
Լուսանկարը՝ asianews-ի
2026 թվականի ապրիլից Ճապոնիայի մասնավոր ավագ դպրոց հաճախելը կդառնա անվճար բոլոր աշակերտների համար։ Կառավարությունը վերացնում է եկամտային շեմը, որը սահմանափակում էր ուսման վարձի սուբսիդիան ստանալու իրավունքը։ Նպատակն է նվազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը և ապահովել հավասար կրթական հնարավորություններ։
Մասնագետները զգուշացնում են, որ այս քայլը կարող է ազդել պետական ավագ դպրոցների նկատմամբ հետաքրքրության վրա՝ խաթարելով կրթական միջավայրի բազմազանությունը։
2025 թվականի ապրիլից Ճապոնիայի բոլոր ավագ դպրոցների աշակերտները՝ անկախ ընտանիքի եկամտից, ստանում են տարեկան 118 800 իեն սուբսիդիա (մոտ 295 000 դրամ)։ Մինչ այժմ մասնավոր ավագ դպրոցներում սովորող և մինչև 5.9 միլիոն իեն տարեկան եկամուտ ունեցող ընտանիքները ստանում էին մինչև 396 000 իենի աջակցություն (մոտ 985 000 դրամ)։
2026 թվականի ապրիլից եկամտային սահմանափակումը վերացվում է, իսկ աջակցությունը բարձրացվում է մինչև տարեկան 457 000 իենի (մոտ 1 137 000 դրամ)՝ ամբողջությամբ հավասարեցնելով մասնավոր ավագ դպրոցների միջին ուսման վարձին։ Լրացուցիչ աջակցությունը դասագրքերի և այլ պարտադիր ծախսերի համար հասանելի կլինի ոչ միայն սոցիալական աջակցության կարիք ունեցող, այլև միջին եկամուտ ունեցող ընտանիքների դեպքում։
Ազդեցությունը
Կրթական քաղաքականության փոփոխությանը երախտիքով են արձագանքել մասնավոր դպրոցների ղեկավարներն ու ծնողները։ Աբիկո Նիկաիդո ավագ դպրոցի տնօրեն Ֆուտոսի Նակաջիման, որի դպրոցում ուսման տարեկան վճարը մոտ 360 000 իեն է (մոտ 898,000 դրամ), նշել է, որ այս քայլը հնարավորություն կտա մասնավոր դպրոցները դիտարկել այն ընտանիքների համար, որոնք նախկինում հրաժարվում էին բարձր վճարից։
Մասնավոր ավագ դպրոցների նկատմամբ հետաքրքրության աճը արդեն զգացվում է որոշ շրջաններում։ Օսակայում, որտեղ տեղական իշխանությունները 2024 թվականից ներդրել են սուբսիդիաներ առանց եկամտային շեմի՝ մինչև 630 000 իենը (մոտ 1 570 000 դրամ), պետական ավագ դպրոցներում դիմորդների թվի անկումը դարձել է ռեկորդային․ այս տարվա ընդունելության քննություններին 142 դպրոցից 79-ը չեն համալրել նախատեսված տեղերը։
Տոկիոյում, որտեղ մասնավոր ավագ դպրոցների սուբսիդիան հասնում է 484 000 իենի (մոտ 1 200 000 դրամ), այս տարի պետական ավագ դպրոցների գրեթե 40 %-ում նվազել են ընդունելության ցուցանիշները։
Որոշ մասնավոր դպրոցներ նույնիսկ ընդլայնում են ավտոբուսային երթուղիները՝ ներգրավելով Տոկիոյի սահմաններից դուրս ապրող աշակերտներին։
Քանի որ դե ֆակտո անվճար ուսման համակարգը տարածվում է ամբողջ երկրով մեկ, մասնավոր և պետական դպրոցների մրցակցությունը, հատկապես մեծ քաղաքներում, ակնկալվում է, որ կուժեղանա։
Նոր ռազմավարություն
Ճապոնիայի կրթության նախարարությունը մտահոգված է, որ մասնավոր դպրոցների նկատմամբ հետաքրքրության աճը կարող է վտանգել արդյունաբերական և գյուղատնտեսական ուղղվածությամբ պետական ավագ դպրոցները, որոնք կարևոր դեր ունեն տարածաշրջանային մասնագետների պատրաստման գործում։ Նախարարությունը նախատեսում է ուսումնական տարվա ընթացքում մշակել պետական ավագ դպրոցների գրավչության բարձրացման ռազմավարություն և ընդունել առաջարկներ՝ տեղայնացված բարեփոխումների ծրագրրի վերաբերյալ։
Տոկիոյի համալսարանի կրթական քաղաքականության մասնագետ Կան Սուզուկին ընդգծել է, որ քաղաքականությունը պետք է հետևողականորեն գնահատվի՝ հասկանալու համար, թե արդյոք այն իրականում բարելավում է կրթության որակը, թե որոշ համայնքներում պետական դպրոցների հնարավոր փակումը նվազեցնում է կրթության հասանելիությունը։



























































