
Լուսանկարը՝ Associated Press-ի
Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 6 միլիարդ դոլարի կրթական դրամաշնորհներ, որոնք նախատեսված էին ամառային դպրոցների, անգլերենի ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման, մեծահասակների գրագիտության և միգրանտ երեխաների աջակցման ծրագրերի համար։
Ֆինանսավորման կասեցման պատճառով վտանգված են մասնավորապես ամառային ու հետդպրոցական կրթության՝ ավելի քան 220,000 երեխայի համար ստեղծված հնարավորությունները։ Միայն այս ծրագրին հատկացվում էր տարեկան 1.3 միլիարդ դոլար։ Բացի այդ, ուսուցիչների վերապատրաստման նախաձեռնությունները կորցնում են շուրջ 2 միլիարդ դոլար, իսկ անգլերենի ուսուցման ծրագրերը՝ 890 միլիոն դոլար։
Սառեցվել է նաև միգրանտ երեխաների կրթությանը տրամադրվող 376 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը։ Որոշ շրջաններում արդեն կան զգալի հետևանքներ․ օրինակ՝ Ալաբամայի Գադսդեն քաղաքում հնարավոր է փակվեն ամառային ծրագրերը. ավելի քան 1,200 աշակերտ կմնա առանց հավելյալ կրթական աջակցության, իսկ մոտ 75 դասավանդող կարող է կորցնել աշխատանքը։
Կրթության նախարարությունը հայտարարել է, որ ֆինանսավորման հետաձգումը կապված է ընթացիկ վերանայման գործընթացի հետ, սակայն հստակ չէ, թե երբ կվերականգնվի ֆինանսավորումը։ Մասնագետներն ահազանգում են, որ որոշ դպրոցներում ծրագրերը կարող են ընդհանրապես դադարեցվել։
Կրթական կազմակերպությունները այս մոտեցումը դիտարկում են որպես ռիսկային քայլ, որը կարող է երկարաժամկետ վնաս պատճառել հատկապես սոցիալապես խոցելի խմբերին։
Նոր մեկնաբանություն