
Լուսանկարը՝ cyprus-mail.com – ի
Հատուկ կրթության ոլորտի բարեփոխումները «վաղուց հասունացած անհրաժեշտություն» են․ հայտարարել է Կիպրոսի կրթության նախարար Աթենա Միքայելիդուն՝ ընդգծելով, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը 27 տարվա ընթացքում առաջին անգամ փոփոխության կենթարկվի։
Միքայելիդուն նախագահական պալատում ներկայացրել է քաղաքականությունների, գործողությունների և ծրագրերի համապարփակ փաթեթ, որի նպատակն է անցում կատարել դեպի ժամանակակից ու ներառական կրթական համակարգ՝ կենտրոնում դնելով երեխայի լավագույն շահը։
Միքայելիդուի խոսքով՝ քաղաքականություններն ու առաջարկները լիովին համահունչ են Եվրամիության քաղաքականություններին։
Նա անդրադարձել է նաև կառավարության արդեն իրականացված քայլերին՝ ներառյալ ենթակառուցվածքներում ներդրումները, հատուկ ամառային դպրոցների ընդլայնումը և ավելի մեծ աջակցության կարիք ունեցող երեխաների համար տրամադրվող աջակցության ուժեղացումը՝ օրինակ ուղեկցողների և աջակից մասնագետների թվի ավելացումը։
Հանրակրթության ոլորտում, նախարարի խոսքով, ևս իրականացվում են փոփոխություններ՝ ընդհանուր ուսումնական ծրագիրը հզորացնելու և երեխաների ու նրանց ընտանիքների կարիքներին ավելի լավ արձագանքելու նպատակով։
Նախարարը նաև ընդգծել է ներառական կրթության ֆինանսավորման աճը՝ նշելով, որ բյուջեն 2026 թվականին կգերազանցի 21 միլիոն եվրոն այն դեպքում, երբ 2021 թվականին 12 միլիոն եվրո էր։
Միքայելիդուի խոսքով՝ ավելացված ֆինանսավորումը հնարավորություն է տվել բարելավել ներառական կրթությունը, կազմակերպել մանկավարժների շարունակական վերապատրաստում, մշակել ժամանակակից ուսումնական նյութեր, ներդնել թվային նորարարություններ և ստեղծել ավելի ճկուն աջակցության մեխանիզմներ։

























































