«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Նկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը
Բարձրագույն կրթության որորտի և մասնավորապես բուհական համակարգի արդյունավետությունն ընդունված է չափել միջազգային հեղինակավոր վարկանիշավորման սանդղակներով՝ բուհերի համապատասխան դիրքերով։ Չքննարկելով միջազգային վարկանիշավորման մեթոդաբանական հարցերն, առավելևս դրանց համընդհանուր լինելը՝ փաստ է, որ Հայաստանը որպես պետություն ճանաչում է դրանց հեղինակությունն ու արժեքը՝ վերջիններիս հղում անելով բարձրագույն կրթության ոլորտի կառավարման օրենսդրական փաստաթղթերում։ Այսքանով հանդերձ, հայաստանյան բուհերը շարունակում են տեղ չունենալ միջազգային վարկանիշային լավագույն 1000 – ի ցանկերում, չնայած այն հանգամանքին, որ պետականորեն շատ ավելի հավակնոտ նպատակներ են սահմանված։
Այս հոդվածը հակիրճ անդրադառնում է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակին, նպատակներին, դրանց նպաստող ու խարգարող հանգամանքներին։
Առանցքային փոփոխությունները
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում վերջին 1-2 տարվա ամենաառանցքային փոփոխությունը «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունումն է (2025 թ․)։ Մինչ այդ բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորվում էին մի քանի օրենքներով՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության գիտության ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքներով։ «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» ՀՀ օրենքը ոլորտի իրավակարգավորման փաստացի «բոլորը մեկում» մոդել է, որի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված հարցերը դեռևս գնահատման ենթակա են։
Նոր օրենքով դոկտորանտուրան բարձրագույն կրթության երրորդ աստիճանն է, որը եկել է փոխարինելու հետբուհական կրթությանը։ Սա զուտ տեխնիկական կամ տերմինաբանական փոփոխություն չէ․ արդյունքում գիտական (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) երկաստիճան համակարգը փոխվել է միաստիճան համակարգի՝ գիտության դոկտոր (Ph.D): Նոր օրենքը չի նախատեսել ոչ ասպիրանտի, ոչ էլ հայցորդի կարգավիճակներ, այնուհանդերձ բարձրագույն կրթության երրորդ մակարդակում 2026 – 2027 թվականների ուսումնական տարվա ընդունելությունը հայտարարվել է դեռևս 2016 թվականից գործող կարգով։
Կրթության բնագավառի զարգացման և ռազմավարական նպատակների շրջանակը սահմանվում է Կրթության զարգացման պետական ծրագրով, որն ընդունում է Ազգային Ժողովը և օրենքի կարգավիճակ ունի։
Նպատակ և իրականություն
Ուժի մեջ է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքը, որը բարձրագույն կրթության, այդ թվում՝ հետբուհական կրթության զարգացման բավականին ուշագրավ թիրախներ ունի։ Մասնավորապես, զարգացման պետական ծրագրով կա նպատակ, ըստ որի՝ մինչև 2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ պետք է ընդգրկված լինի միջազգային վարկանիշային (Times Higher Education World University Rankings, QS World University Rankings, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ: Սա այն դեպքում, երբ 2027 թվականի (QS World University Rankings, Shanghai Ranking) միջազգային վարկանիշի առաջին 1000 – ում հայաստանյան որևէ բուհ չկա, և միայն ԵՊՀ-ն է, որը ցուցակում 1001-1200 –ի մեջ է։
Նման իրավիճակում են նաև վրաստանյան բուհերը․ միայն Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն է, որ լավագույն 1001-1200 ցուցակում է։
Մինչդեռ Ադրբեջանը 7 բուհ ունի միջազգային վարկանիշային աղյուսակներում, այն էլ՝ լավագույն 1000 – ի մեջ։
Հայաստանյան բուհերի վարկանիշային վիճակն ավելի ոչ բարվոք է Times Higher Education World University Rankings-ի չափանիշներով, որտեղ միայն ԵՊՀ-ն է, այն էլ 1501-ից ցածր դիրքում։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ հայաստանյան բուհերի համար լավ ժամանակներ, այնուհանդերձ, եղել են։ Մասնավորապես 2022 – 2023 թվականների շրջափուլում միանգամից 2 հայաստանյան բուհ է ընգրկված եղել միջազգային վարկանիշային QS World University Rankings, Shanghai Ranking աղյուսակի առաջին 1000 – ի ցանկում՝ բացի ԵՊՀ – ից նաև Ռուս – հայկական համալսարանը։
Հնարավորություններ
Բուհերի միջազգային ռեյտիգավորման մեթոդաբանության մեջ գիտահետազոտական բաղադրիչն էական կշիռ ունի։ Մասնավորապես համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակի (QS World University Rankings) գնահատաման սանդղակում գիտահետազոտական բաղադրիչը կազմում է ընդհանուրի 50%-ը։
Ռեյտինգավորման այս և այլ բաղադրիչներում հնարավորինս լավ արդյունք գրանցելու համար, ի հավելումն ժամանակակից կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդաբանության, որակյալ պրոֆեսորադասախոսական կադրերի և այլն, անհրաժեշտ է, որ համապատասխան մակարդակի ու ծավալի ներդրումներ լինեն թե՛ պետական բյուջեից, թե՛ այլ աղբյուրներից։ Այս տեսանկյունից Հայաստանի ցուցանիշներն ու վերը հիշատակված նպատակները համահունչ չեն։
Համաշխարհային բանկի 2024 թվականի տվյալներով, Հայաստանում հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ոլորտում համախառն ծախսը կազմել է ՀՆԱ-ի 0․3% – ը: Նույն աղբյուրի համաձայն՝ ՀևՄ – ի ծախսի համաշխարհային միջինը 2023 թվականին կազմել է ՀՆԱ-ի 2․6 % – ը, իսկ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) երկրներում՝ 2․93 %։ Նույն աղբյուրի համաձայն՝ համաշխարհային առաջատարներն Իսրայելն ու Հարավային Կորեան են՝ համապատասխանաբար 6․8 % և 5․1 % համախառն ծախսերով:
Նպատակակետ
Ասել, որ ՀՀ պետական քաղաքականությունն այս խնդիրները չի նկատում, դրանք մեղմելու ուղղությամբ համապատասխան պլաններ չի կազմում, անարդար կլինի։ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026 – 2030 թվականների ռազմավարական ծրագրով և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցով նախատեսված է, որ մինչև 2030թ․ ՀևՄ ոլորտին ուղղված հատկուցումների թիրախային մասնաբաժինը հասնելու է ՀՆԱ-ի 1% – ին, որից 0,75 % – ը պետական հատկացումներն են լինելու։ Այսքանով հանդերձ, 2026 թվականի կրթության բյուջեում, որը, իմիջայլոց, 2025 թվականի համեմատ ավելին է շուրջ 18 % – ով, թե՛ «բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության», թե՛ «գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրերի ֆինանսավորումը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ նվազել է համապատասխանաբար 1․7 % և 9 % – ով։
Այս հանգամանքն առավել ուշագրավ է այն համատեքստում, որ կրթության բյուջեն տարեցտարի բացարձակ թվերով շարունակում է աճել․ 2020 թվականի համեմատ 2025 և 2026 թվականներին բյուջեն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ 2027 – 2029 թվականների ոլորտային միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) բյուջետային ծրագրերի պետական ֆինանսավորման շարունակական աճ է նախատեսված, ըստ որի՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի բյուջեն կաճի շուրջ 1 մլրդ․ ՀՀ դրամով, իսկ գիտական ու գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի բյուջեն մինչև 2029 թվականը ավելի քան կկրկնապատկվի։
Այսպիսով, հիմք ընդունելով վերը նկարագրվածը և առհասարակ հասարակական – քաղաքական, տնտեսական որոշումների կայացման արդյունավետության հանգամանքները, հարց է առաջանում, թե արդյո՞ք այս դիրքից իրատեսական է 2030 թվականին ընդառաջ միջազգային լավագույն բուհերի առաջին 500 – ում հայաստանյան բուհեր ունենալու նպատակը։ Պատասխանը՝ էապես անհավանական է առնվազն երկու պատճառով․ ոլորտի քաղաքականության մեծածավալ փոփոխությունները նախ պետք է ապացուցեն իրենց հիմնավորվածությունն ու արդյունավետությունը։ Առկա պայմաններում անգամ համակարգին է ժամանակ պետք հարմարվելու համար, ապա նոր՝ հավելյալ արդյունք տալու։ Երկրորդ և թերևս ավելի լուրջ խնդիրը՝ առկա և մինչև 2030 թվականը նախատեսված ֆինանսավորումը էապես զիջում է հաջողություն գրանցած երկրների ցուցանիշներին, իսկ դա զարգացման էական խոչընդոտ է։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսավորման թափանցիկություն և հաշտվողականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026




















































