
Լուսանկարը՝ NFP – ի
Լեհաստանի կրթության նախարար Բարբարա Նովացկան դպրոցներում նոր առարկա՝ առողջապահական կրթություն ներդնելու հարցով կոշտ գնահատականներ է տվել հոգևոր առաջնորդին։
Լեհաստանի եպիսկոպոսների ղեկավար Տադեուշ Վոյդան քննադատել է դպրոցում 2026 թվականից պարտադրվող ծրագրերը, որոնք վերաբերում են 4–րդ դասարանցիներին և ավելի ավագներին։ Ըստ հոգևոր առաջնորդի, առարկան ենթադրում է «շատ խնդրահարույց բովանդակություն» հատկապես ամուսնության և ընտանիքի հարցերում։
Նախարարը հակադարձել է, թե եկեղեցու քննադատությունը վկայում է «անտեղյակության կամ ամբարտավանության մասին»։ Բացի այդ, նախարարն ավելացրել է՝ հոգևոր դասի առաջնորդը նաև անհետևողական է, քանի որ առարկային ընդդիմանալու միտումները շարունակվում են անգամ երբ կառավարությունը արդեն իսկ գնացել է զիջումների և սեռական կրթության տարրերը դարձրել է կամավոր։
Լեհաստանի ազատական կառավարությունը, որն իշխանության է եկել 2023 թվականին՝ փոխարինելով ազգային – պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, սկսեց ներդնել «առողջապահական կրթություն» նոր առարկան՝ փոխարինելով նախկինում ոչ պարտադիր «ընտանեկան կյանքի կրթություն» դասերին։
Մինչ 2025 թվականի սեպտեմբերը Կաթոլիկ եկեղեցին ծնողներին կոչ էր արել թույլ չտալ, որ երեխաները մասնակցեն այդ դասերին՝ նշելով, թե դրանք «հակաընտանեկան են», «գենդերային տեսանկյունից ապակայունացնող» և կարող են «բարոյապես ապականել երեխաներին»։ Այս կոչին ականջալուր դարձավ ծնողների 70%-ը՝ հետևելով եկեղեցականների հորդորին։
Սակայն եկեղեցու ներկայացուցիչներն, ըստ լեական լրատվամիջոցների, չեն հստակեցրել, թե հատկապես որ թեմաներով դասերն են խնդրահարույց։

























































