
Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության
Այսօր ՀՀ կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022թ․ սեպտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդունվեց:
Ըստ նախարարի, փոփոխությունները վերաբերում են տարակարգի մեխանիզմին։
Խրախուսման կարգը
«Այս փոփոխությամբ հնարավորություն ենք տալիս, որպեսզի ուսուցիչների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով, հանձնաժողովը իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու։ Հավելավճարները կհաշվարկվեն դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը»,- պարզաբանեց նախարարը և ներկայացրեց համատեղությամբ աշխատող ուսուցիչներին հավելավճար տրամադրելու վերաբերյալ առաջարկը։
Ի դեպ, նախարարն ասաց, որ 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: Ուսուցիչները, սակայն, դժգոհում են նման աշխատավարձի համար անհրաժեշտ պայմանների ապահովման հիմքերից: Սա, սակայն, առանձին անդրադարձի առիթ է:
«Հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով առաջին և երկրորդ տարակարգի ստացման հնարավորություն են ընձեռում այն պարագայում, երբ 80-89 տոկոս արդյունք է, կամ 90-100 տոկոս։
Նախորդ տարի 285 ուսուցիչ ստացել է տարակարգ, 2,8 անգամ լավարկել նախորդ տարվա ցուցանիշը և լրացնելով իր վարձատրությունը ևս 10-50 տոկոս հավելավճարով։ Ներկայում տարակարգ ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»,- ասաց նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով, հստակացվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին և այս պարագայում ֆիքսվել է, որ նախարարության կողմից երաշխավորված լինելը պարտադիր է։
Ատեստավորում
Նախարարը տեղեկացրեց, որ 4 տարիներին կամավոր ատեստավորված ուսուցիչները 6100-ից ավելին են, կամ՝ ուսուցիչների 20 տոկոսը։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023-2024 թվականներին բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակել աշխատանքը։
Հավելավճար
«Մյուս ծրագիրը ԲՏՃՄ ուսուցիչների համար 25 տոկոս հավելավճարի ծրագիրն է, որի շահառու է 8200 ուսուցիչ։ Բացի այդ, ունենք գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչնեիր համար մինչև 50 տոկոս հավելավճարի հնարավորությամբ, որի շահառու են 3100 ավել ուսուցիչներ։ Միայն այս ծրագրերի համար 2024 թ․-ին ուղղվել էր 8,9 մլրդ դրամ և բացի դրանից ավելացրել ենք հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը, 2023թ․-ի համեմատ ավել էր 6,5 տոկոսով»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը։
Ժաննա Անդերասյանը նաև հիշեցրեց, որ վերանայվել է դասավանդման ժամաքանակը և 22 դասավանդվող ժամի փոխարեն դարձել է 18՝ տարրական դասարաններում և 20՝ հիմնական ու ավագ դասարաններում: Այս կարգը գործում է նոր չափորոշիչի ներդրմանը զուգընթաց և սա, նախարարի խոսքով, հանգեցրել է 1 ժամի վարձատրության ավելացմանը, համապատասխանաբար 20 և 10 տոկոսով։
2023-2024 ուսումնական տարում, ըստ նախարարի, դպրոցներ մտել են շուրջ 3300 նոր ուսուցիչներ: Նախարարի ընդգծմամբ, նրանց 56 տոկոսը գյուղական դպրոցներում են և հիմնականում երիտասարդ ուսուցիչներ են։
Տնտեսագետ
Նոր մեկնաբանություն