
Լուսանկարը՝ iravaban.net-ի
Էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորմանն ընդառաջ ուրվագծվում է երանելի իրավիճակ. վերջապես ուսուցիչները կարող են հավաստել, որ արվել է անհրաժեշտը անցյալ տարի պատուհասած տեխնիկական հարցերի փունջի լուծման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին հրապարակել է իրազեկող տեսաուղեցույց՝ նոյեմբերի 8-ից սկսվող էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման համար դիմածներին մանրամասն նախապատրաստելով։
Տեսանյութը՝ ԿԳՄՍՆ-ի
Տեսանյութում քայլ առ քայլ բացատրվում է, թե ինչպես է պետք գրանցվել, ծանոթանալ թեստի նմուշին, իսկ հետո ինչպես պետք է լրացնել, որտեղ է երևում առաջադրանքների (հարցերի ու ենթահարցերի) քանակը, (չ)պատասխանած լինել-չլինելու մասին տեղեկությունը:
Կանաչի հայտնությունը
Տեսահոլովակը հուշում է, որ պատասխանած հարցերը կանաչ գույնով են նշվելու, պատասխանելուց հետո պետք է սեղմել ավարտել կոճակը, որից հետո կերևա պատասխանած հարցերի քանակը՝ բալերով և տոկոսներով:
Ըստ տեսաուղեցույցի, ատեստավորման օրը՝ ժամը 19:00-ից հետո ուսուցիչները կտեսնեն՝ որ հարցերին են ճիշտ պատասխանել և որոնց՝ սխալ: Նոր մշակված էլեկտրոնային համակարգով, անգամ լրացրած թեստերի պատուհանը, ըստ պաշտոնական մարմնի հրապարակած տեսաուղերձի, կանաչ գույնով ցույց կտա լուծված առաջադրանքները, իսկ անպատասխան մնացածները՝ սպիտակ:
Թեստավորմանը հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում, ըստ իրազեկող տեսահոլովակի, ուսուցիչները կարող են բողոքարկել հենց նույն համակարգում՝ 24 ժամում:
Կա զգուշացում, որ էլ փոստով ուղարկված նամակները չեն դիտարկվելու:
Այսքանից հետո մնում է միայն շնորհակալություն հայտնել նախարարությանն ու միանալ ուսուցիչներին ուղղված հաջողությունների մաղթանքին և վստահ պնդել, որ ատեստավորմանը մասնակցելն այլևս փորձանք չէ: Բայց դեռ միայն տեխնիկական խնդիրների փունջը շտկելու մասին վկայող առաջին պայմանի առումով: Դեռ պետք է ուսուցիչները թեստավորման ժամանակ անձամբ տեսնեն, որ համակարգն, իրոք, անխափան աշխատում է:
Բովանդակային կողմը
Թեստերի բովանդակային կողմի ու որակի մասին հնարավոր կլինի խոսել միայն թեստավորումից հետո: Մինչ այդ, հետահայաց փորձենք հասկանալ, թե ինչպես եղավ, որ պետական մարմինն այսքան պարզ ու մատչելի, մարդկային ու հստակ լեզվով, ջանադրաբար բացատրեց, թե ինչպես պետք է ուսուցիչները մասնակցեն էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորմանը՝ տեխնիկապես:
Գնդակահարության պատից անդին
ՀՀ վարչապետի «Գնդակահարության պատ» ֆեյսբուքյան նախաձեռնությանն արձագանքած ուսուցչի բողոքի հետքերով mediaforedu.am-ը 16.12. 2024 թ.-ից սկսեց հարցումների շարան՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ապա նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ): Հարցերի նպատակն էր պարզելը, թե ինչո՞ւ ուսուցիչը չի տեսել՝ քանի առաջադրանք կա, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրա գրանցած բացասական արդյունքը շտկելու, համակարգը բարելավելու ուղղությամբ: Ամենշաբաթյա ռեժիմով հարցապնդումներից հետո, ի վերջո, ակնհայտ դարձավ ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի պատասխանների հակասությունը: Նախարարությունը հայտնում էր, որ պատասխանատուն ԿՏԱԿ-ն է, ԿՏԱԿ-ը գրում էր, թե կապ չունի:
Զուգահեռաբար շարունակելով էլեկտրոնային թեստավորման խնդիրների վերաբերյալ պաշտոնական անմեղության պնդումներին արձագանքող հրապարակումները՝ հատուկ ուշադրության կենտրոնում էր մնում բուն ատեստավորման պատկերը, որն առանց այդ էլ թերակատարված է որակվել պաշտոնական փաստաթղթերում: Այդ մասին հրապարակավ հայտարարել էր անգամ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով «Մեդիան հանուն կրթության» ՀԿ ներկայացուցիչների հարցերին. «Այո, կրթության ռազմավարության գործողությունների պլանում թիրախները, որոնք պլանավորված էին 2023 թվականի համար, մենք լիարժեք չենք իրականացրել և հաշվետվության մեջ դրանք նշել ենք որպես թերի կատարված»,- ասել էր փոխնախարարը։
Էլեկտրոնային եղանակով թեստավորման խնդիրների վերաբերյալ պաշտոնական մարմինների մերժողական դիրքորոշման առնչությամբ հրապարակումներից բացի, mediaforedu.am-ի իրավունքների խախտումների փաստերը ոչ միայն արձանագրվեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցում, այլև քննարկվեցին մասնագիտական տեսանկյունից:
ԿՏԱԿ-ի տնօրենը, ի վարջո, mediaforedu.am-ին բանավոր հավաստիացրեց, որ խնդիրներն ընդունում են, կլուծվեն: Բայց այս հարցում թերահավատ էր ՄՀԿ ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանը, որն այդ մասին խոսեց հրապարակավ և իր հոդվածներում ամբողջացնում էր իր ու բազմաթիվ այլ ուսուցիչների արձանագրած, սակայն տևական ժամանակ պաշտոնական մակարդակով համառորեն անտեսվող իրական պատկերը:
Ուստի, mediaforedu.am-ը ևս մեկ գրություն ուղարկեց ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանին՝ խնդրելով նաև գրավոր հավաստիացնել, որ խնդիրները կլուծվեն: Պատասխան գրության մեջ ձևակերպված էր. «Ձեր հարցին բանավոր կերպով պատասխանել եմ հետևյալը. համակարգը գործարկվել է առաջին անգամ և այո, մենք ստացել ենք առաջարկություններ ուսուցիչներից և հաջորդ փուլում իրականացնելու ենք համակարգի լավարկման աշխատանքներ, հաշվի են առնվելու ուսուցիչների առաջարկությունները, օրինակ՝ թեստի վերևում նշված է լինելու առաջադրանքների քանակը»: Խոր շունչ:
Խոստումը՝ խոստում: Հույով սպասելն այլընտրանք չուներ հատկապես ՀՀ-ում 38 հազար ուսուցիչների վիճակագրական տվյալի ֆոնին ու ոչ պակաս լիուլի խնդիրների պարագայում: Եվ ահա, 2024 թ. վերջից սկսած պատմության վերջնակետը՝ 2025 թ. նոյեմբերի 4-ը նշանավորվում է այդքան պարզ տեխնիկական խնդիրների լուծման նշույլով:
Հիմա՝ անխուսափելի հարցը: Արժե՞ր պետական մարմինների աշխատանքն ապահովել այնպես, որ կարիք լիներ գրել շուրջ մեկ տասնյակ նամակ, հարցում, գրություն ու հրապարակումների շարան, վերջապես նաև այս հոդվածը, երբ խոսքն ընդամենը պարզագույն տեխնիկական հարցի մասին էր:
Շքեղություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ երեկ հնչեցրած ելույթում հայտարարեց. «Հայաստանը պատրաստ է կիսել իր փորձը, սովորել մյուսներից և շարունակել համագործակցել՝ հանուն այն աշխարհի, որտեղ մշակույթը կլինի ոչ թե շքեղություն, այլ ժողովրդավարության կենսական պայման»։
Էեկտրոնային ատեստավորման խնդրի լուծման անհարկի բարդացման ֆոնին պետական կառավարման մշակույթի որակը ստիպում է հիշել:
Մեդիայի դերը
2023 թ. աշնանն էր: Հետխորհրդային երկրների լրագրողներս շվեդական մի քանի քաղաքներում հանրային կառավարման մարմինների ու լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ զարմանում էինք, թե մեդիայի առաջ քաշած հարցադրումներն ինչ արագությամբ ու լրջությամբ են արձագանքի արժանանում պաշտոնական շրջանակներում: Ինչ խոսք, հանուն արդարության, չպետք է անտեսենք նաև մեդիայի որակի հետ կապված հարցերը: Բայց և այնպես:
Մալմյոյի քաղաքապետարանում հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը Հայաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից ու Վրաստանից ժամանած լրագրողներին դժվարությամբ էր համոզում, որ, իրոք, առաջնահերթություն է. երբ լրագրողից հարց են ստանում, ամեն ինչ թողնում են մի կողմ ու ամեն գնով ջանում են պատասխանել և հրատապ լուծում են տալիս առաջ քաշած խնդիրներին: Սա կթվար ֆանտաստիկայի ժանրից, եթե մինչ այդ տեղի լրագրողներն էլ չվկայեին, որ, իրոք, իրենց առաջ քաշած խնդիրները լուծում ստանում են հնարավորինս անհապաղ:
1-3 ժամում
Երևանի մամուլի ակումբի խմբագիր Հերիքնազ Հարությունյանը կես կատակ-կես լուրջ հարցրեց՝ ինչքա՞ն ժամանակ է պետք պատասխանների համար: Մալմյոյի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը պատասխանեց՝ մեկ ժամ: Դե, Հայաստանում օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի, վերջին տարբերակով՝ լրացուցիչ 30-օրվա վերջին վայրկյանն անգամ բաղձալի պահ է լրագրողներիս համար: Ու Հերիքնազ Հարությունյանը չմոռացավ մեր տեղային խնդիրները՝ իսկ եթե շա ՜տ զբաղված ե՞ք: «Եթե շա ՜տ-շա ՜տ ենք զբաղված, պատասխանում ենք 3 ժամում»: Տեսնել էր պետք հետխորհրդային երկրների լրագրողների դեմքերը:
Դժվար է պատկերացնել, թե հարցերին մինչև 3 ժամում լուծում տվող պետությունների հանրային կառավարման մարմինների դեմքերն այլ երկրներին ինչպես կարող են հավաստիացնել, թե այն կետին են հասել, որ կուզեին կիսել իրենց փորձը՝ ավելի շատ սովորելու փոխարեն:
Հ.Գ. Հայաստանի Հանրապետությունում կրթությունը որպես պետության զարգացման առաջնահերթություն դիտարկող, ատեստավորումը որպես ուսուցչական համայնքի որակի բարձրացման ուղի համարող ուսուցիչներին՝ առաջարկ. թեստերի վերաբերյալ կոնկրետ խնդիրների մասին գրել mediaforeducation.ngo@gmail.com էլ. հասցեին. կշարունակենք դիմել պաշտոնական մարմիններին:





















































