
Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն կրթության համաշխարհային միտումների առաջին զեկույցը ցույց է տալիս, որ վերջին երկու տասնամյակում աշխարհում բարձրագույն կրթություն ստացողների թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ 2024 թվականին հասնելով 269 միլիոնի։
Նույն ժամանակահատվածում գրեթե 7.3 միլիոն ուսանող կրթություն է ստանում արտերկրում, որոնց կեսը հյուրընկալվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։
Բարձրագույն կրթության ոլորտում, ըստ զեկույցի, կանայք թվով գերազանցում են տղամարդկանց, սակայն դեռ հետ են մնում դոկտորական մակարդակում։
Այս նոր զեկույցը վկայում է բարձրագույն կրթության նկատմամբ աճող պահանջարկի մասին, որն անփոխարինելի դեր ունի կայուն հասարակությունների կառուցման գործում։ Սակայն այս ընդլայնումը միշտ չէ, որ վերածվում է հավասար հնարավորությունների, ինչն ընդգծում է որակյալ և ներառական բարձրագույն կրթություն ապահովելու համար ֆինանսավորման նորարարական մոդելների անհրաժեշտությունը։
«Բարձրագույն կրթության համաշխարհային կոնվենցիայի և Որակավորումների անձնագրի նման խոշոր նախաձեռնությունների միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի աջակցել երկրներին՝ բոլորի համար բարձրորակ բարձրագույն կրթության հնարավորություններ ապահովելու գործում» – նշվում է զեկույցում։
Զեկույցը ներառում է 146 երկրի նոր տվյալներ։ Այն ցույց է տալիս, որ աշխարհում բարձրագույն կրթություն ստացող ուսանողների թիվը 2000 թվականի մոտ 100 միլիոնից 2024 թվականին հասել է 269 միլիոնի՝ կազմելով բարձրագույն կրթության տարիքային խմբի (սովորաբար 18-24 տարեկաններ) բնակչության 43%-ը։
Սակայն այս աճը թաքցնում է կտրուկ տարածաշրջանային անհավասարությունները․ բարձրագույն կրթությունում ներգրավված է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդների 80% – ը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի 59% – ը, արաբական պետությունների տարածաշրջանի 37% – ը, Հարավային և Արևմտյան Ասիայի 30% – ը, իսկ ենթասահարական Աֆրիկայի՝ ընդամենը 9% – ը։
Մասնավոր հաստատությունները շարունակում են կազմել համաշխարհային ընդունելության մեկ երրորդը։ Ամենաբարձր մասնաբաժինը գրանցվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում՝ 49% (2023 թ.)։ Բրազիլիայի, Չիլիի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության նման երկրներում յուրաքանչյուր 5 ուսանողից 4 – ը սովորում է մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Զեկույցը ցույց է տալիս նաև, որ երկրների միայն մեկ երրորդն է օրենքով երաշխավորում անվճար պետական բարձրագույն կրթություն։
Ուսումն ավարտողների թիվը չի աճել ընդունելության նույն տեմպով․ բարձրագույն կրթության ավարտական համաշխարհային համախառն ցուցանիշը 2013 թվականի 22% – ից 2024 թվականին հասել է 27% – ի։
Վերջին երկու տասնամյակում արտերկրում բարձրագույն կրթություն ստացող ուսանողների թիվն ավելի քան եռապատկվել է՝ 2000 թվականի 2.1 միլիոնից հասնելով գրեթե 7.3 միլիոնի՝ 2023 թվականին։ Սակայն այս շարժունակությունից օգտվում է համաշխարհային ուսանողական խմբի ընդամենը 3%-ը, և այստեղ ևս պահպանվում են զգալի տարածաշրջանային անհավասարություններ։
Յոթ երկիր՝ Միացյալ նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Գերմանիան, Կանադան, Ռուսաստանը և Ֆրանսիան, շարունակում են հյուրընկալել բոլոր միջազգային ուսանողների կեսին։ Միաժամանակ ավելի մեծ պահանջարկ են վայելում նաև Թուրքիան և Արաբական Էմիրությունները։ Վերջին տասնամյակում այս երկրներում ուսանողական շարժունակության ցուցանիշներն աճել են առնվազն հնգապատիկ, և այդ երկրներն այժմ գրեթե հավասարվել են Ֆրանսիային։

























































