
Լուսանկարը՝ ei-ie.org կայքից
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Ուսուցչական մասնագիտության ուսուցման միջազգային 16-րդ գագաթաժողովը, որը միավորել է 20 երկրների կրթության նախարարներին և ուսուցիչների արհմիությունների ներկայացուցիչներին, բացվել է աշխարհում պատերազմների պատճառով կրթության վտանգված իրավիճակի վկայակոչմամբ։
Education International կազմակերպության գլխավոր քարտուղար Դեյվիդ Էդվարդսը առանձնացրել է Իրանում դասի գնացած և հենց դպրոցում զոհված աղջիկների դեպքը, նաև Ուկրաինայի և մյուս երկրների՝ միլիոնավոր երեխաների և սուսանողների վտանգված կրթության հանգամանքը։
«Ինչպե՞ս պատրաստել ուսուցիչներին մի ապագայի համար, որը անորոշ է։ Մենք չենք կարող ուսուցիչներին պատրաստել ապագայի միայն մեկ, հաստատուն տարբերակի համար։ Բայց կարող ենք ներդրում կատարել նրանց կարողությունների զարգացման մեջ՝ հարմարվելու, քննադատաբար մտածելու, համագործակցելու և անորոշության պայմաններում մասնագիտական դատողություն կիրառելու համար»,– նշել է Education International կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Դեյվիդ Էդվարդսը ընդգծել է ուսանողներին «իմաստալից ու խելամիտ» կրթության ուղղություն տալու կարևորությունը։
Հրավիրված են հիմնականում PISA բարձր արդյունքներ ունեցող կրթական համակարգեր ունեցող երկրները՝ Սինգապուրը, Ֆինլանդիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Լիտվան, Իռլանդիան, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, ինչպես նաև Չինաստանի որոշ տարածքներ։
Գագաթաժողովը կազմակերպել են Էստոնիայի կառավարությունը, Էստոնիայի կրթական աշխատողների միությունը, Education International-ը և ՏՀԶԿ–ն (OECD)։ Նպատակն է՝ խթանել երկխոսությունը կառավարությունների և ուսուցչական համայնքի միջև՝ հանրային կրթական համակարգերն ուժեղացնելու և որակյալ կրթություն ապահովելու համար։
Քննարկումների հիմնական թեմաներն են ուսուցչական մասնագիտության ապագան, ուսուցիչների պակասի խնդիրը, մասնագիտական ինքնավարությունը, ինչպես նաև արհեստական բանականության և կրթական տեխնոլոգիաների հնարավորություններն ու ռիսկերը։
Մասնակիցներն ընդգծել են՝ որակյալ կրթական համակարգերի հիմքում պետք է լինեն արժանապատիվ աշխատավարձերը, կայուն աշխատանքային պայմանները և ուսուցիչների մասնագիտական զարգացումը։


























































