
Լուսանկարը` Eurostat-ի կայքից
Եվրոպական վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպական միության ավագ դպրոցների աշակերտների զգալի մասն ուսանում է առնվազն երկու օտար լեզու։
2023 թվականին ԵՄ-ում ընդհանուր ուղղվածությամբ ավագ դպրոց հաճախող աշակերտների 60 %-ը սովորել է երկու և ավելի օտար լեզու՝ որպես պարտադիր առարկա կամ պարտադիր ուսումնական ծրագրի ընտրանք։ Այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ 0.8 տոկոսային կետով՝ նախորդ տարվա 60.8 տոկոսից։
Մասնագիտական ուղղվածությամբ ավագ դպրոցներում երկու կամ ավելի օտար լեզու սովորող աշակերտները ընդհանուրի 34.8 %-ն են: Այս ցուցանիշը 2022-ի համեմատ աճել է 33.8 տոկոսով։
Առաջատարը Ֆրանսիան է
ԵՄ 9 երկրում ընդհանուր կրթությամբ ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 90 տոկոսը սովորել է առնվազն 2 օտար լեզու։
Առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Ֆրանսիայում (99.8%), Ռումինիայում (99.1%) և Չեխիայում (98.5%)։
Ի հակադրություն՝ Պորտուգալիայում միայն 6.7 տոկոսն է սովորել 2 և ավելի օտար լեզու, Իռլանդիայում՝ 10.4 %, իսկ Իսպանիայում՝ 22.4 %։
Կտրուկ տարբերություններ
Ամենաբարձր ցուցանիշը մասնագիտական ավագ դպրոցներում արձանագրվել է Ռումինիայում՝ 97.2 տոկոս։ Հաջորդում են Ֆինլանդիան (85%) և Լեհաստանը (78%)։ Մինչդեռ Մալթայում, Իսպանիայում և Հունաստանում այս թիվը զրոյական կամ գրեթե զրոյական է:
Անգլերենը՝ անբեկանելի առաջատար
Անգլերենը շարունակում է մնալ ամենաուսուցվող օտար լեզուն ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտում։ 2023-ին ԵՄ երկրներում սովորողների 96 %-ը (ընդհանուր կրթությամբ) և 80.1 տոկոսը (մասնագիտական) սովորել են անգլերեն։
Ընդհանուր կրթության ոլորտում երկրորդ ամենատարածված օտար լեզուն իսպաներենն է (27.1%), ապա գերմաներենը (21.2%), ֆրանսերենը (20.8%) և իտալերենը (3.2%)։ Մասնագիտական կրթությունում երկրորդ տեղում է գերմաներենը (18.1%), հետո՝ ֆրանսերենը (14.1%), իսպաներենը (6.6%) և ռուսերենը (2.3%)։

























































