Լուսանկարները՝ Լիլիթ Ավագյանի
Թանգարանները ոչ միայն արվեստի և պատմության պահպանման վայրեր են, այլ նաև ոգեշնչող միջավայրեր, որտեղ ընձեռվում է սովորելու, զգալու և աշխարհի բազմազանությունը գնահատելու հնարավորություն:
Հիշում եմ իմ առաջին այցելությունը թանգարան (Հայաստանում), երբ դեռ դպրոցական էի: Այնտեղ կատարյալ լռություն ու զսպվածություն էր տիրում։ Անձնակազմը անդադար խնդրում էր հանգիստ մնալ, խոսել շշուկով, ոչնչի չդիպչել և լսել զբոսավարի՝ այդ տարիքի երեխայի համար ակնհայտ բարդ, որևէ հետաքրքրություն չներկայացնող տեքստը։
Մինչ օրս գրեթե ոչինչ չի փոխվել։ Հայաստանում թանգարաններ այցելելիս երեխաներին միշտ դիմավորում է նույն մթնոլորտը․ անխտիր ենթարկվել կանոններին՝ ոչնչի չդիպչել, չխոսել բարձրաձայն և սևեռվել ապակեպատ ցուցանմուշների վրա։ Երեխաները ավելի շատ կենտրոնանում են զգուշանալու վրա, քան որևէ բան սովորելու։
Ամբողջությամբ հասկանալի է պատմության պահպանման կարևորությունը։ Իհարկե, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ կետերում կան բազմաթիվ թանգարաններ, որտեղ նման մոտեցումը անհրաժեշտ է: Բայց դա բնավ չի կարող վերաբերել բոլոր թանգարաններին, քանի որ այդ մոտեցումը թանգարանը դարձնում է ավելի շատ կաշկանդող, քան ոգեշնչող:
Փորձառություն սկանդինավյան թանգարաններում
Սկանդինավյան թանգարաններ այցելություններն ապահովում են նոր և շոկային փորձառություն։ Այստեղ երեխաներին խրախուսում են շփվել, դիպչել, փորձել և նույնիսկ խաղալ ցուցանմուշների հետ։ Այս մոտեցման շնորհիվ թանգարաններում պատմությունը կենդանանում է՝ դառնալով հասանելի և շոշափելի։ Օրինակ՝ Միջնադարի պատմության թանգարանը այցելուներին հնարավորություն է տալիս «տեղափոխվելու» միջնադար՝ զգալով ժամանակաշրջանի առօրյան։
Սա ոչ միայն պատմությունը սովորելու, այլև էմպատիայի ու հետաքրքրասիրության զարգացման հնարավորություն է։ Այս մթնոլորտում երեխաները, դուրս գալով կողմնակի դիտորդի կարգավիճակից, կարողանում են բացահայտել աշխարհը՝ փորձառությամբ։ Իսկ դրա հաջողված լինելու ամենաուժեղ ապացույցը երեխաների ցանկությունն է՝ մինչև փակվելու վերջին վայրկյանը մնալ թանգարանում։
Կրթությունն ու զվարճանքը՝ ձեռք ձեռքի
Թանգարանները միանշանակ կարևոր դեր ունեն նաև կրթության մեջ։ Դրանք ոչ միայն ոգեշնչող են, այլև կարող են դրական ազդեցություն ունենալ երեխաների առաջադիմության վրա։ Նման միջավայրը կարող է ներշնչել երեխաներին, զարգացնել նրանց հետաքրքրասիրությունն ու ստեղծագործելու կարողությունը, հիշողությունն ու քննադատական մտածողությունը՝ ապահովելով, որ ուսուցումն իրականում հետաքրքիր լինի:
Սա ոչ միայն զվարճալի է, այլև կրթող՝ խրախուսելով ընթերցանության և ստեղծագործության հանդեպ սերը։
Մեկ այլ հետաքրքիր օրինակ է «Վասա» թանգարանը, որտեղ ցուցադրվում է 17-րդ դարի Վասա ռազմանավը։ Այստեղ այցելուները կարող են տեսնել նավը և մասնակցել ցուցադրություններին, որոնք բացահայտում են նավի կառուցման, խորտակման և վերականգնման պատմությունը։ Երեխաները կարող են սովորել նավի կառավարման մոդելները, ուսումնասիրել նավաստիների կյանքը և մասնակցել «նավի վերականգնման» խաղերին։
Իսկ «Թոմ Թիթս» գիտափորձերի թանգարանը ավելի քան 400 ինտերակտիվ ցուցադրություններով է ներկայացնում ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և տեխնոլոգիայի թեմաները։ Երեխաները կարող են ստեղծել օճառի հսկայական պղպջակներ, փորձարկել մեխանիզմներ, ուսումնասիրել օպտիկական խաբկանքներ, սեփական մաշկի վրա զգալ, թե ինչ է մագնիսականությունը կամ ձգողականությունը և ինքնուրույն կատարել բազմաթիվ նմանատիպ հետաքրքրաշարժ գիտափորձեր։
Թանգարան՝ կրթության համար
Այսպիսով, թանգարանները կարող են և պետք է լինեն կրթության կարևոր բաղադրիչ։ Դրանք կարող են խթանել ուսումնառությունը, խրախուսել ինքնաարտահայտումը և զարգացնել երեխաների հետաքրքրասիրությունը՝ միաժամանակ պահպանելով մշակութային արժեքները:
Օրինակ՝ այն թանգարաններում, որտեղ հասկանալի պատճառներով հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել ինտերակտիվ միջավայր, կարելի է ստեղծել հատուկ «փորձառական գոտիներ»՝ երեխաների ուշադրությունը գրավելով կրկնօրինակներով կամ թվային ցուցադրություններով։
Նման փոփոխությունները, ինչպես նաև ակտիվ ուսուցման հատուկ միջոցառումները կարող են նոր շունչ բերել այս ոլորտին: Դպրոցներն էլ, իրենց հերթին, համագործակցելով թանգարանների հետ, կարող են դրանք օգտագործել որպես դպրոցի ծրագրերն ամբողջացնող ուսուցողական միջավայրեր։
Նոր մեկնաբանություն