Տեսանյութը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
Սյունիքում Տիգրան Համասյանի ինքնատիպ համերգին մասնակցած ծնողները լուսադեմին երեխաներին արթնացնելով ու մի քանի կիլոմետր սարն ի վեր բարձրանալուն զուգահեռ մտածում էին, որ մաքուր հայկական, մշակված, ինքնությունից ծնված երաժշտությունը կմնա երեխաների տպավորությունների ու հիշողությունների մեջ։ Անկախ հանգամանքից, թե որքան ու ինչպես, որ պահին, ինչ բառերով կկարողանան ու կուզեն պատմել իրենց լսածի ու տեսածի մասին։
Սյունիքի բնությանը, առհասարակ բնությանը ծանոթ մարդիկ հրաշալի հասկանում են, թե ինչ է նշանակում երեխային մասնակից դարձնել մի հազվագյուտ արվեստի հրավառության, որը տեղի է ունենում Խուստուփի լանջին։ Բնություն ճանաչող մարդը չունի բացատրության կարիք, թե ինչ կապ ունի մարդը բնության հետ, մշակույթը՝ բնությունով տարվող մարդու հետ, ինչու ամբողջ աշխարհի մեգապոլիսների ճոխ բեմերում հսկայական համբավի արժանացած արվեստագետը համաձայնեց ընկերոջ առաջարկին ու համերգով հանդես եկավ հենց Խուստուփի լանջին։
3 տարեկան Լանայի մայրը՝ Արփինե Մկրտչյանը, ստիպված է եղել գրկել երեխային՝ սար բարձրանալու ամբողջ ընթացքում։ Միայն թե երեխան լսի Տիգրան Համասյանին։ Որ ճանաչի իր արմատները։ Որ հետո գնա դեպի իր ինքնությունը։
Արփինեն վստահ է, որ ծնողներն ի զորու են երեխաների մեջ սերմանել հայկական մաքուր երաժշտության վերաբերյալ սեր ու տպավորություններ։ Այդ դեպքում, ըստ Լանայի մայրիկի, հնարավոր է ունենալ սերունդ, որը կփնտրի ու կգտնի իր ինքնությունը, էությունը, բնույթը, մշակույթը։
Այսօրվա իրականությունը ոմանց մոտ ստեղծում է թյուր պատկերացումներ, թե հայկական ինքնության պահպանման համար բավարար է անհոդաբաշխ շարադրանքով ու հայհոյանքներով, մի քանի «թունդ» բառակույտով սոցիալական ցանցում արտահայտվելը։
Տիգրան Համասյանն իր ընկերների ու համախոհների հետ միասին առանց ավելորդ բառերի ընդամենը մի համերգային ծրագրով հրաշալի ցույց տվեց, թե ինչ է պետք անել։ Եթե անգամ ամենաանհեթեթ փորձերն արվեն այլ մեկնաբանություններ մոգոնելու ուղղությամբ։
Ու եթե դու մի բան անում ես հանուն մաքուր, բարձր նպատակի, գտնվում են մարդիկ, որոնք շարունակում են քո գործը։
Անուշ Մարտիրոսյան
Նոր մեկնաբանություն