
Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Այսօր ակտուալությունը կորցնում է ցանկացած միտք, գաղափար, և սոցիալական չլուծված խնդիրները դառնում են «նախշեր», «ուլունքներ»: Այս հայացքով «Սահմաններ» ցուցահանդեսին ներկայացավ 20 տարի արվեստ դասավանդող նկարիչ Կարինե Մացակյանը:
Անձնականը՝ ընդհանուրի մեջ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի հեղինակային կրթական ծրագրով ամենամյա, ամառային «Արվեստի փառատոնի» շրջանակներում ՀՀ նկարիչների միությունում վերջերս ամփոփված ցուցահանդեսին ներկայացված էր Կարինե Մացակյանի՝ 7 կտորից կազմված կոլաժը: «Անձնականը՝ ընդհանուրի մեջ» կոլաժի յուրաքանչյուր առարկա իրականության մի բեկոր է, որը կտրված է «սլայդի» պես մեր հավաքական փորձից՝ հանգիստի սուրճի բաժակից մինչև բողոքող ամբոխ:
Նյութերն ընդգծում են ժամանակակից գոյության անցողիկությունն ու թափանցիկությունը, որտեղ տեսարանները արագ փոխվում են՝ մնալով միայն հիշողության մեջ, նորությունների հոսքերում կամ տեսախցիկների մեջ:
Նպատակը ոչ միայն ցույց տալն է, այլև դիտողին ստիպելն է զգալ, թե ինչպես են այս ամենօրյա, անտեսանելի պատկերները անխուսափելիորեն թափանցում մեր մեջ:
Սոցիալական տիրույթի հետ կապված հարցերը հատուկ կարևորություն են ստանում, երբ դրանք դիտարկում է ուսուցանող արվեստագետը:
Կարինե Մացակյանը «Սահմաններ» ցուցահանդեսի նախապատրաստության ժամանակահատվածում վերլուծել է «սոցիալական նախշերը»: «Ես նման թափանցիկ գործեր արել եմ՝ մարմին, բայց սոցիալական իմաստով. որ մեր մարմինը բիոլոգիական առումով եթե զրկված է սոցիալական և քաղաքական տեքստուրայից, ուրեմն հանձնված է ինքն իրեն»:
Արվեստագետ ուսուցիչը նկատում է, թե ինչպես է մարդը նմանվում օգտագործվող ապրանքի, երբ իր մարմինը՝ ինքն իրեն կորցնում է:

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
– Իսկ երեխաները այս աշխատանքի մասին հարցեր տալ՞իս էին:
– Ես իրենց հետ այդ թեմաներով շատ եմ գործեր անում: Ինձ հետաքրքիր է, թե երեխաները հանձնվա՞ծ են իրենք իրենց, թե՞ ոչ:
Ի՞նչ են ընտրում, ովքե՞ր են իրենց հերոսները՝ անիմացիաների՞ց, թե՞ ֆիլմերից: Ինքս սահման չեմ դնում, թե սա է ճիշտը, կամ նա: Առայժմ ես եմ ուզում հասկանալ, թե ո՞րն է իրենց բարձր չափանիշը, կա՞ այսօր այդ չափանիշը, թե՞ չկա:
– Իսկ ովքե՞ր են այսօրվա երեխաների հերոսները:
– Բնականաբար, սերիալների մեջ են փնտրում, որովհետև այնտեղ կա արագություն: Մենք ավելի կենտրոնացած, իմաստ փնտրող սերունդ ենք: Իսկ իրենց մոտ մնում է հաղթանակող հերոսը: Եվ ուզում եմ հասկանալ, օգնել, որ ինքը կարողանա ավելի արտահայտիչ դարձնել իր գաղափարները:
– Ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ են այսօրվա երեխաները:
– Այսօրվա երեխաները շատ ավելի հետաքրքիր են ու իրենց ժամանակին համապատասխանող, ավելի ուժեղ են, ավելի արագ են՝ լեզուներ, նոր բաներ արագ սովորող:
Ես, որպես արվեստագետ, նոր (բուհ) ավարտելուց հետո սկսել եմ աշխատել. այդ սերունդը (20 տարի առաջ) ուրիշ էր՝ դեռ չկային համակարգիչներ…
– Հիմա՞ են ավելի ստեղծագործ, թե՞ 20 տարի առաջ:
– Հիմա երեխաները ավելի համարձակ են, իսկ այն ժամանակ ես էի մղում, որ ստեղծագործ լինեն: Այսօրվա երեխաները չեն էլ հարցնում՝ ինչ եմ ուզում, ավելի ժամանակակից տենդենցի մեջ են, իրենց վրա մեծ տպավորություն է թողել, որ արվեստը լինի ներքևից՝ ինչը որ իրենց շրջապատում է:
20 տարի առաջ ես ուզում էի իրենց ազատագրել, համարձակություն ներշնչել, որ աչքի տեսած յուրաքանչյուր փոքր բանի, թեմայի (որպես օրինակ՝ կոճակին) ուշադրություն լինի, տեղում հնարում էինք ու սկսում էին հավեսով նկարել: Իրենք հասկանում էին, որ պետք է համարձակ նկարել ու զարմանում էին՝ սա արվե՞ստ է:
– Իսկ այսօ՞ր:
– Իսկ այսօր ժամանակակից արվեստը ներծծված է մուլտիկների մեջ: Եվ նրանց շատ բացատրելու կարիք չկա: Փոքրերը՝ 4-5 տարեկանները, դրա կարիքը չունեն, մի քիչ մեծերն ունեն: Երբ երեխաները նկարում են մուլտերից ստացած տպավորությունները, դրականն ու բացասականն են որոնում:
-Ինչպե՞ս եք աշխատում երեխաների հետ:
– Ես երեխաների հետ խաղում եմ, ինչ-որ բան եմ հորինում: Սիրում եմ խաղալ, իրենք էլ են խաղում:
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:























































