
Լուսանկարը՝ ԵՄԱ-ի
Հայաստանի լրագրողական կազմակերպությունները ՀՀ կառավարությանը․ կոչ են անում
Հայտարարության հեղինակները իշխանություններին հիշեցնում են, որ տարիներ առաջ լրագրողական հասարակական կառույցների ղեկավարների հետ քննարկումներ են ընթացել մեդիային պետական աջակցություն ցուցաբերելու և այդ նպատակով մշտական գործող հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։
«Այդ գաղափարը լավագույնս իրագործելու նպատակով մեր կողմից կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրություններ, որոնք կարևոր են Հայաստանի համար օպտիմալ մոդել մշակելու տեսանկյունից։ Ցավոք, վերոհիշյալ գործընթացը դադարեցվեց, իսկ այն վերսկսելու մեր փորձերին իշխանությունն առայժմ չի արձագանքել։ Փոխարենը Կառավարությունն առանց պատշաճ քննարկումների ընդունում է անակնկալ որոշում՝ միայն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մեդիային աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս գաղափարը որևէ կապ չունի նախորդ գործընթացների հետ, ինչի առնչությամբ հայտնում ենք մեր ափսոսանքն ու մտահոգությունը»։
Լրագրողական կազմակերպությունները հիշեցնում են, որ դեռևս 2022 թվականին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ԶԼՄ-ների հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն կամ ոլորտին վերաբերող որոշում կյանքի չի կոչվի առանց մասնագիտական հասարակական կառույցների հետ քննարկման և գործակցության։ Այդ առնչությամբ ստորագրվել է եռակողմ Հուշագիր ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և 10 լրագրողական կազմակերպությունների միջև։
«Այդ փաստաթղթի տակ Արդարադատության նախարարության՝ որպես մեդիայի հարցերով պրոֆիլային մարմնի ստորագրությունը ենթադրում էր, որ տվյալ կառույցը ներկայացնում է Կառավարությունը, սակայն իրականում ստացվում է, որ Հուշագրի դրույթներին որոշ չափով հետևում է միայն այդ նախարարությունը։ Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ մեդիա ոլորտում հետևողական, հայեցակարգային քաղաքականություն իրականացնելու և օրենսդրական բարեփոխումներ կատարելու վրա»,- հայտարարում են լրագրողական կազմակերպությունները:
Հայտարարություն մեջ հիշեցում կա Հանրային հեռուստառադիոընկերության բուն գործառույթի մասին. «Մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու և տարածելու համար գոյություն ունի Հանրային հեռուստառադիոընկերություն, և հարց է առաջանում, թե արդյո՞ք այն բավարար կերպով չի կատարում իր այդ առաքելությունը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառները, և արդյո՞ք դրանց հաղթահարմամբ չէ, որ պետք է զբաղվել առաջնահերթ։ Կամ եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ վկայակոչվում է օրենքն, ըստ որի՝ լիցենզավորված մասնավոր հեռուստաընկերությունները մրցույթների միջոցով արդեն իսկ ստացել են արտոնություններ, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք, և դրա դիմաց պարտավորված են ապահովել մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ՝ շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոս ծավալով, և հիմա ենթադրվում է գումարներ հատկացնել այն գործառույթի համար, որն այդ ընկերությունները պարտավոր են իրականացնել օրենսդրորեն և որն ի սկզբանե լիցենզիա ստանալու պայման է եղել։
Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը։
Նոր մեկնաբանություն