Լուսանկարը՝ Deutsche Welle-ի
Գերմանիայում հանրակրթությունը կանոնակարգված է ըստ երեխաների ուժերի։
Հաճախում են նախ տարրական դպրոց։ Այստեղ ուսուցումը տևում է 4 տարի: Բացառությամբ Բեռլինի և Բրանդենբուրգի, որտեղ տարրական կրթությունը տևում է 6 տարի:
Մակարդակ
Կրտսեր դպրոցը որոշիչ է այս տարիներին. հստակեցվում է, թե երեխան որ դպրոցում կսովորի հետագայում: Շարունակական մակարդակ կոչվածն ընդգրկում է տարբեր դպրոցներ՝ կախված երեխայի պոտենցիալից:
Գոյություն ունի 3 մակարդակ։
Առաջին մակարդակում հաճախում են «ամենաթույլերը»: Առանձնացնելու նպատակն է չծանրաբեռնել երեխային, տալ ընդհանուր գիտելիքներ: Կրթական համակարգը հոգում է, որ այս երեխաները թերարժեքության զգացում չունենան ավելի ուժեղների կողքին:
Հաջորդ աստիճանը Realschule կոչվածն է, որտեղ սովորում են մի փոքր ավելի շատ ունակությունների տեր երեխաները: Այս բաժանումներից առաջ տարրական դպրոցում ուղղորդում և երեխաներին աջակցում են ուսուցիչները: Չէ՞ որ նրանք երեխաների կարողությունները բացահայտողներն են:
Կրտսեր դպրոցը կարելի է նաև անվանել փորձաշրջան:
Դպրոցի բարձրագույն մակարդակն ապահովում է Gimnasium-ը: Այստեղ հանձնարարություններերն ավելի շատ են, քան մյուս դպրոցներում:
Գերմանիայում գործում է նաև ընդհանուր դպրոց (Gesamtshule), որը նշված կրթական հաստատություններ հաճախած երեխաների մակարդակների համախմբումն է: Այստեղ երեխաները միասին կրթվում են՝ հետագայում բաշխվելով տարբեր հոսքերի մեջ. դարձյալ ըստ կարողությունների:
Ոչ բոլոր երեխաներն են ի զորու հաղթահարելու բարդությունները և հնարավոր է, որ դուրս մնան դպրոցից ու սովորեն Realschule-ում: Այս առումով որոշիչ է 7-րդ դասարանը:
Եվ ճիշտ հակառակը՝ Realschule-ից հնարավոր է անցում անել Gimnasium միայն համապատասխան քննություններ հանձելուց հետո:
Մոտեցում
Այս դեգերումները բնավ դատավճիռ չեն և որևէ կերպ բացասական ազդեցություն չեն ունենում երեխայի կյանքի որակի վրա: Կրթական համակարգն այնպիսինն է, որ յուրաքանչյուրը կարողանում է գտնել իրեն:
10-ամյա կրթությունն այստեղ պարտադիր է: Դպրոցական կրթությունը հաշվարկված է 12-13 տարվա համար:
13-րդ դասարանի սովորողներն արդեն պատրաստվում են բուհեր ընդունվելուն։ Ավարտական քննությունները բավականին բարդ են և դրանցից են կախված դիմորդի հետագա հաջողությունները։
Չկան նաև նվիրատվություններ ուսուցիչներին, որոնք այնքան «մոդայիկ» են հայաստանյան դպրոցներում։ Օրինակ՝ մարտի 8-յան դրամահավաք, կամ ուսուցչի օրվան ընդառաջ, որևէ այլ առիթ ուսուցչին կամ դպրոցի տնօրենին հանդիսավորությամբ իրեր հանձնել որևէ գերմանացու կամ գերմանաբնակ ծնողի մտքով անգամ չի անցնում։
Նվերներ, եթե լինում էլ են, այստեղ չեն գերազանցում 5 եվրոյի սահմանը։
Այս առումով կուզենայի նշել մի շատ նրբանկատ մոտեցում, որ կարող է գերմանացի ուսուցիչը դրսևորել աշակերտի ու ծնողի հանդեպ։ Օրինակ՝ շնորհակալագրի կամ բացիկի կամ էլ կոնֆետի տեսքով կարող է խրախուսվել և՛ աշակերտը, և՛ ծնողը։
Սա մոտիվացիայի յուրօրինակ ձև է առ այն, որ աշակերտն, օրինակ, ակտիվություն է ցուցաբերել այս կամ այն հարցում, կամ ծնողը դպրոցական կյանքում՝ սերտ համագործակցության համար։
Իսկ թե ինչպես են ընդունում այսպես կոչված դրամահավաքները, կպատմեմ հաջորդիվ։
Մինչ այդ նշեմ, որ, իհարկե, դրանք միտված են ծառայելու դպրոցի բարօրությանը։
Գոհար Պողոսյան
Վուպերտալ, Գերմանիա
Նոր մեկնաբանություն