
Լուսանկարը՝ thestar.com–ի
Սինգապուրի տասը միջնակարգ դպրոցներում 2026 թվականից տեղադրվում են հատուկ պահարաններ՝ աշակերտների բջջային հեռախոսները դասերի ժամանակ պահելու համար։ Նոր համակարգը ներդրվում է Կրթության նախարարության՝ անցած նոյեմբերին հրապարակած ուղեցույցների ուժով․ խիստ արգելված է սմարթֆոնների օգտագործումը՝ դպրոցում։ Մոտ 6 000 սինգապուրյան դոլարով գնվել է 40 պահարան՝ առցանց հարթակներից։
Նախաձեռնությունը դիտարկվում է որպես քայլ՝ աշակերտների թվային ինքնակարգապահության և առողջ սոցիալական միջավայրում ինտեգրվելու զարգացման նկատառումներով։
Եթե նախկինում հեռախոսների օգտագործումը սահմանափակվում էր միայն դասաժամերին, իսկ որոշ դպրոցներում թույլատրվում էր դրանց օգտագործումը ընդմիջումների ժամանակ, ապա 2026 թվականի հունվարից ուժի մեջ մտած նոր կանոններով միջնակարգ դպրոցի աշակերտներին արգելվում է հեռախոս օգտագործել ոչ միայն դասերի, այլև ընդմիջումների, դասերի միջև ժամանակահատվածների և արտադասարանային գործունեության ընթացքում։
Դպրոցներում տեղադրվող նոր պահարանները նախատեսված են բացառապես բջջային հեռախոսների համար և վերահսկում են ուսուցիչները։ Յուրաքանչյուր պահարան ունի 48 խցիկ և տեղադրվում է դասասենյակում՝ ուսուցչի սեղանի կողքին։ Աշակերտները դպրոց մտնելիս անջատում են հեռախոսները և դնում պահարանների մեջ։ Դրանք ամբողջ օրվա ընթացքում փակված են մնում թվային կողպեքով։
Ծնողները ողջունում են խստացված կանոնները՝ նշելով, որ ընդմիջումները պետք է լինեն շփման և հանգստի ժամանակ, ոչ թե էկրանների։ Դպրոցները նաև ապահովել են ծնողների և երեխաների կապը արտակարգ իրավիճակների դեպքում՝ առաջարկելով ընդհանուր հեռախոսահամար։
Վուդլենդս քաղաքի Սբ․ Գաբրիելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էլեոնոր Չիան նշել է, որ կորոնավիրուսի վարակից հետո աշակերտները չափազանց կախված էին հեռախոսներից․ ընդմիջումների ժամանակ միասին նստում էին, բայց զբաղված էին խաղերով կամ սոցիալական ցանցերով։ Ուսուցիչների համար նույնպես դժվար է եղել դասերի ժամանակ սարքերի օգտագործման վերահսկողությունը։
Չնայած սկզբնական դժգոհությանը՝ ուսուցիչները այժմ նկատում են դասերին կենտրոնացվածության աճ, սոցիալական շփման բարելավում և կարգապահական խախտումների նվազում։ Ըստ տնօրենի՝ աշակերտներն այժմ ավելի հաճախ են շփվում, խաղում և ակտիվ ժամանակ անցկացնում դպրոցական միջավայրում։
























































