Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և շվեդ արվեստագետների կապող օղակը՝ Շվեդիայից Հայաստան ժամանած նկարիչ, Ստոկհոլմի դպրոցներից մեկում արվեստ դասավանդող Նարեկ Աղաջանյանը «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին իր ներկայացրած ստեղծագործությամբ արտահայտել է երկրի և մոր՝ սովորական թվացող ընկալումների աննկատ սահմանները:
Հուլիսին նկարիչների միությունում ցուցադրված Նարեկ Աղաջանյանի «Մայր հող» ստեղծագործությունը խորհրդանշում է մարդու ծնունդը ֆիզիկական և հոգևոր առումներով: Երկրագնդի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պայմաններում արվեստագետի ուղերձն է՝ հայրենի հողին, երկիր մոլորակին վերաբերել այնպես, ինչպես հարազատ մորը:
«Մայր հողի» գույները հիշեցրին մայրամուտի Նորավանքի միջավայրը:
Նարեկ Աղաջանյանի նկարը ստեղծվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Արվեստագետի հետ մեր զրույցը երեխաների շուրջ էր: Այն երեխաների, որոնց հետ նա աշխատել է կրթահամալիրում, երբ եվրոպացի արվեստագետների հետ պատրաստվում էր «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին:
Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
– Ինչո՞ւ է կարևոր երեխաներին անընդհատ արվեստային աշխատանքների մեջ ներգրավելը և նրանց աչքի առջև ստեղծագործելը։
– Իմ կարծիքով, երեխաներն արդեն ներգրավված են արվեստի մեջ. առաջինը՝ իրենց խաղերով, խաղերի միջոցով, խաղերի ստեղծագործական պրոցեսով: Խաղը իրենց համար միշտ ստեղծագործելն է, միշտ բացահայտելն է, իրենց աշխարհի մեջ ապրելն է։ Երեխաները մեծ սիրով, առանց ընդվզումների ուզում են իրենց աշխարհը պատկերել, պատկերներ ստանալ, իրենց լեզվով, պատկերի լեզվով: Դա նպաստում է երեխայի և՛ ստեղծագործական զարգացմաը, և՛ մտավոր զարգացմանը։

– Դուք աշխատում եք նաև հասուն տարիքի մարդկանց հետ: Ի՞նչ փոփոխություն եք նկատում ստեղծագործող մեծերի մոտ. որ երեխաների մոտ դեռ կա, բայց մեծերի մոտ կորում է, ի՞նչն է դա։
– Հեծանիվ չեմ բացահայտի, որ ասեմ՝ փոքրերը ավելի անկաշկանդ են, ավելի անմիջական են ու, ի տարբերություն մեծերի, չեն մտածում իրենց արարքի հետևանքը՝ ինչպես կընդունի սոցիումը, շրջապատը: Իսկ ավելի կայացած արվեստագետները (ոչ բոլորը, իմ կարծիքով` մեծամասնությունը) միշտ իրենց մտքի ծայրում ունեն հարցը՝ ինչպե՞ս կընդունվի այս աշխատանքը, այս քննադատի դուրը կգա՞ կամ այն քննադատի, հանդիսատեսի։ Սա խանգարող հանգամանք է, այս մտածելակերպը սահմանափակում է ստեղծագործական ազատությունը: Այսինքն՝ դու մտածում ես ուրիշների մասին, ինչքան էլ փորձես ազատագրվել այդ մտքերից:
Ի տարբերություն երեխաների, մենք դպրոց ենք անցել, համալսարաններ, գրքեր ենք կարդացել: Այդ ամբողջ ռեսուրսը մեր մեջ կա, մեր «ուսապարկը» ոնց էլ որ լինի, կարող է խանգարել ազատ ստեղծագործելուն։
– Իսկ լավ կրթությունը կարո՞ղ է դրանից զերծ պահել։ Եվ ի՞նչն եք համարում լավ կրթություն:
– Այո։
Այդ լավ կրթությունը տարբեր սոցիումներում, տարբեր աշխարհագրական կետերում տարբեր ձև է ընկալվում: Օրինակ` մի բան սկանդինավյան երկրներում կարող է համարվել լավ կրթություն, իսկ այստեղ չհամարվի: Բայց իմ կարծիքով՝ կրթությունը (եթե նայենք ընդհանուր) օբյեկտիվորեն նպաստում է, իհարկե։

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
– Հայաստանում ի՞նչ է պետք փոխել, որ Ձեր պատկերացրած մտածողությունն ունեցող մարդիկ լինեն 20 տարի հետո, 10 տարի հետո։
– Ես 15 տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Դրսից եմ նայում. տարածություն եմ վերցրել, դրսի փորձով եմ նայում։ Չեմ ցանկանա ինձ վերապահել ինչ-որ խորհուրդներ տալու (իրավունք)… Մի բան կասեմ՝ բաց լինեն:
Շփումը դրսի հետ կարևոր է: Պետք է շատ ճամփորդեն, տեսնեն: Եվ քանի գնում է՝ այդ հնարավորությունները շատանում են՝ մեր դիսկուրսը դրսի դիսկուրսի հետ: Դրսի ասածն էլ է կոնկրետ, այն աշխարհի, որտեղ ամենալավ համալսարաններն են, ամենալավ ցուցասրահները, ամենալավ թանգարանները: Ցանկացած մարդ, որ այդ մթնոլորտում է, ձգտում է գնա այնտեղ՝ սովորելու, այնտեղ ցուցադրվելու: Այդ շփումը շատ կարևոր է: Դրսի մասնագետների, արվեստագետների համար էլ շատ կարևոր է՝ գան այստեղ: Փոխադարձ շփումը շատ կարևոր է և՛ մեզ համար, և՛ իրենց համար: Ես չեմ ասում, որ մենք շատ բան ունենք սովորելու:
Բայց նաև չեմ ասում, որ իրենք չունեն սովորելու բան. իրենք էլ մեզնից ունեն սովորելուշատ բան։
– Օրինակ, մեզանից ի՞նչ ունեն սովորելու։
– Այն մարդիկ, որ եկել են ինձ հետ (Շվեդիայից և Ֆրանիսայից), տեսնում են մեր մշակույթը, հին մշակույթը, վանական համալիրները, մեր ճարտարապետությունը, ուղղակի ապշած են։ Իրենց համար կարևոր են մարդկային շփումները, հենց այդ մարդկային շփումների մշակույթը: Մշակութային շոկեր են ապրում: Բայց ընդհանուր առմամբ, շատ են սիրում անմիջականությունը, մեր սպոնտան լինելը: Օրինակ՝ իրենց մոտ ինչ-որ մի որոշում կայացնելու համար կարող է՝ հավաքվեն մի քանի անգամ, հանդիպում ունենան ու վերջում էլ այդ որոշումը ձգձգվի կամ իրար չհասկանան: Իրենց շատ հետաքրքիր է մեր սպոնտանությունը, մեր պրակտիկ կարողությունները։
– Մեր ժողովրդի դժվարություններն ամեն դեպքում ազդել են այդ գծերի ձևավորման վրա:
– Այո, մենք լուծում գտնող ենք, մենք ավելի ստեղծագործ ենք կենցաղային միջավայրում։
– Նույնը կարող ենք ասել երեխաների՞ մասին։
– Ես այստեղի երեխաների հետ շատ չեմ շփվում, բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իմ ընկերները երբ աշխատում էին իրենց հետ, ես կողքից նայում էի և հիանում էի՝ ինչ երեխաներ և երիտասարդներ ունենք, ինչպես են միանգամից ինտեգրվում առանց ինչ-որ բարդույթների ու ընկալում ամեն ինչ, ու շատ-շատ ուրախացնող էր։
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:

























































