
Լուսանկարը՝ Վանաձորի թիվ 1 դպրոցի ՖԲ էջից
Կրթության տեսչական մարմինը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում բուլինգի կասկածներ է ունեցել ու անցած մեկ ամսում ուսումնասիրություններ է կատարել դպրոցում: Այս մասին Տեսչական մարմինն է հայտնել ի պատասխան «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի հարցմանը:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը մասնավորապես հայտնել է. «Տեսչական մարմնի նախաձեռնությամբ դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ դպրոցի ուսուցչի կողմից կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության խախտումների հիմնավոր կասկածի առկայության, բուլինգի երևույթների բացահայտման հիմքով։ Վարույթի արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ դպրոցին տրվել է հանձնարարական՝ համաձայն տեսչական մարմնի ղեկավարի կարգադրության»։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ին հայտնի է, որ դպրոցի կենսաբանության ուսուցիչը երեխային անպարկեշտ արտահայտություններ է արել, վիրավորել, հոգեբանական ճնշում գործադրել այն բանի համար, որ նրա ձեռքի կավճոտ բարձիկը հպվել է իր մուշտակին: Հայտնի չէ՝ մուշտակը թանկարժե՞ք է եղել, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, ուսուցիչը չի ներել 7-րդ դասարանցի դեռահաս աղջկան:
Աշակերտուհու մայրը բողոք է ներկայացրել թե՛ դպրոցի տնօրենին ու թե՛ Կրթության տեսչական մարմին, այդ հիմքով էլ հարուցվել է վարչական վարույթը: Բացի այդ, տնօրեն Աննա Զուլոյանը նկատողություն է տվել ուսուցչին կատարվածի համար: Թե ինչ գործողություններ է ձեռնարկել տնօրենը տեսչական մարմնի կարգադրությունից հետո, տեսչականը չի հստակեցրել:
Նոր մեկնաբանություն