
Նկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը՝ ԱԲ կիրառմամբ
Գրող, սցենարիստ, բազմաթիվ էսսեների, ավելի քան 10 գրքերի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը mediaforedu.am-ի խնդրանքով ուսումնասիրելով Տավուշում 9-րդ դասարանցիների գրած քննական էսսեները՝ գրառել է իր մտքերը՝ նկատի ունենալով երեխաներին տրված տեքստերում բացակայող իրողությունները։
XIX դարում եվրոպական շատ երկրներում կար հանրակրթական համակարգ, բայց Ռուսական և Oսմանյան կայսրություններում, Պարսկաստանում, որտեղ ապրում էր հայության մեծ մասը, երեխաները կրթություն էին ստանում եկեղեցուն կից դպրոցներում, որոնք հաճախ բաղկացած էին մի սենյակից։ Րաֆֆին իր «Կայծեր» վեպում նկարագրել է Տեր Թոդիկի դպրոցը, որը այդ ժամանակից ծառայում էր որպես ժամանակաշրջանի կրթական ու դաստիարակչական հակամարդկային մեթոդների օրինակ։
Այնտեղ սովորական բան է եղել ծեծը, երեխաներին որպես ծառա են բանեցրել, իսկ ուսումնական առարկաները մեծ մասամբ վերաբերվել են Աստվածաշնչին։ Այդ պատճառով է, որ նրա մեկ ուրիշ՝ «Խենթը» վեպի հերոսը երազում տեսնում է ապագայի դպրոցը, որն ընդարձակ է, լուսավոր, ունի հողատարածք, որտեղ երեխաները յուրացնում են գյուղատնտեսական կամ, ինչպես այն ժամանակ էին ասում, երկրագործական առարկաները։
Գյուղատնտեսությունը նույնպես հետամնաց էր Եվրոպայի համեմատ, թեև հին գործիքներով, բայց բարձր հարկերով։
Ժամանակի առաջադեմ մտավորականությունը ցանկանում էր, որ գյուղացիները դպրոցից սկսած յուրացնեն անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի ավելի շատ բերք ստանան, և հարկերը մուծելուց հետո իրենք էլ արժանապատիվ ապրել։ Միքայել Նալբանդյանը նույնիսկ գրել է «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գիրքը, որը լույս է տեսել 1862 թվականին, Րաֆֆու վեպից շատ ավելի վաղ, և արգելված է եղել ցարական Ռուսաստանում, քանի որ գյուղացիների շահերն էր պաշտպանում, ոչ՝ կալվածատերերի։
Չնայած բոլոր դժվարություններին XIX դարի վերջին հայերը ամենաբարձր կրթական մակարդակն ունեին Հարավային Կովկասում հրեաներից ու ռուսներից հետո։
Հայտնի հրապարակախոս, «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունին գրում էր, որ հայերի մշակութային բարձր զարգացման շնորհիվ քրդերը ժամանակի ընթացքում կձուլվեն նրանց։
Ցարական Ռուսաստանը, ընդհակառակը, ձգտում էր բոլոր ժողովուրդներին ձուլել ռուսների մեջ, այդ պատճառով մի քանի անգամ փակեց հայկական դպրոցները։ Ռուսական պետական դպրոցներում արգելված էր Հայաստանի պատմությունը, իսկ առարկաների մեծամասնությունը պետք էր անցնել ռուսերեն։
Սովետական իշխանությունը համընդհանուր պարտադիր կրթության անցավ։ Դպրոցները անջատվեցին եկեղեցուց, բայց նաև հալածանքներ սկսվեցին հոգևորականների հանդեպ, որոնք ոտնահարում էին մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ դավանանքի ազատությունը։ Տասնյակ եկեղեցիներ քանդվեցին, հարյուրավորները փակվեցին կամ վերածվեցին պահեստների, բազմաթիվ հոգևորականների գնդակահարեցին կամ աքսորեցին։
Դպրոցական բոլոր առարկաները վերաշարադրվեցին այնպես, որ ծառայեն բոլշևիկյան քարոզչությանը՝ պրոպագանդային։ 1930-ական թվականների վերջից դպրոցներում արգելվեց անցնել Րաֆֆու և շատ այլ գրողների երկերը։ 1937 թ. սովետական բանտում մահացավ Եղիշե Չարենցը, նրա ստեղծագործությունները արգելվեցին, սովետական բանտում գնդակահարվեց հայ մեծ արձակագիր Ակսել Բակունցը, բազմաթիվ ուրիշ գրողներ աքսորվեցին Սիբիր, բանտերում և աքսորում մահացան հարյուրավոր գիտնականներ, մտավորականներ, արվեստագետներ։ Այդպիսին էր վիճակը Սովետական Հայաստանում, երբ «հանրապետությունում գործում էր 1155 դպրոց», ինչպես գրված է «Նորագույն շրջանի» դպրոցական դասագրքում։ Սովետական Միությունում փակվեցին հարյուրավոր հայկական դպրոցներ, որոնք ցարական իշխանության օրոք գործում էին Հայաստանից դուրս։
1953 թ. մեռավ ՍՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը, և զանգվածային ահաբեկչությունները դադարեցին, Րաֆֆին ու Չարենցը «վերադարձան» դասագրքեր, բայց գրաքննությունը պահպանվեց։ Դպրոցական ծրագրերից դուրս մնացին շատ հայ գրողներ, որոնց հայացքները չէր ընդունում սովետական իշխանությունը, հատկապես արևմտահայ և սփյուռքահայ, կատարվում էր կրթության ռուսականացում, որի դեմ 1978 թ. բողոքի ցույցեր տեղի ունեցան Վրաստանում և Հայաստանում։
Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ 1991-ից հետո, դպրոցները գործում էին ծանր պայմաններում, քանի որ երկիրը տնտեսական շրջափակման և պատերազմական վիճակի մեջ էր, բայց այսօր պետությունը խնդիր է դրել բարեկարգել բոլոր շենքերը, ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք օգնեն աշակերտների ներդաշնակ զարգացմանը։
Ապագայի դպրոցում պետք է ավելի ուրախ ու հաճելի լինի մթնոլորտը, ավելի շատ հաշվի առնվեն երեխաների անհատական հակումները, միաժամանակ միջազգային չափանիշներին ավելի համապատասխան կրթական ծրագրեր լինեն, որպեսզի շրջանավարտները հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս։
Վահրամ Մարտիորսյան
Գրող, սցենարիստ






















































