«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!


Լուսանկարը` uib.no – ի
Գիտական կադրերի պատրաստումը գիտության, ինչպես նաև գիտատեխնիկական գործունեության ոլորտում պետության քաղաքականության առաջնային խնդիրներից է։ Գիտական կադրերի պատրաստումը հիմնականում կազմակերպվում է բուհերում և գիտական հաստատություններում համապատասխանաբար դոկտորական ծրագրերի միջոցով։
Դոկտորական կրթական ծրագիրը միջազգայնորեն ընդունված պրակտիկայում բուհական կրթության երրորդ մակարդակն է, որին հետևում է ՀՀ կրթական քաղաքականությունը 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ուժով։ Մինչ այս օրենքի ընդունումը, գիտական կադրերի պատրաստումն ապահովվում էր հետբուհական կրթական ծրագրերով․ հիմնականում ասպիրանտուրայում, օրդինատուրայում, դոկտորանտուրայում, ինչպես նաև հայցորդական համակարգերով։
Ասպիրանտուրան դոկտորական դպրոցի կամ մեկ այլ տեսքով բարձրագույն կրթության երրորդ մակարդակ դարձնելու անհրաժեշտության հարցը քննարկվել, առաջարկություններ արվել են դեռևս օրենքի ընդունումից տարիներ առաջ։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան Ատոմ Մխիթարյանն իր հրապարակումներից մեկում նշում է․ «Ասպիրանտուրան ավելի քան տասը տարի գործող օրենքում համարվում է հետբուհական կրթություն, չնայած՝ իրականացվում է հիմնականում հենց բուհերում: ․․․ հենց օրենքում անհրաժեշտ է ամրագրել, որ դոկտորանտուրան բարձրագույն կրթության երրորդ աստիճանն է, միաժամանակ, հրաժարվելով «հետբուհական» բառից:»:¹
Նոր օրենքի առանցքային նորամուծություններից է գիտական կադրերի պատրաստման միաստիճան համակարգը։ Ըստ այդմ, համապատասխան կրթական ծրագիրը սահմանված կարգով յուրացրածը (առնվազն 180 կրեդիտի ապահովում, ընթացիկ և ամփոփիչ ատեստավումներ և այլն), որը հաջողությամբ պաշտպանել է ատեսախոսությունը, ստանում է գիտության դոկտորի գիտական աստիճան (PhD):
Գիտության աստիճանաշնորհման միաստիճան համակարգն առավելապես անգլո – ամերիկայն ավանդույթ է։ Եվ չնայած միաստիճան համակարգը թերևս աշխարհում ամենատարածված մոտեցումն է, մայրցամաքային Եվրոպայի մի շարք երկրներում ու կրթական համակարգերում դեռևս հանդիպում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգ՝ PHD-ին որպես առաջին աստիճան, իսկ Doctor Habilitatus-ը՝ որպես երկրորդ աստիճան։ Հիշատակված հրապարակման մեջ անդրադարձ կա նաև գիտական աստիճանաշնորհման համակարգի հավանական մոդելների ընտրությանը՝ երկաստիճան համակարգի պահպանման պարագայում առաջարկելով հնարավոր լուծում․ «Գիտական երկրորդ՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար անհրաժեշտություն չկա կրթական որևէ ծրագիր իրականացնել,․․․: Ավելին, գիտական երկրորդ աստիճանը ուղղակի կապ չպիտի ունենա կրթության հետ, դա զուտ գիտական, հետազոտական աշխատանքի արդյունք է, ուրույն ներդրում, ավանդ գիտության որոշակի բնագավառում», – գրում է Ատոմ Մխիթարյանը նույն հրապարակման մեջ։
Զալցբուրգյան ուղենիշերը՝ զարգաման գրավական
Եվրոպական բարձրագույն կրթության համակարգում դոկտորական կրթության զարգացման հիմքերից են Զալցբուրգյան սկզբունքները, որոնք ձևակերպվել են Բոլոնիան գործընթացի շրջանակում։
2005 թվականին Զալցբուրգում կայացած նախարարական հավաքի արդյունքը 10 ուղենիշերի (reccomendations) ընդունումն ու հրապարակումն է: Զալցբուրգյան սկզբունքների նպատակն է նպաստել դոկտորական կրթության զարգացմանն որպես բարձրագույն կրթության երրորդ մակարդակ։ Դրանք, ի թիվս այլի, հռչակում են, որ դոկտորական կրթության զարգացման և կայացման համար անհրաժեշտ է ունենալ գիտակցումը, որ դոկտորական կրթությունն առկա գիտելիքի ընդլայնումն ու նորի ձեռքբերումն է ինքնատիպ հետազոտությունների միջոցով։
Կարևոր է նաև գիտակցել բազմազանության արժեքը դոկտորական կրթական ծրագրերի մշակման, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացներում։ Այս համատեքստում, ի հավելումն վերը նշվածի, դոկտորանտը պետք է առնվազն դիտարկվի որպես սկսնակ հետազոտող։
Եվրոպական կրթական համակարգերում Զալցբուրգյան սկզբունքների իրականացման դիտարկումն ու գնահատումը հանգում է նրան, որ որպես լուծման անհրաժեշտություն ունեցող առաջնային խնդիր եղել է դոկտորական դպրոցների (կրթական ծրագրերի) հիմնումը։
Կարևոր է նաև արձանագրել, որ վերը հիշատակված սկզբունքները պետություններին ու դրանց կրթական համակարգերին 3 առանցքային ուղերձ են հղում։ Այդ ուղերձների մշակման արդյունքն է «Զալցբուրգ 2» նախաձեռնությունը, որը մեկտեղել էր Եվրոպական համալասարանական ասոցիացիայի դոկտորական կրթության խորհրդի (EUA-CDE) 220 – ից ավելի ներկայացուցիչ՝ 36 երկրի 165 հաստատություներից։ Դրանցից առաջինը դոկտորական կրթության հետազոտական էությունն է, որն էլ սկզբունքորեն տարբեր է դարձնում բուհական կրթության առաջին 2 մակարդակներից։ Մյուսը՝ դոկտորական կրթությունը, էապես անհատական բնույթ ունի և առանցքային է, որ հետազոտական աշխատանքի ընթացքում դոկտորանտն ինքնուրույնության և ճկունության բարձր աստիճան ունենա։ Եվ վերջապես՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթությունը պետք է կազմակերպվի ինքնավարության իրական հնարավորություններ ունեցող հաստատություններում, որոնք էլ իրենց հերթին կկարողանան պատասխանատվություն կրել ստեղծվող գիտական մտքի համար։ Սրան հասնելու համար անհրաժեշտ է նաև կարգավորումների ճկունություն։
Ինչպես այս 3 ուղերձներն, այնպես էլ դրանց տրամաբանության ներքո ձևակերպված առաջարկությունները կոչված են վերահաստատելու և էլ ավելի հարստացնելու Զալցբուրգյան սկզբունքների էությունը։
Չանդրադառնալով բոլոր առաջարկություններին առանձի – առանձին, այնուհանդերձ, կարևոր է շեշտադրել դրանցից մի քանիսը, ադ թվում՝ հետազոտական ծրագրերի բազմազանությունն ու կրիտիկական ծավալի (ոչ թե քանակական, այլ առաջնահերթ՝ որակական) ձևավորումը, դոկտորանտ – գիտական ղեկավարություն (բոլոր հնարավոր տեսակներով ու ձևերով) համակարգի կայացումը, որակի ապահովումն ու պատասխանատվությունը և իհարկե՝ ֆինանսավորումը։
Հատուկ շեշտադրվում է խելամիտ կրեդիտային համակարգի կիրառումը, հաստատությունների ինքնավարությունը դոկտորական ծրագրերի մշակման և ներդրման տեսանկյունից, ինչպես նաև կարգավորումների ճկունության հնարավորությունը ինչպես հաստատության, այնպես էլ՝ պետական մակարդակում։
Կրեդիտային համակարգի առնչությամբ մասնավորապես առաջարկվում է` «․․․Այնուամենայնիվ, կրեդիտների կիրառումը տրամաբանական չէ հետազոտական բաղադրիչը կամ դրա արդյունքների տարածումը գնահատելիս։ Ոչ ճիշտ կիրառման դեպքում կրեդիտների վերաբերյալ կոշտ պահանջները կարող են վնասակար ազդեցություն ունենալ անկախ հետազոտողի կայացման վրա։
Բարձրորակ դոկտորական կրթությունը պահանջում է հետազոտական խթանող միջավայր, որը ձևավորվում է հետազոտական խանդավառության, հետաքրքրասիրության և ստեղծագործական մոտեցման հիման վրա, և պայմանավորված չէ կրեդիտներ կուտակելու ձգտմամբ»։
Հաստատությունների ինքավարության մասով էլ առաջարկությունը հետևյալն է՝ «Հաստատություններն ինքնավարության կարիք ունեն՝ հետազոտական տարբեր ռազմավարություններով և ուժեղ կողմերով օժտված բազմազան կառուցվածքներ ձևավորելու և դրանց համար հաշվետու լինելու նպատակով։ Կոնկրետ գործիքների կիրառման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն հաստատության ներսում՝ ինքնավար կերպով և համապատասխանեցվելով դոկտորական ծրագրի բնույթին ու դոկտորանտի կարիքներին»։
Եվրոպական կրթակարգի ձեռքբերումները
2025 թվականին լրացավ Զալցբուրգյան սզբունքների 20 – ամյակը։ Տարելիցն արժևորելու, անցած տարիներին արձանագրված ձեռքբերումները գնահատելու համար Եվրոպական համալսարանական ասոցիացիայի դոկտորական կրթության խորհրդը նախաձեռնել էր ուսումնասիրությունների շարք։ Պետք էր պատասխաներ հետևյալ գլխավոր հարցին․ դոկտորոկան կրթության ի՞նչ աստիճան ինստիտուցիոնալիզացիա է ապահովվել անցած 20 տարիներին։
Որոշ պատասխաններ, դրանք հիմնավորող վիճակագրական տվյալնել ներկայացված են 2025 թվականի առաջին զեկույցում։
Առանցքային ձեռքբերում է համարվում հանգամանքը, որ 2005-2025 թվականների ընթացքում եվրոպական համալսարանների ճնշող մեծամասնությունն ինստիտուցիոնալ իմաստով ապահովել է դոկտորական դպրոցների առկայություն բարձրագույն կրթության համակարգում։ Ցուցանիշն իրապես տպավորիչ է․ եթե 2005 թվականին համալսարանների միայն 29 % – ն է դոկտորանտուրա ունեցել, ապա 2025 թվականին այդ մասնաբաժինը հասել է 89 %-ի։
Եվրոպայում դոկտորի աստիճան շնորհող համալսարանների տոկոսը, որոնք ունեն դոկտորական դպրոցներ
2005-2006 թթ.29%
2008-2009 թթ.65%
2011 թ․82%
2025 թ․89%
Զեկույցն անդրադառնում է նաև դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման ու կառավարման վերաբերյալ հարցերին։ Նկատելի օրինաչափություն է, որ դոկտորական ծրագրերը հիմնականում մշակվում են գիտական ուղղությունների և համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի առկայությունը հաշվի առնելով։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ կազմակերպման ու իրականացման այլ ձևեր՝ անհատական ծրագրեր, կոնկրետ գիտական ղեկավարի շուրջ ձևավորված ծրագրեր, առանձին թեմատիկ կամ կոնկրետ հասարակական մարտահրավերներ հասցեագրող ծրագրերը, դրանց իրականացման հնարավորությունը ևս առկա է։ Սրանով մեկ անգամ ևս փաստվում է, որ բարձրագույն կրթության երրորդ մակարդակում բարմազանությունը որակի իմաստով կարևոր նախապայման է։
Ուսումնասիրությանը մասնակցող համալսարաններին խնդրել են պատասխանել նաև ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցին։ Հնրավորություն է տրվել նշել առավելագույնը 4 աղբյուր, որոնք ամենահաճախն են օգտագործվում դոկտորանտուրան ֆինանսավորելու համար։
Դոկտորանտուրայի ֆինանսավորման առաջնային աղբյուրները
Պատասխանողների թիվը՝ 217/217
Համալսարանի սեփական միջոցներ80%
Ազգային ֆինանսավորող գործակալություն71%
Կառավարական հետազոտությունների ֆինանսավորում66%
RGI եվրոպական շրջանակային ծրագիր42%
Մասնավոր ընկերություններ33%
Դոկտորանտի սեփական միջոցներ21%
Երկու կամ ավելի աղբյուր21%
Այլ միջազգային ֆինանսավորում12%
Երրորդ երկրների պետական ֆինանսավորում6%
Ոչ առևտրային կազմակերպություններ6%
Այլ միջազգային ֆինանսավորում6%
Ըստ հրապարակված արդյունքների՝ 80%-ը համալսարանական միջոցներն են, համապատասխանաբար 71% ու 66% – ը՝ ֆինանսավորման ազգային հիմնադրամն ու պետական այլ միջոցները։ Եվ միայն 21%-ն է նշել դոկտորանտի սեփական միջոցները, ինչն արդյունքի մեծությամբ աղյուսակի 6 – 7 – րդ հորիզոնականներն է կիսում։
Դոկտորական կրթության որակի ապահովումը
Պատասխանողների թիվը՝ 215/217
Հաստատության ներքին որակի ապահովման համակարգ59%
Արտաքին կազմակերպություններ36%
Որակի ապահովման պաշտոնական գործընթաց չկա5%
Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 60%-ը, արձանագրել է, որ հենվում են որակի պահովման ներքին համակարգերի վրա, 36 % – ը՝ հաստատությունից դուրս գտնվող՝ որակի ապահովման որևէ այլ կառույցի կամ ֆինանսավորող մարմնի վրա։
Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ եվրոպական կրթական համակարգում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորանտուրայի կայացման համար էական նշանակություն է ունեցել ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը։ Դրան ակնհայտորեն նպաստել է հաստատությունների ներքին ինքնավարությունը, հատկապես համապատասխան կրթական ծրագրերի մշակման, դրանց իրականացման ու որակի ապահովման հարցերում։
Առանցքային է, որ համակարգի ֆինանսավորման բեռի մեծ մասը համալսարաններին ու հանրային աղբյուրներին է բաժին ընկնում։ Սա էական հանգամանք է, ինչը մեծապես ազատում է դոկտորանտին իր կրթության ու հետազոտության համար ֆինանսավորում ապահովելու հոգսից, հետևաբար՝ նրան օգնում կենտրոնանալ որակյալ գիտական արդյունք ստեղծելու վրա։
1․ Ատոմ Մխիթարյան, «Գիտական աստիճանաշնորհման օրենսդրական դաշտի բարելավման հիմնախնդիրները Հայաստանում», «Հյուսիսափայլ» գիտական հոդվածների ժողովածու, 2018թ․
Կրթության փորձագետ, հասարակագետ
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































