
Լուսանկարը՝ i24 news-ի
Դպրոցներում ոչ բավարար չափով դասագրքեր ապահովելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2021 թվականին Լիբիայի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մուսա Ալ-Մեգարիխը։ Տրիպոլիի վերաքննիչ դատարանի որոշմամբ, նախկին նախարարը զրկվել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Նա պետք է պետությանը վճարի 1000 դինար (մոտ 200 դոլար) տուգանք։
Մեկ տարուց ավելի դատարանում քննված գործը հարուցվել էր հավասարության սկզբունքը խախտելու, պաշտոնեական պարտականությունները չկատարելու հոդվածներով։
Դատավարությունը սկսվել էր, երբ 2021 թվականի ուսումնական տարվա սկզբում դասագրքերի պակասի պատճառով ծնողները ստիպված էին պատճենել դասագրքերը, որոնք պետք է տրամադրվեին անվճար։
Մեգարիխը քննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ դասագրքերի պակասը կապված էր երկրի 3 տարածաշրջանների դպրոցական ծրագրերի միաձուլման հետ, դա էլ, ըստ նախկին նախարարի, հետաձգել էր դասագրքերի ապահովման գործընթացները։
Նոր մեկնաբանություն