
Լուսանկարը՝ «Մոնտեսորի» միջազգային դպրոցի կայքից
Օգնիր երեխային, տուր նրան ազատություն, ու նա կկենտրոնանա և ինքնուրույն կզարգանա։ Սա իտալացի բժիշկ և ֆիզիկոս, մանկավարժ Մարիա Մոնթեսորիի մեթոդոլոգիայի առանցքն է։ Հաջողությամբ կիրառվում է նախադպրոցական տարիքի կրթարաններում և տարրական (Grundschule) դպրոցում։
Իհարկե, յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ ներդնե՞լ այս մեթոդը դպրոցական ծրագրում, թե՞ ոչ։
Հիմնական գաղափարը՝ նպաստել երեխայի ինքնուրույնությանը: Այս մոտեցումը հատուկ է Գերմանիայի հասարակությանը: Հենց դա էլ հանգեցնում է ուժեղ անհատականության ձևավորմանը։ Երեխաներն այս միջավայրում են վաղ տարիքից։ Մոնթեսորի դասարաններում չկան նույն տարիքի երեխաներ։Նույն դասարանում սովորող 19 երեխայից 5-ը կարող է լինել առաջին դասարանցի, 4-ը՝ երկրորդ, ևս 5-ը՝ երրորդ և 5 երեխա՝ չորրորդ դասարանցի։
Առաջին հայացքից տարօրինակ է թվում։ Ինձ համար, որպես խորհրդային դպրոց անցած մարդ, նույնպես արտասովոր էր այս մեթոդը։ Բոլորովին չպատկերացնելով, թե ինչպես կարող են տարբեր տարիքի երեխաներ սովորել նույն դասարանում, հետաքրքրությունից դրդված՝ մի օր երեխաներիս ուսուցչից դասալսում խնդրեցի։ Խնդրանքս չմերժվեց, և դասալսումը կայացավ։
Մեթոդը բավականին գրավիչ էր։ Փոքրերը սովորում են մեծերից, ավագներն էլ օժանդակում են կրտսերներին։ Ղեկավարը դասղեկն է, նրան զուգահեռ կան օգնող ուսուցիչներ ու հոգեբաններ։
Դասապրոցեսն անցկացվում է խաղերի և տրամաբանությունը զարգացնող մեթոդների կիրառմամբ։
Մինչ նորեկներին ուսուցիչը տառերն է սովորեցնում, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանները ստանում են աշխատանքային թերթիկներ ու սկսում աշխատել։ Ավագներն աջակցում են կրտսերներին, և ասեմ, որ երեխաները տուն են վերադառնում հիմնականում տնային աշխատանքներն ավարտված։ Նրանք, որոնք ավելի ճկուն են և արագ կողմնորոշվող, ստանում են նոր առաջադրանքներ։
Դասասենյակը հագեցած է խաղային անկյուններով։ Երեխաներն ունեն նաև փոքրիկ գյուտարարություններով զբաղվելու հնարավորություններ։
Թատրոն, սպորտ, լող, էթիկա․ սրանց հավասար չափով կարևորություն է տրվում. այնպես, ինչպես հիմնական առարկաներին։
Յուրաքանչյուր դասարան անուն ունի, օրինակ՝ արջերի կամ թութակների։
Հենց վաղ տարիքում է ձևավորվում մարդ-անհատը, քաղաքացին, որը հետագայում պահանջատեր է ցանկացած պարագայում, սովորում է «կարելի – չի կարելին» և արդեն պատրաստ է հաջորդ քայլերին՝ միջին ու ավագ դպրոցներում։
Տարրական դպրոցն ավարտողների հրաժեշտի արարողությունն էլ բավականին հետաքրքիր է կազմակերպվում։ Հավաքույթ-միջոցառում ծնողների մասնակցությամբ, բացիկներ, շնորհակալական խոսքեր՝ թե՛ դասընկերներից, թե՛ ուսուցիչներից։ Լուսանկարների ալբոմ՝ արված ուսումնառության տարիներին, որոնք դառնում են ամփոփիչ պատմությունն այդ 4 տարիների՝ լի հետաքրքիր դրվագներով և ինչու ոչ՝ արկածներով։
Վուպերտալ, Գերմանիա
Նոր մեկնաբանություն