«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքից
Մշակույթն ու արվեստը կրթության անբաժանելի մասը դարձնելը նպաստում է ոչ միայն ստեղծարարության զարգացմանը, այլև ձևավորում է կարեկցանք, երկխոսության մշակույթ և խաղաղ հասարակություններ։ Այս ուղերձով ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցկացրել է իր առաջին Մշակույթի և արվեստի կրթության շաբաթը, որն այս տարի կայացել է մայիսի 25–31-ը՝ «Մշակույթի և արվեստի կրթությունը՝ հանուն տևական խաղաղության» խորագրով։ Միջոցառման ամփոփման վերաբերյալ տեղեկությունը հրապարակվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտոնական կայքում։
Միջոցառումն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակային փաստաթղթի» հիման վրա, որը 2024 թվականին ընդունվել էր Աբու Դաբիում, ինչպես նաև դրա իրականացման ուղեցույցի համաձայն, որը հրապարակվել է 2025 թվականին։
Ըստ պաշտոնական հրապարակման, հանդիպումներին մասնակցել են տարբեր երկրների կրթության նախարարությունների ներկայացուցիչներ, ազգային հանձնաժողովներ, ուսուցիչներ, մշակույթի ոլորտի մասնագետներ և սովորողներ, որոնք ներկայացրել են, թե ինչպես են երաժշտությունը, թատրոնը, կերպարվեստը և ստեղծագործական այլ գործունեություններն օգնում զարգացնել կարեկցանքը, քննադատական մտածողությունը, համագործակցային հմտությունները և սոցիալական համախմբվածությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հավանայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Անն Լեմեսթրը ընդգծել է, որ մշակույթը կրթության կենտրոնում դնելն ամրապնդում է ավելի խաղաղ հասարակությունների հիմքերը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության և գլոբալ քաղաքացիության կրթության բաժնի ղեկավար Սեսիլիա Բարբիերին նշել է, որ մշակույթի և արվեստի կրթությունը վաղուց ճանաչվել է որպես յուրաքանչյուրի իրավունք, սակայն երկար ժամանակ այն չի եղել կրթական քաղաքականությունների առաջնահերթություններից։ Նրա խոսքով՝ 2024 թվականին ընդունված շրջանակային փաստաթուղթը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ միջազգային հանրությունը համաձայնության եկավ կրթական համակարգերում մշակույթի և արվեստի համապարփակ ինտեգրման շուրջ։
Երաժշտությունը և քաղաքացին

Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքից
Վենեսուելայի «Էի Սիստեմա» երաժշտական կրթական ծրագրի Փաստաթղթավորման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մայրա Լեոնը ասել է, որ նվագախումբը սովորեցնում է ակտիվ լսել, աշխատել թիմով և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները։
«Արվեստը զարգացնում է ոչ միայն գեղագիտական զգացողությունը, այլև կարեկցանքը, հանդուրժողականությունը և տարբեր տեսակետները հարգելու կարողությունը»,– ասել է նա։
Ծրագրի մասնակից ուսանող Դիանա Մոնտերոյի խոսքով՝ նվագախումբը այն վայրն է, որտեղ ինքը կարողանում է ազատ արտահայտել իր զգացմունքներն ու ապրումները երաժշտության միջոցով։
Վենեսուելայի կրթության փոխնախարար Իգնասիո Բարետոն ընդգծել է, որ արվեստը պետք է մնա կրթական հաստատությունների հիմքում, եթե հասարակությունները ցանկանում են կառուցել կայուն խաղաղություն։
Թատրոնի դերը
Կոստա Ռիկայի Սան Պաբլոյի պոլիտեխնիկական ուսումնական հաստատությունում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի (ASPnet) անդամ է, արվեստի կրթությունը միավորում է տեխնիկական և ստեղծագործական կրթությունը։
Համակարգչային գիտություններ ուսումնասիրող ուսանողները թատերական ներկայացումների միջոցով անդրադառնում են կլիմայի փոփոխությանը, ծովային կենսաբազմազանության պահպանությանը և բնապահպանական այլ հիմնախնդիրների։
Համակարգչային գիտությունների ուսանող Քերվին Մենայի խոսքով՝ թատրոնը հնարավորություն է տալիս պատմել պատմություններ, ներկայացնել մարդու և բնության փոխհարաբերությունները և տարբեր լսարանների փոխանցել մշակույթի կարևորությունը։
Տեղական մշակույթը

Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքից
Կուբացի երաժիշտ և մանկավարժ Խանիո Աբրեուն տեղեկացրել է, որ թեև Կուբայում երաժշտական կրթությունը զարգացած համակարգ ունի, ուսումնական ծրագրերում դեռևս գերակշռում են եվրոպական երաժշտական ավանդույթները, մինչդեռ ազգային երաժշտական ժառանգությունը բավարար չափով ներկայացված չէ։ Այս խնդիրը լուծելու նպատակով նա հիմնել է «Sonido Auténtico» («Իսկական հնչյուն») դպրոցական նվագախումբը, որտեղ երեխաները սովորում են կուբայական ավանդական երաժշտության հիմնական ժանրերը։
Աբրեուի խոսքով՝ այս մոտեցումը երեխաներին ոչ միայն օգնում է ձևավորվել որպես երաժիշտներ, այլև զարգացնում է սեփական մշակութային ինքնությունը պահպանելու պատասխանատվությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է, որ մշակույթի և արվեստի ինտեգրումը կրթության մեջ կարող է դառնալ ոչ միայն ստեղծագործական ունակությունների զարգացման, այլև ժողովրդավարական արժեքների, սոցիալական ներառման, խաղաղ համակեցության և պատասխանատու քաղաքացիության ձևավորման միջոց։

Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքից
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026


























































