Լուսանկարները՝ ՄՀԿ-ի
Տոնից տոն հնչող շնորհավորանքների արանքում գրադարանները դեռ մնում են կենսականությունից զուրկ։ Որքան էլ գեղեցիկ հնչի պաշտոնյաների խոսքը, գրադարանները հրաշքով չեն դառնա մարդկանց առօրյայի մաս։ Դրա համար պետք են գործնական, լավ կազմակերպված, լավ մտածված քայլեր։
Իտալիայի Տոսկանա մարզի համանուն գավառի վարչական կենտրոնում՝ Արեցցո քաղաքում (Ֆլորենցիայից 80 կմ հարավ-արևելք), զբոսաշրջիկներին գրավող Ֆրանչեսկո Պետրարկայի տուն-թանգարանում անմոռանալի հիշողություններ է նվիրում գրադարանը։ Դա աշխարհահռչակ բանաստեղծ, նախավերածննդի ու Իտալիայի ազգային գրականության ամենահայտնի փիլիսոփայի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած ակադեմիայի նվերն է՝ արժեքավոր գրադարան։ Տուն-թանգարանի ամենամեծ հարստությունը։ Անսահման տպավորիչ։
14-դարից մեզ հասած Ֆրանչեսկո Պետրարկայի, Դանթե Ալիգերիի, Ջիովաննի Բոկաչչոյի պատմական գրական գործունեության վերաբերյալ աշխատությունները ներկայացված են գրավիչ գրադարանով։ Իտալական վերածննդի գրականության ու լեզվի պատմության վերաբերյալ հազարավոր վկայություններ կան այս գրադարանում։
Պետրարկայի անվան Նամակների, արվեստների ու գիտությունների ակադեմիան տարիներ շարունակ հետևողականորեն ուսումնասիրել է, թե Պետրարկայի թողած գրական ժառանգությունն ինչ ազդեցություն է ունեցել իտալական ու համաշխարհային մշակույթի վրա։ Այդ ուսումնասիրության բյուրեղացումն ինքնատիպ գրադարանն է։
Հայաստանում գրադարանների մասին բոլոր խոսակցություններն ապագայում ինչ-որ բան ունենալու խոստումների շարքից են։ Լավագույն դեպքում։
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե «գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները, հանգստանալ, ժամանակ անցկացնել և տեղեկատվություն ստանալ: Դրանք նպաստում են գիտության զարգացմանը, հասարակության և անհատի առաջընթացին»։ Հասկացանք։ Իսկ ի՞նչ է արվում անհատի ու հասարակության առաջընթացի համար։
«Ընդամենը օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով գրադարանների օգտագործման նպատակներում ամրագրվեցին տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթները, սահմանվեց «էլեկտրոնային գրադարան» հասկացությունը: Իրավական կարգավորումները նպաստելու են գրադարանների գործառույթների բարելավմանը` գրադարանային հավաքածունեերի համալրման, պահպանության, ուսումնասիրման, հանրահռչակման, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվանշանացման առումով, ինչպես նաև տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացմանը»,- իր ուղերձում նշել է նախարարը։
Հավատանք ապագային միտված լրացուցիչ խոստումներին։ Բայց չենք կարող չունենալ հարց. հենց հիմա կամ այս նույն օրենքի փոփոխության մեկնարկից առաջ կամ դրան զուգահեռ ի՞նչ նախաձեռնություններ կան, որոնք իսկապես կնպաստեն գրադարանների գործառույթների բարելավմանը։ Չկան։
Կան մեծություններ՝ Նարեկացի, Անանիա Շիրակացի, նաև այլ հանրահռչակ դեմքեր, որոնց գործունեության վերաբերյալ վկայող աշխատությունները կարող էին տեղ գտնել նրանց մասին անհատապես պատմող մի տարածքում։ Բայց չունենք ոչ այդ տարածքները, ոչ այն ինստիտուտները, որոնք այնքան հետաքրքրված են այս մեծություններով, որ տարիներով կկատարեն հետազոտություններ, ոչ էլ պատկան մարմիններում ունենք այն ներուժը, որը բավարար չափով պատկերացնում է, թե որն է իսկական գրադարանը։
Մատենադարանի մասին գիտենք։ Կարող են հենց Մատենադարանից էլ ճյուղավորվել հայկական մշակույթի ու արժեքների հետազոտությունների հոսքերը։ Հանուն ավելի խորը, համակողմանի գործունեության, որը կներգրավի ավելի լայն շրջանակ։
Պարփակված գործելաոճի փոխարեն մշակույթը, արվեստը կրթական նախաձեռնություններով տարածելու շատ մեծ անհրաժեշտություն կա Հայաստանում։
Արեցցո, Իտալիա
Նոր մեկնաբանություն