
Լուսանկարները՝ «Մենք» ազգային պարի խմբի
ՀՀ պետական բյուջեով ազգային երգուպար առարկայի ներդրման ֆինանսավորումն ապահովվել է մինչև 2024 թվականը:
2021-2023 թվականներին ծախսվել է 7,7 մլն. դրամ: 2024 թվականից ծրագրի ֆինանսավորումը դադարեցվել է: Առարկան դասավանդվում էր 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում։
Իրավական ակտերում որպես առարկայի ներդրման նպատակ նշված է՝ մշակույթի պահպանում, հանրայնացում, պարուսուցման ոլորտի համակարգված գործունեության ապահովում, սովորողների ազգային ոգու ամրապնդում։
«Մենք» կրթամշակութային ՀԿ համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Աշխեն Օհանջանյանը mediaforedu.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչ օրս դիմում են իրենց կազմակերպությանը՝ դպրոցներում պարի անվճար դասեր անցկացնելու խնդրանքով:
— Դուք անցյալ շաբաթ Տավուշի մարզում էիք: Կպատմե՞ք այդ այցի մասին:
— Իջևան և Գետահովիտ առաջին այցելությունը եղել է փետրվարի 28-ին, «Իրական դպրոցի» և Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր դպրոցից մասնակցեց 70-80 աշակերտ։ Մյուս 2 այցերը կլինեն մարտին, կմասնակցեն այս դպրոցների երեխաները։ Նախատեսում ենք այցելել ևս մի քանի դպրոց, որոնցից մեկն է Մկրտիչ Մարտիրոսյանի անվան N 5 հիմնական դպրոցը:

— Ո՞րն է մարզերում պարի անվճար ուսուցման ծրագրի շարժառիթը և ի՞նչ սկզբունքով եք ընտրում մարզերը:
— Մրցութային ձևաչափով այցերը սկսել ենք 2024 թվականի հունվարի 31-ից: Նախ գնացել ենք Արարատի մարզի Զորակ գյուղ։ Լոռու մարզի Շնող, Շամլուղ և Ալավերդի գնացել ենք 2024 թվականի ապրիլից։ Լիճք և Գեղաձոր գնացել ենք 2024 թվականի մայիսի 9-ից։ Վանաձոր և Աբովյան՝ 2024 թվականի նոյեմբերից։
Մենք 2022 թվականից ենք սկսել իրականացնել ուսուցում նախ Երևանի այն դպրոցներում, որտեղ ազգային երգուպար առարկան չէին դասավանդում: Հետո սկսեցինք գնալ մարզեր: Մեր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էինք տարածում, որպեսզի գնայինք այն դպրոցներ, որոնք արձագանքում էին մեր առաջարկին:

— Շա՞տ են բնակավայրերը, որտեղից դժգոհում են, որ իրենց դպրոցներում չեն սովորեցնում ազգային երգուպարը:
— Այո, շատ են, այնքան շատ նամակներ ենք ստանում, ու պահանջարկը շատ մեծացավ:
Ի սկզբանե ծրագիրն իրականացնում էինք Երևանի դպրոցներում: Հետո մարզերից ստացանք առաջարկներ: Անգամ պահանջում էին ու նշում՝ ինչո՞ւ են անտեսված հեռավոր մարզերի դպրոցները, ինչո՞ւ չեք գալիս նաև մեզ մոտ:
ՀԿ-ի միջոցներով էինք փակում ծախսերը: Ունենք աջակիցներ, փոքրիկ ներդրումներ էին անում, և այդ միջոցներով էինք մեկնում մարզեր:

— Այսինքն, թեև պետբյուջեով դադարեցված է ծախսը, պարուսուցման կարիքը իրականում կա:
— Շատ: 3 այց ենք կատարում և փորձում ենք ամեն այցի ժամանակ 2-3 պար սովորեցնել:
Հիմնականում ընտրում ենք ավելի պարզ, հեշտ շարժումներով պարեր: Օրինակ՝ «Կարնո Քոչարին», «Թամզարա», «Խամխամա» պարերը: Եթե տեսնում ենք, որ արդեն տիրապետում են, փորձում ենք բարձր դասարանների երեխաներին արդեն բարդ պարեր սովորեցնել:
2024 թվականին մենք մեր ծրագիրն արեցինք մրցութային կարգով: Հրապարակում էինք հայտարարությունը, ամենաշատ հավանումներ ու մեկնաբանություններ իրականացրած դպրոցներն էինք ընտրում: Բայց եթե միավորները հավասար էին լինում, 2-3 դպրոցներն էլ գնում էինք, ինչպես որ եղավ Լոռվա մարզի Շնող և Շամլուղ գյուղերի դեպքում: Բայց այնքան շատ ձայներ էին հավաքել, որ գնացինք 2 գյուղերի դպրոցներն էլ, նաև Ալավերդիի N12 դպրոցում իրականացրեցինք ծրագիրը:
Մեր պարի խումբն էր գալիս տարազներով, ելույթ էինք ունենում, մեզ ուղեկցում էր նաև «Թագպար» նվագախումբը՝ կոպալով, դհոլով, զուռնայով, դուդուկով:
Դպրոցներում ոգևորվածությունը, խանդավառությունը շատ մեծ է:

— Փաստորեն, պետական բյուջեով 2024-ից չի ֆինանսավորվել դպրոցներում այս առարկայի ներդրումը: Բայց Դուք ասում եք, որ շատերն են Ձեզ հայտնել ազգային երգուպարը դպրոցում ապահովելու կարիքի մասին:
— Այո:
— Իսկ ի՞նչ է պետք անել:
— Մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել այս ծրագրի իրականացման համար, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում կարողանանք շարունակել մեր ծրագիրը:

— Իսկ եթե պետական բյուջեով ֆինանսավորումը վերականգնվի, ինչպե՞ս է պետք կազմակերպել, որ բոլոր դպրոցները ոչ թե ձևական, այլ իսկապես կարողանան կյանքի կոչել այս ծրագիրը, քանի որ ճիշտ կամակերպված ազգային երգի ու պարի դասերի միջոցով երեխաները կարող են ծանոթանալ ազգային ինքնությանը:
— Մենք կարող ենք վերապատրաստել ուսուցիչներին: Եվ մեր նախագծի հաջորդ փուլը հենց ուսուցիչների վերապատրաստումն է: Օրինակ, Շնողում բացվեց խումբը: Այնտեղ մի ժամանակ եղել է պարի խումբ, հետո փակվել է: Մեր այցից հետո խումբը վերակազմավորվեց: Այնտեղ մեծ շուքով ենք նշել:
Պայմանավորվել էինք Ախթալայի վանքի հոգեւոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանի հետ: Նա մեզ հյուրընկալեց եկեղեցու տարածքում, որտեղ իրականացրեցինք միջոցառումը, ու այդ 3 համայնքները՝ Ալավերդիի, Շնողի ու Շամլուղի դպրոցները, եկան այնտեղ: Խնդիր էր տրանսպորտը, բայց այդ հարցը լուծեցին: Մեզ հետ էր նաև Աշոտ Աղաբաբյանը, որն իր հեղինակային գրքերը նվիրեց երեխաներին:
Ինձ նաև շատ տպավորել էր Ապարանի Գեղաձոր գյուղի այցը: Մինչև 12-րդ դասարանի երեխաները եկան ու սովորեցին պարել: Հունվարին մեզ հրավիրեցին այդ երեխաների կազմակերպած միջոցառմանը: Քահանայի հետ էին պայմանավորվել, հունվարի 27-ին՝ բանակի օրվա նախօրեին, մենք տեսանք, որ պարուսուցումը լայն տարածում է ստացել մեր այցերից հետո:
Մեր նպատակն է, որ հայկական պարը տարածվի գյուղերում, որտեղ չեն անցնում այդ առարկան: Պետք է մշակութային բաղադրիչ մտցնել կրթության մեջ:
Հարցազրույցը՝ Անուշ Մարտիրոսյանի
Նոր մեկնաբանություն