Լուսանկարը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
Հայաստանում Ուսուցչի օրը նշվում է հոտկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած Ուսուցիչների միջազգային օրը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այս օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։
Չափահասության շեմը չհաղթահարած ցանկացած երեխայի կամ պատանու համար ուսուցիչը նախ և առաջ մարդկային հատկանիշներով է բնութագրվում․ բոլորս ենք երախտագիտությամբ հիշում ժպտերես, հոգատար, նրբանկատ ուսուցիչներին ու, անկասկած, համակրանքի դրսևորում չունենք նրանց նկատմամբ, որոնք պատեհ կամ անպատեհ առիթներով վիրավորել կամ պարզապես անուշադրության են մատնել մեզ։
Ինչպես պարզ մարդկային հարաբերություններում, հարգանքի երաշխիքը երբեք պարտադրանքը, հարկադրված լինելը կամ սովորույթը չէ և չի կարող լինել։ Ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, հատկապես ներկայում, երբ այդ գործառույթը լավագույնս կատարում է արհեստական բանականությունը։ Ուսուցիչը մարդու ինքնագիտակցության զարգացման ճանապարհին ինքնագնահատականը ձևավորող ամենակարևոր անձն է, որովհետև գիտելիքի փոխանցումն ուղեկցվում է մարդկային փոխհարաբերությունների բազմաշերտ դրսևորումներով։
Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններում կարևորը վստահությունն է։ Կա որակյալ կրթություն, եթե այն փոխադարձ վստահության վրա է հիմնված, մինչդեռ հակառակը, երբ այդ հարաբերությունը սահմանափակվում է պահանջի, իրավական ձևակերպումների, ստուգում-գնահատում-վերահսկողություն համակարգով, երբ այդ հարաբերությունը պետք է հսկի պետությունը (ցավոք, ոչ առանց հիմքի), դժվար է խոսել որակյալ կրթության մասին։
Այսօր կրթության ոլորտում ամեն ինչ չափելիության մակարդակում տեղավորելու այս տխուր միտումը վկայում է, որ վստահությունն այլևս հին և անպիտան մի բան է, քանի որ այն չափելի չէ։
Մեր օրերում համատարած չափելիության ձգտող հայաստանյան կրթահամակարգում թերևս ուսուցիչը վերածվում է կատարող և չափող գործիքի, մինչդեռ ընդամենը 3 տասնամյակ առաջ ուսուցչի առաքելությունը տոնի արժանի համարողները դժվար թե նկատի ունենային ուսուցանող մեկին, որի աշխատանքը շուրջօրյա վերահսկողության և չափելի գործիքակազմի կարիքն ունի, և ուսուցչի նշանակած միավորը վիճարկելի է, քանի որ չկա վստահություն, և կան անվերջ նկրտումներ․․․, ինչևէ, տխուր է, բայց, այնուամենայնիվ, շնորհավոր տոնդ, ուսուցիչ․․․
Ուսուցիչ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Նոր մեկնաբանություն