2024-ին հատուկ ուշադրության է արժանանալու ժողովրդավարական մշակույթի և քաղաքացիական կարողունակության ձևավորման նկատմամբ վերահսկողությունը։ Զգուշացրել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
ժողովրդավարական մշակույթի և քաղաքացիական հմտությունները ներառված են պետական չափորոշչի 8 կարողունակություններում, – բացատրել է Վաղարշակ Մատիկյանը և վկայակոչել «Հանրակրթության մասին» օրենքը, որը սահմանում է հանրակրթության սկզբունքները՝ ժողովրդավարական կառավարումը։ Սկզբունքը վերաբերում է ուսումնական հաստատություներին։ «Ուստի տեսչական մարմինը նպատակ ունի հասկանալ, թե այս սկզբունքները որքանով են պահպանվում»,- ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարը։
«Դպրոցներում հաճախ հանդիպող խախտումները վերաբերում են խորհրդակցական մարմիններին․ մանկավարժական խորհուրդներ, աշակերտական խորհուրդներ, մեթոդական միավորումներ, ծնողական խորհուրդ։ Այս՝ ներկայացուցչական միավորումներում խախտումները շատ են․ օրինակ՝ օրակարգը, ժամկետները չեն պահպանվել, շատ կարևոր է, որ բնույթը պահպանվի։ Մենք նախատեսում ենք ստուգաթերթին որպես հավելված ունենալ լրացուցիչ գնահատման գործիք, որի կիրառմամբ տեսուչը կնշի՝ տվյալ գործառույթը իրականացվե՞լ է ուսումնական հաստատությունում, թե՞ ոչ»,- տեղեկացրել է Վաղարշակ Մատիկյանը։
Սակայն շատ հաճախ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ուսուցիչներից ստանում է բողոքներ, որ դպրոցում կան աղաղակող խնդիրներ, բայց տնօրեններն ամեն ինչ անում են այնպես, որ ապացույց լինի, թե «ամեն ինչ թղթով ճիշտ է»։
Տեսչական մարմնի ղեկավարի զգուշացումից կարելի է ենթադրել, որ ստուգումների ժամանակ տեսուչներն այս հանգամանքը նույնպես հաշվի են առնելու 2024-ին։
«Ռուբրիկում նշված են այն մակարդակները, որոնք տվյալ աշխատանքը կատարելու պարագայում պետք է տեսանելի լինեն ուսումնական հաստատությունում՝ անբավարարից մինչև գերազանց։ Տեսուչի խնդիրն է պարզել, թե տվյալ հաստատությունը որ տիրույթում է։ Այս գործընթացը շատ կարևոր է նաև կանխարգելման առումով»,- ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարը։
Նոր մեկնաբանություն