
Լուսանկարը՝ Guardian պարբերականի
Մեծ Բրիտանիայի դպրոցների և քոլեջների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Մենի Բոտվեն կոչ է արել սոցիալական մեդիայի հարթակներին «պատասխանատվության ենթարկել» այն վնասի համար, որը նրանք հասցնում են աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին։
Ասոցիացիայի նախագահն ուսուցիչներին տեղյակ է պահել առցանց բռնության, վիրավորանքների, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված «deepfake» բովանդակության օգտագործման դեպքերի մասին, որոնք կիրառվում են ուսուցիչների և աշակերտների դեմ։
«Այս քաոսը պետք է ավարտվի։ Չափազանց երկար ժամանակ տեխնոլոգիական միլիարդատերերը իշխանություն են ունեցել առանց պատասխանատվության։ Նրանք թաքնվում են խոսքի ազատության պաշտպանության հետևում, մինչդեռ իրենց հարթակներում տարածվում են վնասակար երևույթներ»,- ասել է Բոտվեն։
Բրիտանիայում վերջերս անցկացված հարցման տվյալներով, միջին դպրոցի ուսուցիչների մոտ 75%-ը հայտնել է, որ իրենց աշակերտները առցանց բախվում են բռնության և վատ վերաբերմունքի։
Ուսուցիչները մտահոգություն են հայտնել, որ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներն ու ձայնագրությունները կարող են օգտագործվել աշակերտների կամ ուսուցիչների դեմ։ Շատերը նշել են, որ սոցիալական մեդիան երեխաներին հնարավորություն է տալիս դիտել պոռնոգրաֆիկ և բռնի բովանդակություն։
Բոտվեն նշել է, որ աջակցում է նոր «Օնլայն անվտանգություն» (Online Safety Act) օրենքին, սակայն դեռևս վաղ է գնահատել դրա արդյունավետությունը։
Նոր մեկնաբանություն