը վերահսկելու իրավունքը։
Երեխայի իրավունքների կոնվենցիան նաև պահանջում է, որ երեխայի լավագույն շահը լինի առաջնային նկատառում, և որ նա իրավունք ունի չզրկվելու ծնողներից իր կամքին հակառակ։ Այն երաշխավորում է նաև սեփական մշակույթը, լեզուն և արժեքները պահպանելու ու զարգացնելու իրավունք։
Վերջին տասնամյակներում ՄԱԿ – ի մի շարք կառույցներ բազմիցս մտահոգություն են հայտնել Չինաստանում փոքրամասնությունների լեզվական կրթության վիճակի վերաբերյալ։ 2013 թվականին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Չինաստանին կոչ է արել լիարժեք իրականացնել երկլեզու կրթության քաղաքականությունը և ապահովել տիբեթցի ու ույղուր երեխաների հանգամանքը կրթական համակարգի որոշումներին։
2018 թվականին Ռասայական խտրականության վերացման կոմիտեն նշել է, որ Տիբեթի ինքնավար շրջանում տիբեթերենի ուսուցումը օրենքով և գործնականում չի գտնվում չինարենի հետ հավասար մակարդակի վրա և կոչ է արել խթանել լեզվի օգտագործումը կրթության ոլորտում։
Նման մտահոգություններ կրկնվել են նաև 2023 թվականին ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեում, որը նշել է փոքրամասնությունների մշակութային կյանքին մասնակցելու և իրենց լեզուն, պատմությունն ու մշակույթը օգտագործելու իրավունքի սահմանափակումներ։
Իրավունքների ապահովման կոչեր
Human Rights Watch – ը կոչ է անում ապահովել, որ տիբեթցի երեխաները լիարժեք հնարավորություն ունենան սովորելու և օգտագործելու տիբեթերենը նաև նախադպրոցական կրթության փուլում, ինչպես նաև դադարեցնել պարտադրված ինտեգրացիոն մոտեցումները, ներառյալ «խառը դասարանները» և չինացի ուսուցիչների պարտադիր ներգրավումը։
Զեկույցն ընդգծում է քաղաքական քարոզչության կամ ռազմականացված բովանդակության ներմուծումը վաղ տարիքի կրթության մեջ բացառելու կարևորությունը և առաջարկում ապահովել, որ տիբեթական մշակութային ավանդույթներն ու տոները համապատասխան տեղ ունենան կրթական ծրագրերում։
Նշվում է նաև ծնողների ընտրության իրավունքը՝ ներառյալ տիբեթերենով կամ երկլեզու կրթության հնարավորությունը, ինչպես նաև գիշերօթիկ մանկապարտեզների կիրառման սահմանափակումը՝ բացառությամբ երեխայի լավագույն շահի գնահատման դեպքերի։
Human Rights Watch – ի հորդորն է՝ դադարեցնել հետապնդումները կրթական քաղաքականության քննադատության համար և ապահովել բաց հասարակական քննարկում կրթության հարցերի շուրջ։

























































