
Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
ՀՀ Նկարիչների միությունում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնած «Սահմաններ» ցուցահանդեսի ուշագրավ աշխատանքներից էր շվեդ արվեստագետ Մալին Բենգսթոնի «Մանկական դեմք» ստեղծագործությունը։ Բեմին հայտնված մեծ տիկնիկը՝ մանկական դեմքով կնոջ կերպարով, առաջին հայացքից հիշեցնում էր խաղալիք, սակայն իրականում այն կնոջ իրավունքների անտեսման խորհրդանիշ էր։ Աշխատանքն ակնարկում էր կանանց իրավունքների՝ վաղ շրջանից սկսվող ոտնահարումների մասին:
Այս աշխատանքը ստեղծվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մալին Բենգսթոնը վստահ է, որ արվեստը դպրոցներում կամ արտադպրոցական միջավայրում երեխաների համար դառնում է ազատ տարածք․ այն ազատում է «ճիշտ» ու «սխալ» ձևակերպումներից և սովորեցնում է մտածել այլ կերպ։ «Երբ ստեղծում ես, նույնիսկ եթե փոքր բան է, զգում ես քո ուժը։ Հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան փոխել։ Արվեստը սովորեցնում է լինել ազատ և գտնել քո սեփական ճանապարհը», – ասում է նա։
Բենգսթոնը Շվեդիայում արվեստի մեջ դեռահասներին ներգրավելու փորձ ունի: Նա ներգրավված է պետական կրթական ծրագրերում, որտեղ պատանիները մասնակցում հանրային արվեստի նախագծերին: Պատմեց, որ երբեմն անգամ տեղական մարմինները արվեստով առանձնացող նախագծերը կազմակերպում են այնպես, որ մասնակից երեխաները վարձատրվեն խորհրդանշական չափով։ Ամառային ամիսներին, օրինակ, դպրոցականները կարող են մասնակցել քաղաքային արվեստի նախաձեռնություններին՝ ստեղծելով աշխատանքներ հանրային տարածքներում և այդպիսով իրենց հետքը թողնելով քաղաքում։ «Երբ ներդրում ես ունենում մի հանրային տարածքում, որտեղ դու ապրում ես, այն դառնում է քոնը։ Այդ ժամանակ ավելի քիչ ագրեսիվ ես դառնում, ավելի հոգատար ես դառնում։ Սա ոչ միայն ստեղծագործական փորձառություն է, այլև քաղաքացիական մասնակցության ձև», – ընդգծում է արվեստագետը։
«Մանկական դեմք» ստեղծագործությունը հիշեցնում էր այն սահմանները, որոնք պատմությունը գծել է կանանց համար։ Սակայն հենց կրթահամալիրում ծնված այս գործը, ըստ արվեստագետի, ազատագրման կոչ է՝ հիշեցմամբ, որ եթե շահագործման հիմքում ընկած է գիտակցության սահմանափակումը, ապա կրթության և արվեստի հիմքում է ազատագրումը։
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:





















































