Լուսանկարը՝ Irish Independent կայքից
Իռլանդիայի մեդիա օմբուդսման Սյուզան Մըքքեյը վերահաստատել է մեդիակարգավորման կանոնները սոցիալական մեդիայում նույնպես կիրառելու անհրաժեշտությունը։
Իռլանդիայի մեդիախորհրդի ու մեդիա օմբուդսմանի 2023 թվականի տարեկան զեկույցում նշված է, որ սոցմեդիայում անգամ քիչ դեպքերում հրապարակվող ատելության խոսքը կարող է մեծ վնաս հասցնել շատերին։
Իռլանդիայի մեդիա օմբուդսմանը հիշեցրել է մեդիա խորհրդի հաստատած կանոնակարգի նորմը, ըստ որի ԶԼՄ-ները չպետք է տարածեն սոցմեդիա սպրդած ատելության խոսքը։
«Մեր երկրում լրագրողներն անհավանական մեծ աշխատանք են կատարում սոցիալական խնդիրների լուսաբանմամբ։ Դա հիմնականում արվում է պատշաճ հարգանքով։ Այնուհանդերձ, մարգինալ խմբերից կան ազդակներ, որ ցածրորակ կամ ոչ նրբանկատ լրագրությունը վնասում է արդեն իսկ խնդիրներ ունեցող խմբերին»,- զգուշացրել է մեդիա օմբուդսմանը։ Նա կոչ է արել խախտումների դեպքում դիմել իրեն։
Ըստ զեկույցի, 2023-ին մեդիախորհուրդը ստացել է 305 բողոք։ 2022-ին բողոքների թիվը եղել է 260: Մեդիականոնների խախտումների թիվը 2021-ին Իռլանդիայում եղել է 527. մեդիա դաշտի կարգավորման գործընթացում ներգրավված մասնագետների դիտարկումներով, այս ակտիվությունը կապված է կորոնավիրուսի ժամանակ եղած լարվածությամբ։
Մեդիախորհրդի նախագահ Ռորի Մոնտգոմերին տարեկան զեկույցի հրապարակման առիթով լրագրողների հետ հանդիպմանը կոչ է արել միանալ մեդիակարգավորման գործընթացին։ Նա ընդգծել է ակտիվ ու ազատ լրատվական դաշտի գործունեության անհրաժեշտությունը ժողովրդավարության հիմքերի ամրապնդման հարցում։
Նոր մեկնաբանություն